Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-761-08.10.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի «այսուհետ՝ Օրենսգիրք» 23-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետ.

«7.1) Գործունեության կասեցում.»

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.

«Հոդված 31.1 Տնտեսական գործունեության կասեցումը

1. Տնտեսական գործունեության կասեցումը տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցումն է:

2. Տնտեսական գործունեության կասեցումը կարող է նշանակվել մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով:»

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1825 -րդ հոդվածով՝

«Հոդված 1825 Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելը

1. Ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

2. Ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

3. Սահմանված` սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

4. Պարետային ժամի սահմանման դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելը կամ սահմանված այլ կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

5. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

6. Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:

7. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված տույժերին ենթարկվելուց հետո՝ անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով?

8. Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակումը կամ արգելքը խախտելը, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների եւ պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

9. Պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքներին սահմանված կարգով ներգրավումից աշխատունակ անձի հրաժարվելը կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

10. Ռազմական դրության ժամանակ գործադուլներ եւ հավաքներ կազմակերպելը, անցկացնելը եւ դրանց մասնակցելը, կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:

11. Կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության եւ բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման (ներառյալ` դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման) առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

12. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությանը խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

13. Ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված այլ միջոցառումները եւ սահմանափակումները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

14. Սույն հոդվածով սահմանված արարքներից որեւէ մեկը (բացառությամբ սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված արարքների) վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նախկինում նույն արարքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

15. Կազմակերպության կողմից սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ 11-րդ  մասերով նախատեսված արարքներից որեւէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը՝

առաջացնում է տնտեսական գործունեության կասեցում՝ մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչեւ ռազմական դրության իրավական ռեժիմի ավարտը:»:

Հոդված 4. Օրենսգրքում կատարել հետեւյալ լրացումները՝

1.  Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում «եւ 10-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «182.5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ,  6-րդ, 7-րդ , 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ եւ 15-րդ մասերով» բառերը:

2.  Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում «եւ 11-րդ մասերով» բառերից հետո լրացնել «182.5-րդ հոդվածի 3-րդ (նախատեսված դեղորայքի ձեռքբերման եւ շրջանառության հետ կապված իրավախախտումների) եւ 15-րդ մասերով» բառերը:

3.  Օրենսգրքի 238.2-րդ հոդվածում «եւ 4-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «182.5-րդ հոդվածի 3-րդ (բացառությամբ դեղորայքի) եւ 15-րդ մասերով» բառերը:

4.  Օրենսգրքի 2447-րդ հոդվածում «158 հոդվածի երկրորդ, երրորդ, քսանմեկերորդ, քսաներեքերորդ եւ քսանչորսերորդ մասերով» բառերից հետո լրացնել «182.5-րդ հոդվածի 11-րդ եւ 15-րդ մասով» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 290-րդ հոդվածում « եւ 29» բառերից հետո լրացնել «, 31.1-ին» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն, սահմանվել են ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ մարմինները: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածը նախատեսում է ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրականացման ենթակա միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները: Նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական անձինք եւ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: ՀՀ օրենսդրության վերլուծությունից, սակայն, բխում է, որ ռազմական դրության իրավական ռեժիմի եւ ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումների եւ սահմանափակումների խախտման համար պատասխանատվության միջոցներ նախատեսված չեն եւ օրենսդիրը սահմանափակվել է միայն այս կամ այն հանցագործության՝  ռազմական դրության ժամանակ կատարված լինելը որպես ծանրացնող հանգամանք դիտարկելով:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Ռազմական դրության իրավական ռեժիմի հետեւողական պահպանման կարեւորագույն երաշխիքներից է ռազմական դրության բովանդակությունը կազմող միջոցառումների խախտմանը կամ սահմանափակումների չպահպանմանը համաչափ սանկցիաների նախատեսումը, որոնք կոչված են երաշխավորելու ռեժիմի արդյունավետ պահպանությունը:  Նախագծերի փաթեթով առաջարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի բովանդակությունը կազմող, օրենքով նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ: Միաժամանակ, առավել մեծ հանրային վտանգավորություն ունեցող արարքների դեպքում նախատեսվում են քրեական պատասխանատվության միջոցներ, եթե դրանք առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ: Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաեւ ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելու համար: Քրեական դատավարության օրենսգրքում կատարվող լրացմամբ առաջարկվում է սահմանել լրացվող հանցակազմերով քրեական գործերի քննչական ենթակայությունը: Միաժամանակ, հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում ընդունված վարչական ակտերի անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսվում է, որ դրանց՝ վարչական դատարան բողոքարկումը չի կասեցնում վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտի կատարումը:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կնախատեսվեն ռազմական դրության իրավական ռեժիմի եւ ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումների եւ սահմանափակումների խախտման իրավական հետեւանքների հետ կապված համապարփակ իրավական կարգավորումներ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ



 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 8-ի N 1656-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
 
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ