Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-776-05.11.2020-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019 թվականի նոյեմբերի 22-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին, Մոսկվայում:

Համաձայնագրի 18-րդ հոդվածի համաձայն այն ուժի մեջ է մտնում անդամ պետությունների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստացման օրվանից 10 օրացուցային օր հետո:

12.02.2020թ. դրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Համաձայնագրի վավերացման մասին տեղեկատվություն չի ստացվել:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը թեեւ չի պարունակում նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, ինչպես նաեւ օրենքի փոփոխություն նախատեսող նորմեր:

Մասնավորապես, Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետը հակասում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասի դրույթներին, իսկ 11-րդ հոդվածը՝ "Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներին:

Բացի այդ, Համաձայնագրի 13-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները առաջացնում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ


ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ


ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոնայք

Ի պատասխան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով` ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

"Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում:

Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագիրը, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազատ շրջանառության ապահովման պայմաններ ստեղծելու նպատակով, սահմանվում է թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի գործառնությունների առանձնահատկությունները ԵԱՏՄ շրջանակներում եւ տարածվում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավական հարաբերությունների վրա, ինչպես նաեւ գրանցված անհատ ձեռնարկատերերի, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղներով եւ թանկարժեք քարերով գործունեություն:

Մասնավորապես, Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական եւ այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման:

Համաձայնագրի հավելվածով սահմանվում է ոսկերչական եւ այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները:

Հանքային հումքի կառավարումը թափանցիկ դարձնելու նպատակով Համաձայնագիրը նախատեսում է նաեւ նախքան զտումը թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործողությունների իրականացման կարգ, որով սահմանվում է հանքային հումքի սեփականատիրոջ կողմից յուրաքանչյուր խմբաքանակի համար տվյալների գրանցման, հանքային հումքի նկատմամբ սեփականության իրավունքի անցման, ինչպես նաեւ այն որպես գրավ օգտագործելու հետ կապված իրավահարաբերությունները:

Համաձայնագիրը սահմանում է թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական եւ այլ արտադրանքի արտադրության եւ շրջանառության/մշակման ոլորտում պետական հսկողության (վերահսկողություն) պահանջները, լիազոր մարմնի պատասխանատվությունը ոսկերչական եւ այլ արտադրանքների արտադրության, օգտագործման եւ շրջանառության/մշակման ոլորտում պետական քաղաքականության իրականացման համար, եւ (կամ) այլ մարմինների (կազմակերպությունների) առկայությունը, որոնք լիազորված են դրա իրականացման համար անդամ պետության օրենսդրության համապատասխան:

Համաձայնագիրը, ըստ էության, բարենպաստ պայմաններ է ստեղծում է գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցնում է ոսկերչական եւ այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, դրա հետ միասին` ստեղծում է բարենպաստ պայմաններ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական եւ այլ արտադրատեսակների շարժը վերահսկելու եւ ԵԱՏՄ շուկայում չհաշվառված ու ցածրորակ ոսկերչական ապրանքատեսակների մուտքը սահմանափակելու ուղղությամբ:

Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի հայ ոսկեգործներին իրացնելու սեփական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում առանց լրացուցիչ ծախսերի:

Արձանագրության նախագծի դրույթները չեն հակասում նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի պահանջներին:

Ելնելով վերոգրյալից` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված Համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության անունից:

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՑԱՆԿ

2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմինների


1. Էկոնոմիկայի նախարարություն

2. Արտաքին գործերի նախարարություն

3. Արդարադատության նախարարություն

4. Ֆինանսների նախարարություն

5. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

6. Պետական եկամուտների կոմիտե

7. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

8. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին


ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ կառավարության որոշումը

ՀՀ վարչապետի որոշումը

Եզրակացություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ