Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-771-27.10.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 327-րդ հոդվածի 3-րդ մասում «չորսից ութ» բառերը փոխարինել «վեցից տասներկու» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 3271 -րդ հոդվածի 4-րդ մասում «երեքից ութ» բառերը փոխարինել «վեցից տասներկու» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 3272 -րդ հոդվածի 3-րդ մասում «վեցից տասներկու» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 3275 -րդ հոդվածի`

1) 1-ին մասում «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով.

2) 2-րդ մասում «մեկից երեք» բառերը փոխարինել «երկուսից վեց» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 3276 -րդ հոդվածի 5-րդ մասում «հինգից ութ» բառերը փոխարինել «հինգից տասը» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 328-րդ հոդվածում «առավելագույնը չորս» բառերը փոխարինել «մեկից հինգ» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասում «հինգից տասնհինգ» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասում «երեքից ութ» բառերը փոխարինել «վեցից տասներկու» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասում «վեցից տասներկու» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո`
անմիջապես:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1. 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: Սահմանադրությամբ ամրագրված այս պարտականության չկատարումը վնասում է զինված ուժերի նորմալ կոմպլեկտավորմանը, զինվորական ծառայության շահերին, ինչպես նաեւ պետության պաշտպանունակությանը:

Կարեւորելով նշված պարտականության պատշաճ կատարումը եւ չկատարման արդյունքում վրա հասնող բացասական հետեւանքների կանխումը` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար: Այս հանցագործության օբյեկտ են հանդիսանում ՀՀ զինված ուժերի կոմպլեկտավորման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները:

Սահմանադրական վերը նշված պարտականության լույսի ներքո ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված են նաեւ այլընտրանքային աշխատանքային ծառայողների կողմից կատարվող հանցագործությունները (3271 -3274 -րդ հոդվածներ):

Վերոգրյալից զատ, ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պատերազմի ժամանակ պարհակներ կատարելուց կամ հարկեր վճարելուց խուսափելու համար: Նշված հանցագործության օբյեկտ են հանդիսանում ՀՀ պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված հասարակական հարաբերությունները:

2. ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ բաժինը նվիրված է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններին` ընդգրկելով համանման անվանումով գլուխ:

Նշված բաժնում ընդգրկված հանցագործությունների սեռային եւ տեսակային օբյեկտները համընկնում են. դրանք այն հասարակական հարաբերություններ են, որոնք առաջանում են զինվորական ծառայության` որպես պետական ծառայության հատուկ տեսակի իրականացման ընթացքում:

ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածի իմաստով ՀՀ զինված ուժերի մարտունակությունը պայմանավորված է ոչ միայն գերժամանակակից զինատեսակների եւ տեխնիկայի առկայությամբ, այլեւ զինծառայողների մարտական պատրաստվածությամբ, որի համատեքստում ընդգծվում է զինվորական կարգապահության անշեղ պահպանումը: Հենց այդ գաղափարախոսության վրա էլ հիմնված է ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ բաժինը: ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացումն ու ռազմական հզորության ամրապնդումն այն անկյունաքարային ուղղություններն են, որոնց ապահովման նպատակով պետությունը քրեաիրավական արձագանք է ցուցաբերում զինվորական կարգապահության խախտումների նկատմամբ:

3. Հիմքում ունենալով նշված խումբ հանցագործությունների հանրային բարձր վտանգավորությունը` օրենսդիրը դրանց համար, որպես կանոն, ծանրացնող հանգամանք է սահմանել արարքը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարելը:

Քրեաիրավական պատասխանատվություն նախատեսելուն զուգահեռ, հարկ է հաշվի առնել, որ արդարադատությունն իրականացնելիս դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն է այն, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին եւ բնույթին:

Ըստ այդմ` հատկապես ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարվող հանցագործությունների համար սահմանված սանկցիաները պետք է առավել համապատասխանեցվեն համաչափության սկզբունքին:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը, ՀՀ քրեական օրենսգրքի նշված հանցագործությունների համար նախատեսված պատիժների համակարգային ուսումնասիրությունը, ինչպես նաեւ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում նշված հանցագործությունների կատարման հանրային ծայրահեղ բարձր վտանգավորությունը եւ դրանց կատարմամբ ՀՀ զինված ուժերի մարտունակությունն ու ռազմական հզորությունը վտանգի ենթարկելու սպառնալիքը` անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ, 3271 -րդ, 3275 -3276 -րդ, 328-րդ, 356-րդ, 361-րդ եւ 362-րդ հոդվածով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, նախատեսել առավել համաչափ պատիժներ:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ՀՀ զինված ուժերի մարտունակությունն ու ռազմական հզորությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել համաչափ պատիժներ` այդպիսով ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նաեւ քրեական օրենքի պրեւենտիվ գործառույթի ազդեցությունն էապես բարձրացնելու համար:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի  կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 27-ի N 1732-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ