Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-765-20.10.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 .   Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ եւ 24-րդ կետեր.
 
«23) բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձեւավորված ու Կառավարության լիազորած մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն անհուսալի ճանաչված՝ հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված ակտիվները (ներառյալ՝ մինչեւ անհուսալի ճանաչվելը եւ անհուսալի ճանաչվելուց հետո հաշվարկված տոկոսները, տույժերը եւ (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու դեպքում՝ անկախ սույն մասի 18-րդ կետի դրույթներից.

24) ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին, նրա՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկի գումարների, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի եւ (կամ) տուգանքների ներվող գումարները:»:

Հոդված 2.  Օրենսգրքի 124-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.
 
«4. Անկախ սույն հոդվածի 3-րդ մասի դրույթներից՝ ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի եւ վարկային կազմակերպությունների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են այդ բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձեւավորված ու Կառավարության լիազորած մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն դեռեւս անհուսալի չճանաչված ակտիվները (ներառյալ՝ տոկոսները, տույժերը եւ (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու եւ այդ մասով ակտիվների հնարավոր կորուստների պահուստին մինչեւ այդ մասհանումներ կատարած լինելու դեպքում՝ պահուստին ուղղված գումարների չափով համախառն եկամտում վերականգնելու դեպքում:»:

Հոդված 3.  Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 40-րդ կետ.

«40) ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձին, նրա ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձի եկամուտները՝ անկախ սույն մասի 19-րդ կետի դրույթներից:»:

Հոդված 4.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո սույն օրենքով սահմանված անձանց ներված՝ մինչեւ ռազմական դրության ավարտը ստացված վարկերի գումարների, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի եւ (կամ) տուգանքների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ներեն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Գործող օրենսդրությամբ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները ներելու դեպքում այդ ներված գումարները ներառվում են առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների համախառն եկամտի մեջ եւ հարկվում են շահութահարկով:

Մյուս կողմից, խնդիրը կայանում է նաեւ նրանում, որ ֆիզիկական անձանց ներված՝ վարկի գումարի գծով պարտավորությունները հարկվում են եկամտային հարկով, որի արդյունքում, որպես հարկային գործակալ, եկամտային հարկ հաշվարկելու, պահելու եւ պետական բյուջե վճարելու պարտավորություններ է ձեւավորում բանկերի եւ վարկային կազմակերպությունների մոտ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

1) շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձեւավորված եւ Կառավարության լիազորած մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն անհուսալի ճանաչված՝ նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված ակտիվները (ներառյալ՝ մինչեւ անհուսալի ճանաչվելը եւ անհուսալի ճանաչվելուց հետո հաշվարկված տոկոսները եւ (կամ) տույժերը եւ (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու դեպքում,

2) ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի եւ վարկային կազմակերպությունների շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են այդ բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձեւավորված ակտիվները (ներառյալ՝ տոկոսները եւ (կամ) տույժերը եւ (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու դեպքում,

3) եկամտային հարկով հարկման նպատակով նվազեցվող եկամուտ է համարվում ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի եւ (կամ) վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձանց եկամուտները:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց վարկերի գծով շահութահարկով եւ եկամտային հարկով հարկման հետ կապված հարաբերություններն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ներել ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի N 1706-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Հարգանքով՝    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ