Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7632-14.10.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

 «1. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` հինգ հարյուր հազար դրամի չափով:

2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` մեկ միլիոն դրամի չափով:

3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երեք եւ ավել անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` երկու միլիոն դրամի չափով.

4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի վճռով այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Տուգանքը գանձվում է` հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

5. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:

6. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակը սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբը սկսվում է) սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծերի փաթեթի հիմնական նպատակը բանկերի եւ կրեդիտավորող այլ ֆինանսական կազմակերպությունների մոտ սպառողների իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ ապահովելն է` կանխարգելիչ միջոցների խստացման հաշվին:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Այժմ գործող օրենքներով սպառողներին վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար սահմանված են ավելի ցածր տուգանքի չափեր` առաջին անգամ խախտման համար` 100 հազար, երկրորդ անգամ` երկու հարյուր հազար, իսկ երեք եւ ավելի խախտման համար` հինգ հարյուր հազար ՀՀ դրամ: Նշված տուգանքը գանձվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Խնդիրը կայանում է նրանում, որ սպառողների իրավունքների պաշտպանության համար «300 հազար դրամների գանձման» ինստիտուտը ենթարկվել է փոփոխության, ըստ որի  «միայն խախտման փաստի ուժով» 300 հազար սպառողը այլեւս չի կարողանալու ստանալ:

Այդ փոփոխությունը բերում է այլ ինստիտուտի` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման խստացումների անհրաժեշտության, ինչը կանխարգելիչ գործիք կլինի սպառողների իրավունքների պաշտպանության գործընթացում:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Առաջարկվում է սպառողների իրավունքների պաշտպանության համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառվող պատասխանատվության միջոցները խստացնել` ռիսկերը հավասարակշռելու նպատակով:

4. Կարգավորման առարկան.

Առաջարկվում է սպառողների իրավունքների պաշտպանության համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառվող պատասխանատվության միջոցները` վերանայել հետեւյալ չափերով`

«Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի կամ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» կամ «Սպառական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի կամ դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` հինգ հարյուր հազար դրամի չափով, երկու անգամ խախտման համար` մեկ միլիոն ՀՀ դրամի չափով, իսկ երեք եւ ավելի խախտման համար` երկու միլիոն ՀՀ դրամի չափով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ` սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1. օրենքների նախագծերը,

2. օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող` ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում ենք օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ`  ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ