Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-778-05.11.2020-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան` 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումն ապահովելու նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշում

ՀՀ արտաքին գործերի նախարարության եզրակացություն

ՀՀ կառավարության որոշում

ՀՀ վարչապետի որոշում

Տեղեկանք


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացման կամ հաստատման նպատակահարմարության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2007թ. մարտի 30-ին:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը: Այն կընձեռի նոր հնարավորություններ եւ կստեղծի նոր հարթակ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների խախտումների վերաբերյալ բարձրաձայնելու եւ քննության առնելու նպատակով:

Վավերացնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը` Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը` ընդունելու եւ քննարկելու իր իրավասության ներքո գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից ներկայացվող հաղորդումները` «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների խախտումների վերաբերյալ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կկատարի ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում ստանձնած հանձնառությունը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի կողմից Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ CRPD/C/ARM/CO/1 եզրափակիչ դիտարկումներով տրված հանձնարարականը (6-րդ կետ, d ենթակետ):

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը:

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Զ. ԱԹՈՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կամընտիր արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Կամընտիր արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից` համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների հիմքով:


Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ` Կ. ԽՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունում` Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Արձանագրությունում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ, ծախսերի ավելացում, ինչպես նաեւ եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն:

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

Հարգելի գործընկերներ

Ի պատասխան Ձեր գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի` հայտնում ենք, որ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Սակայն միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության համար կարող է առաջանալ նաեւ գույքային պարտավորություն:


Հարգանքով` ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ