Armenian ARMSCII Armenian
Կ-7611-08.10.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 307.1-307.4-րդ հոդվածներով.

«Հոդված 307.1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը

1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հոդված 307.2. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի գործունեությունը խոչընդոտելը

1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի գործունեությունը խոչընդոտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը վեց տարի ժամկետով:

Հոդված 307.3. Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված տնտեսական գործունեության իրականացումը շարունակելը

1. Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված տնտեսական գործունեության իրականացումը շարունակելը`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 307.4. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը

1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, որն էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես: