Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-629-16.06.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլուխ I.

Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառության իրավական հիմքերը եւ պետական կարգավորման սկզբունքները, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառության ոլորտում պետական կառավարման եւ այլ մարմինների լիազորությունները:

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

Սույն օրենքում ստորեւ նշված հասկացությունները օգտագործվում են հետեւյալ իմաստով.

1. Թանկարժեք մետաղներ - թանկարժեք մետաղներից պատրաստված իր չհանդիսացող ոսկի, արծաթ, պլատին եւ պլատինային խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում եւ օսմիում) ցանկացած տեսքով եւ վիճակում (բնակտոր, զտարկված, ձուլակտոր, հումք, համաձուլվածք, նախապատրաստվածքներ, կիսաֆաբրիկատ, քիմիական միացություն, մետաղադրամ, ջարդոն, թափոն եւ այլն)

2. թանկարժեք քարեր - բնական, անմշակ եւ մշակված՝ ալմաստ, զմրուխտ, սուտակ, շափյուղա, ալեքսանդրիտ եւ բնական մարգարիտ

3. թանկարժեք մետաղներից պատրաստված իր - թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք եւ գունավոր մետաղների համաձուլվածքներից նպատակային նշանակության եւ օգտագործման համար պատրաստված պատրաստի արտադրանք, որն իր վրա կարող է ունենալ նաեւ ոչ թանկարժեք մետաղներից այլ բաղադրատարրեր

4. թանկարժեք մետաղներից պատրաստված իրի արտադրություն - թանկարժեք մետաղներից պատրաստվող իրի արտադրական գործընթաց

5. թանկարժեք մետաղների զտարկում (աֆինաժ) - այլ խառնուրդներից եւ ուղեկցող տարրերից թանկարժեք մետաղների կորզման եւ մաքրման մետալուրգիական գործընթաց

6. զտարկված թանկարժեք մետաղներ - զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կամ միջազգային ստանդարտներին համապատասխան` թանկարժեք մետաղների ցանկացած չափի ձուլակտորներ, մանրագնդիկներ, փոշի, որոնք պետք է ունենան հիմնական թանկարժեք մետաղի 99,5 տոկոսից ոչ պակաս պարունակություն

7. թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հանրային օտարում - հրապարակային պայմանագրի կանոններին համապատասխան թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առք ու վաճառք

8. բանկային ոսկի – Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիայի անդամ հանդիսացող զտարկող (աֆինաժային) կազմակերպություններում արտադրված ձուլակտորներն են, որոնք ունեն անհատական սերտեֆիկատ եւ իրենց վրա դաջված է զտարկող կազմակերպության անվանանիշը, քաշը, հարգը եւ հերթական սերիական համարը: Ոսկու բանկային ձուլակտորի քաշը կազմում է 350-ից 450 տրոյական ունցիա (10886-13996 գրամ), 99.5 հարգից ոչ պակաս ոսկու պարունակությամբ եւ իրենց վրա լրացուցիչ դաջված է արտադրության տարեթիվը.

9. ստանդարտացված ձուլակտոր - ցանկացած չափի եւ սույն օրենքով նախատեսված հարգերին համապատասխանող թանկարժեք մետաղից պատրաստված ձուլակտոր, որը արտադրվել է զտարկող կազմակերպությունում

10. հարգ - չափանիշ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղների կշռային պարունակության չափը համաձուլվածքի մեկ հազար կշռային միավորի մեջ

11. հարգորոշում - նյութերի եւ իրերի մեջ տարբեր մեթոդներով թանկարժեք մետաղների պարունակության որոշում

12. հարգադրոշմ - դրոշմ, որը հավաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրի մեջ թանկարժեք մետաղի պարունակության չափը մեկ հազար կշռային միավորի մեջ (հարգ)

13. հարգադրոշմում - թանկարժեք մետաղներից պատրաստված իրի մետաղային մակերեւույթին համապատասխան հարգի դրոշմվածք առաջացնելու տեխնոլոգիական գործողություն

14. տարբերանիշ - դրոշմ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշողին եւ (կամ) հարգադրոշմողին:

15. անվանանիշ - նշան, որը հավաստում է թանկարժեք մետաղից պատրաստված իրի արտադրողին

16. տրոյական ունցիա - թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր, որը հավասար է 31,1034807 գրամի:

17. զտարկող կազմակերպություն - օրենքին համապատասխան թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ունեցող կազմակերպություն:

Հոդված 3. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառությունը եւ դրանց շրջանառության ժամանակ առաջացող հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը

Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառությունը եւ դրանց շրջանառության ժամանակ առաջացող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշման, հանրային օտարման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության հսկողությունը:

1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումը եւ գործունեության պահանջների եւ պայմանների պահպանման նկատմամբ հսկողությունը ինչպես նաեւ հանրային օտարման նկատմամբ հսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը (այսուհետ՝ Լիազոր մարմին) Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից բանկային ոսկով եւ ստանդարտացված ձուլակտորներով իրականացվող գործառույթների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հսկողությունը իրականացվում է հետեւյալ եղանակներով.

ա/ հսկողություն՝ օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշման լիցենզիա ունեցող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ

բ/ հսկողություն՝ թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորներ արտադրելու լիցենզիա ունեցող զտարկող կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ

գ/ հսկողություն օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հանրային օտարման իրականացնող սուբյեկտների կողմից սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշման, հանրային օտարման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեությունների ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

Գլուխ II

Հոդված 5. Թանկարժեք մետաղների զտարկում, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրություն

1. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեությամբ կարող են զբաղվել միայն օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկի եւ ստանդարտացված ձուլակտորներ արտադրելու լիցենզիա ունեցող զտարկող կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջների պահպանմամբ: Դրանցով սահմանվում են գործունեության իրականացման տեխնիկական անվտանգության եւ բնապահպանման պահանջները:

2. Զտարկող կազմակերպությունների կողմից արտադրվող բանկային ոսկին պետք է համապատասխանի սույն օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասին եւ/կամ միջազգային ստանդարտներին.

3. Զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները պետք է համապատասխանեն հետեւյալ ցուցանիշներին.

ա/ ձուլակտորների մակերեսին պետք է պարտադիր դրոշմված լինի արտադրող կազմակերպության անվանումը (անվանանիշը), ձուլակտորների քաշը՝ արտահայտված գրամներով կամ կիլոգրամներով կամ տրոյական ունցիայով, մետաղի լատինատառ խորհրդանշանը եւ հարգը

բ/ մեկ կիլոգրամ եւ ավելի քաշի ձուլակտորների մակերեսի վրա պետք է պարտադիր դրոշմված լինի նրա սերիական համարը

գ/ ձուլակտորները չպետք է ունենան ծակոտիներ, խոռոչներ:

4. Զտարկող կազմակերպությունների այն աշխատակիցները, որոնք զբաղվում են զտարկման գործընթացով (աֆինաժ) պետք է ունենան համապատասխան որակավորում:

Հոդված 6. Հարգորոշումը եւ հարգադրոշմումը, ինչպես նաեւ այդ գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջները

1. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը եւ հարգադրոշմումը եւ դրանց հետ կապված գործողությունները կատարելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով հարգորոշման եւ հարգադրոշման լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման հետ կապված գործողություններ են հանդիսանում նաեւ.

ա/ հակազդուկների պատրաստումը

բ/ ստուգիչ տարրալուծումները

գ/ քիմիական տարրալուծումները:

2. Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն սույն օրենքով թանկարժեք մետաղների համար սահմանված հարգերից ցածր հարգ, պետք է հարգադրոշմվեն տվյալ հարգին ամենամոտ ցածր հարգով:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն սույն օրենքով թանկարժեք մետաղների համար սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ, ենթակա չեն հարգադրոշման եւ չեն կարող իրացվել որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր:

4. Արգելվում է հարգադրոշմել ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված եւ թանկարժեք մետաղներով պատված իրերը:

5. Թանկարժեք մետաղների համաձուլվածքներից պատրաստված իրերը, որոնք պատված են այլ թանկարժեք մետաղներով, պետք է հարգադրոշմվեն իրի հիմնական մետաղի հարգով:

6. Արգելվում է անընթեռնելի հարգադրոշմ, տարբերանիշ եւ անվանանիշ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հանրային օտարումը:

7. Պարտադիր հարգադրոշման ենթակա չեն`

ա/ թանկարժեք մետաղներից պատրաստված պատմական կամ հնագիտական արժեք ներկայացնող իրերը, ինչպես նաեւ մետաղադրամները, շքանշաններն ու մեդալները

բ/ գիտական, բժշկական, արտադրական եւ այլ հատուկ նպատակների համար թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքները, սարքերը, լաբորատոր սպասքը

գ/ զենքի, կենցաղի, կրոնական ծիսակատարությունների համար հոգեւորականների կողմից կիրառվող եւ նման այլ առարկաների վրա թանկարժեք մետաղներով արված դրվագազարդերը

դ/ մինչեւ 1,5 գրամ կշիռ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, ընդ որում՝ արծաթից պատրաստված մինչեւ 3 գրամ կշիռ ունեցող իրերը

ե/ թանկարժեք մետաղներից պատրաստված նրբահյուս իրերը, որոնք հնարավոր չէ դրոշմել

զ/ հետագա մշակման ենթակա նախապատրաստվածքները եւ բոլոր այն անավարտ իրերը՝ որոնց վրա դեռեւս կավելացվեն թանկարժեք մետաղներից եւ (կամ) այլ մասեր, ինչպես նաեւ նրբաթերթ թանկարժեք մետաղները, արտադրական ձուլվածքները, թափոնը եւ ջարդոնը:

8. Հարգադրոշմների, տարբերանիշերի եւ անվանանիշերի ձեւերը, չափերը, նկարագրությունը, ինչպես նաեւ նրանց պատրաստման, հաշվառման եւ տնօրինման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Հարգորոշման եւ հարգադրոշման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են՝

ա/ պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան տեխնիկական պահանջները եւ գործունեության պայմանները

բ/ ունենալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լիազոր մարմնում գրանցված տարբերանիշ:

10. Հարգորոշմամբ եւ հարգադրոշմամբ զբաղվող անձանց այն աշխատակիցները, որոնք զբաղվում են հարգորոշմամբ եւ հարգադրոշմամբ պետք է ունենան համապատասխան որակավորում:

Հոդված 7. Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի եւ հարգադրոշմողի որակավորումները

1. Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի եւ հարգադրոշմողի որակավարումները իրականացվում է Լիազոր մարմնի կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անդամակցությամբ ստեղծված եւ առնվազն երկու տարի գործունեություն իրականացնող ոչ առեւտրային կազմակերպության (այսուհետ՝ մասնագիտացված կառույց) կողմից ստեղծված որակավորման հանձաժողովների կողմից, ընդ որում այդ հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն յոթ անդամ, որոնցից առնվազն հիսուն տոկոսը պետք է լինեն լիցենզավորող մարմնի ներկայացուցիչ:

Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի եւ հարգադրոշմողի որակավորման, որակավորման հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության հետ կապված հարաբերությունների վրա կիրառվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանոնները:

2. Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումները սույն օրենքով սահմանված պահանջներին բավարարող թանկարժեք մետաղներ զտարկողի եւ/կամ հարգորոշողի եւ հարգադրոշմողի որակավորում ստանալու համար որակավորման հանձաժողովների դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքների ստուգելու եւ ստուգման արդյունքների հիման վրա թանկարժեք մետաղներ զտարկողի կամ հարգորոշողի եւ հարգադրոշմողի որակավորման վկայականներ (այսուհետ` վկայական) տալու ընթացակարգ է:

Թանկարժեք մետաղներ զտարկողի եւ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումները իրականացվում է համապատասխան որակավորման հանձնաժողովների կողմից կազմակերպվող եւ անցկացվող որակավորման քննությունների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների շրջանակներում:

Վկայականները տալիս է համապատասխան որակավորման հանձաժողովը:

3. Թանկարժեք մետաղներ զտարկողի եւ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորման հանձնաժողովի կազմավորման կարգը եւ կանոնադրությունը հաստատում է լիցենզավորող մարմինը, իսկ թանկարժեք մետաղներ զտարկողների եւ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգերը եւ որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիցենզավորող մարմնի ներկայացմամբ:

Որակավորումների կարգով սահմանվում է որակավորումների ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները, ստուգման համար նախապատրաստված հարցերի կամ խնդիրների քանակը, գնահատման կարգը, ստուգման անցկացման ձեւը, ստուգման անցկացման համար նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ստուգման արդյուքների բողոքարկման կարգը, ինչպես նաեւ որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Որակավորման քննությունների համար հարցերը նախապատրաստում է լիցենզավորող մարմինը՝ նախապես քննարկելով մասնագիտացված կառույցի հետ (այդպիսի կառույցի առկայության պարագայում):

4. Որակավորման քննությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով մասնագիտացված կառույցը գանձում է վճար, որի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկը: Թանկարժեք մետաղներ զտարկողի եւ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից իրականացվելու դեպքում գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով:

Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող այլ անձինք:

5. Թանկարժեք մետաղներ զտարկողի եւ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորմների քննություններին մասնակցել չի թույլատրվում այն դիմողին, որը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

Հոդված 8. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հանրային օտարումը

1. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հանրային օտարումը անհրաժեշտության դեպքում կարող է կանոնակարգվել ՀՀ կառավարության կողմից հաստատված կանոններով:

2. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հանրային օտարումը կարող է իրականացվել միայն նրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի եւ տարբերանիշի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի /ա/, /բ/, /գ/, /դ/, /ե/ կետերում նշված իրերի:

3. Եթե սույն օրենքով պարտադիր հարգորոշման եւ հարգադրոշման ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը եւ տարբերանիշը չի համապատասխանում սույն օրենքով նախատեսված պահանջներին, ապա այդ իրերի հարգորոշման, հարգադրոշման պարտականությունը կրում է հանրային օտարում իրականացնող անձը` իր հաշվին:

4. Հանրային օտարման ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պարտադիր պետք է կրեն թանկարժեք մետաղի հարգը, կշիռը, իսկ եթե այդ իրերի վրա առկա են թանկարժեք քարեր, ապա այդ քարերի կշռի եւ որակի բնութագրերի մասին տեղեկություններ պարունակող պիտակ:
5. Թանկարժեք մետաղների ջարդոնների եւ թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքների հանրային օտարման կարգը, կապված հարգորոշման եւ (կամ) հարգադրոշման հետ, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն օրենքով սահմանված հանրային օտարման հետ կապված պայմանների կատարման պարտականությունը կրում է հանրային օտարում իրականացնող անձը:

Հոդված 9. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, ջարդոնների եւ նախապատրաստվածքների ներմուծումը

1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծելիս ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով հարգորոշման եւ հարգադրոշման` հարգորոշման եւ հարգադրոշման լիցենզիա ունեցող անձանց կողմից: Նշված ռեժիմով ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման պարտականությունը կրում է ներմուծողը: Ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման լիցենզիա ունեցող անձանց ընտրությունը կատարում է ներմուծողը:

2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը կարող են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծվել առանց սույն օրենքով հարգորոշման եւ հարգադրոշման լիցենզիա ունեցող անձանց կողմից դրված հարգադրոշմի, եթե.

ա/ այդ իրերը կրում են արտադրող երկրի հարգեր, որոնք համապատասխանում են սույն օրենքով սահմանված հարգերին եւ դրանց նկատմամբ կիրառվող պահանջներին: Այս դեպքում ներմուծողը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը (խմբաքանակը) մաքսային հսկողության ներքո ներկայացնում է հարգորոշման եւ հարգադրոշման լիցենզիա ունեցող անձանց՝ հարգորոշման նպատակով: Վերջիններս, ներկայացված իրերը (խմբաքանակը) հարգորոշելուց հետո, այդ իրերի վրա դրոշմում են իրենց տարբերանիշը, որի համար տալիս են համապատասխան տեղեկանք:

բ/ այդ իրերը ներառված են սույն օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասում:

գ/ այդ իրերը ներմուծվում են ֆիզիկական անձանց կողմից, եթե դրանք չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած ակնհայտ առեւտրային քանակության նվազագույն չափը:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված մյուս ռեժիմներով ներմուծման ժամանակ այդ իրերի վրա հարգի առկայությունը պարտադիր չէ:

4. Թանկարժեք մետաղների ջարդոնները եւ թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվաժքները ներմուծելիս հիմք է ընդունվում այդ իրերի քանակը, տեսակը, հարգը եւ կշիռը հավաստող տեղեկանքը, որոնք տրամադրվում են հարգորոշման եւ հարգադրոշման լիցենզիա ունեցող անձանց կողմից:

5. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտահանման ժամանակ այդ իրերի վրա հարգադրոշմի եւ տարբերանիշի առկայությունը պարտադիր չէ:

Գլուխ III

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումը

Հոդված 10. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումը

1. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումը իրականացնում է Լիազոր մարմինը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգին համապատասխան:

2. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Լիազոր մարմինը՝ փաստաթղթային հսկողության եւ տեղում ստուգումների միջոցով: Դրա արդյունքներով կիրառում է սույն օրենքով եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:

3. Զտարկող կազմակերպության գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

4. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադության լիցենզիա տրամադրելուց հետո 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմինը այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին:

5. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են իրենց գործունեությունը իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում եւ Լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած ժամկետներում, կարգով եւ չափանիշներով:

6. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցնեզավորումն իրականացվում է սարքավորումների փորձաքննության դրական եզրակացության դեպքում:

Սարքավորումների փորձաքննությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի ստորաբաժանումը:

Հոդված 11. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշման լիցենզավորումը:

1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման լիցենզավորումը իրականացնում է Լիազոր մարմինը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգին համապատասխան:

2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման, հանրային օտարման նկատմամբ ստուգումներն ու հսկողությունն իրականացնում է Լիազոր մարմինը՝ փաստաթղթային հսկողության եւ տեղում ստուգումների միջոցով: Դրա արդյունքներով կիրառում է սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման լիցենզիա տրամադրելուց հետո 15-օրյա ժամկետում Լիազոր մարմինը այդ մասին պարտավոր է տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին, վերջինիս տրամադրելով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման լիցենզիա ստացած անձանց տարբերանիշերի արտատիպերը:

4. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման գործունեություն իրականացնող անձանց պարտավոր են իրենց գործունեությունը իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում եւ Լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած ժամկետներում, կարգով եւ չափանիշներով:


Գլուխ IV

Սույն օրենքի խախտման համար կիրառվող պատասխանատվության միջոցները

Հոդված 12. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը լիցենզավորված անձի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները՝

ա/ տուգանք

բ/ լիցենզիայի գործողության կասեցում

գ/ լիցենզիայի գործողության դադարեցում

Հոդված 13. Տուգանք

1. Տուգանքը կիրառվում եւ գանձվում է Լիազոր մարմնի կողմից: Եթե լիցենզավորված անձը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ, ապա Լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը՝ որպես պատասխանատվության միջոց՝ 200.000 դրամի չափով կիրառվում է, եթե խախտվել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասով սահմանված պահանջներից որեւէ մեկը, 6-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ մասերից որեւէ մեկը, 8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերով սահմանված պահաջներից որեւէ մեկը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափը յուրաքանչյուր դեպքում ավելացվում է 600 000 դրամի չափով:

Հոդված 14. Լիցենզիայի գործողության կասեցումը

1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը, եթե՝

ա/ խախտվել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերով սահմանված պահանջներից որեւէ մեկը

բ/ խախտվել է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 10-րդ հոդվածի 2-րդ մասի ա/ կետերով սահմանված պահանջներից որեւէ մեկը

գ/ օրենքով սահմանված այլ դեպքերում:

2. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչեւ կասեցման համար հիմք հանդիսացող խախտման վերացումը:

3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում լիցենզավորված անձը չի կարող իրականացնել համապատասխան գործունեություն: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելը բացառությամբ նրանց, որոնք ուղղված են լիցենզիայի գործողության կասեցման պատճառները վերացնելուն, ինչպես նաեւ կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումներն իրականացնելուն դիտարկվում է որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվել եւ առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 15. Լիցենզիայի գործողության դադարեցումը

Լիցենզիայի գործողության դադարեցումը իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով:

Գլուխ V

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված հարգերը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստվող իրերի արտադրության եւ շրջանառության համար սահմանվում են Հավելված No 01 նշված հետեւյալ հարգերը` ըստ մետրական համակարգի.

2. Հայաստանի Հանրապետությունում չգործող հարգերով թանկարժեք մետաղներից իրերի արտադրությունը թույլատրվում է, եթե այդ իրերը նախատեսված են արտահանման կամ ոչ հանրային օտարման նպատակների համար, եւ այդպիսի պայման առկա է պատվիրատու-արտադրող (կամ մատակարարող) կողմերի միջեւ կնքված պայմանագրում (այլ փաստաթղթում):

Գլուխ VI

Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանը

1. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանը հանդիսանում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող գործակալություն (այսուհետեւ՝ Գանձարան):

2. Գանձարանի հիմնական խնդիրներն են.

ա/ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի հաշվառումը եւ կառավարումը

բ/ գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի հաշվառման եւ պահպանման ապահովումը

գ/ Պետության կարիքների համար օրենքին եւ իրավական այլ ակտերին համապատասխան թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի գնումն ու վաճառքը:

3. Գանձարանը սույն օրենքով լիազորված է իրականացնել հետեւյալ հիմնական գործառույթները.

ա/ հաշվառում եւ կառավարում է պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները եւ թանկարժեք քարերը, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքները

բ/ կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստները ձեւավորելու եւ համալրելու մասին, կնքում պայմանագրեր թանկարժեք մետաղներ եւ թանկարժեք քարեր արդյունահանող, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրող կազմակերպությունների հետ պետական պահուստները համալրելու նպատակով թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի մատակարարումների մասին, ապահովում է դրանց դիմաց վճարումները, ստացված արժեքների մուտքագրումը, պահպանությունը եւ իր հաշվեկշռում հաշվառումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բռնագրավված, տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով եւ այլ հիմքերով պետությանն անցած արժեքների մուտքագրումը պետական պահուստներ:

4. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստների եւ դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաեւ դրանց տեղաբաշխման եւ գտնվելու վայրերը որոշելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստների վիճակի ստուգումները իրականացնում է Լիազոր մարմինը:

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող եւ Գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումը

1. Պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված նվերները հաշվառվում են այդ կազմակերպության հաշվեկշռում եւ ընդգրկվում են յուրաքանչյուր գույքագրման արդյունքում եւ կարող են հանձնվել բացառապես Գանձարան:

2. Պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե այլ անձանց օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 3.000-ապատիկ արժողությամբ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված նվերները գանձարանից տրվում են պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցվելուց հետո, իսկ 3.000-ապատիկը գերազանցելու դեպքում` նվերները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

3. Պետական մարմիններում, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումը պետք է համաձայնեցվի պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի հետ: Նշված իրերի հաշվառման եւ օտարման կարգը սահմանում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

4. Պետական մասնակցությամբ կազմակերպությունների լուծարման դեպքում դրանց մնացորդային գույքից պետական բաժնեմասին հասանելիք գույքի կազմում առկա թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերը հանձվում են Գանձարան:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման ենթակա իրավաբանական անձանց գույքի կազմում առկա թանկարժեք մետաղները, թանակարժեք քարերը, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերը ,այդ իրավաբանական անձանց մասնավորեցման նախապատրաստական աշխանքների ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են առանձնացվել ընկերության հաշվեկշռից եւ փոխանցվել Գանձարան:

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստ

1. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստը պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի հանրագումարն է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային եւ այլ կարիքները ապահովելու համար: Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի` Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստի արժեքները ենթակա են պարտադիր հաշվառման Գանձարանի կողմից:

2. Հայասատանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստը կարող է համալրվել.

ա/ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ներքին եւ արտաքին շուկաներից ձեռք բերված թանկարժեք մետաղներով եւ թանկարժեք քարերով, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերով

բ/ օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով կամ նվիրատվությամբ պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերով

գ/ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորներով ու գանձերով

դ/ պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված նվերներով

ե/ այլ հիմքերով ի սեփականություն պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերով:

3. Գանձարանը պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում հաշվետվություն՝ տվյալ ֆինանսական տարում Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստի համալրման ու ծախսման մասին:

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային պահուստ

1. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային պահուստը Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստի բաղկացուցիչ մասն է, որը հանդիսանում է պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային, թանգարանային, գիտական եւ գեղարվեստական նշանակություն ունեցող հազվագյուտ ոսկերչական եւ այլ կենցաղային իրերի ու կրոնական պաշտամունքի առարկաների հավաքածու:

2. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային պահուստի արժեքները անձեռնմխելի եւ անբաժանելի են, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ ենթակա չեն օտարման (այդ թվում՝ ներդրման պետական մասնակցությամբ առեւտրային ընկերությունների կանոնադրական կապիտալում) կամ վարձակալության: Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային պահուստի արժեքները կարող են ամրակցվել պետական հիմնարկներին եւ ոչ առեւտրային կազմակերպություններին` ըստ նշանակության օգտագործման իրավունքով: Հայաստանի Հանրապետության ազգային պահուստի արժեքները կարող են օգտագործվել ցուցադրման կամ գիտական հետազոտությունների նպատակով` Հայաստանի հանրապետության տարածքում կամ նրա տարածքից դուրս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

3. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային պահուստում արժեքների հաշվեգրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով՝ Գանձարանի փորձագիտական եզրակացությունների հիման վրա, որի անցակցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ: Գանձարանը իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների նախնական փորձաքննությունը, հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ դրանց ցուցադրումը: Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային պահուստում հաշվառման են ենթակա նաեւ պետական եւ համայնքային թանգարաններում եւ մշակութային կազմակերպություններում, արխիվներում գտնվող թանկարժեք մետաղները, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերը:

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության ոսկու պահուստ

Հայաստանի Հանրապետության ոսկու պահուստը Հայաստանի Հանրապետության ոսկեարժութային պահուստի մասն է եւ կազմված է ստանդարտացված ձուլակտորներից եւ բանկային ոսկուց` հանդիսանալով պետական սեփականություն: Հայաստանի Հանրապետության ոսկու պահուստը նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման համար եւ գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում, որի որի տիրապետումը, օգտագործումը եւ տնօրինումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Հայաստանի Հանրապետության ոսկու պահուստը նախատեսված է պետական ֆինանսական քաղաքականություն վարելու եւ արտակարգ իրավիճակներում պետական անհապաղ կարիքները բավարարելու համար: Հայաստանի Հանրապետության ոսկու պահուստը ձեւավորվում է իրավաբանական եւ ֆիզիկական անձ հանդիսացող ռեզիդենտներից եւ ոչ ռեզիդենտներից ոսկու, առանձին դեպքերում՝ նաեւ այլ թանկարժեք մետաղների բանկային եւ ստանդարտացված ձուլակտորների գնման միջոցով: Հայաստանի Հանրապետության ոսկու պահուստը պահպանվում է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ այլ երկրների կենտրոնական ու առեւտրային բանկերում բացված մետաղական հաշիվներում:

Հոդված 22. Թանկարժեք մետաղներ եւ թանկարժեք քարեր գնելու պետության նախապատվության իրավունքը.

1. Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը եւ դրանց հազվագյուտ բնակտորները կարող են իրացվել՝ պահպանելով ստորեւ նշված մարմինների գնման նախապատվության իրավունքը.

ա/ Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստների համալրման նպատակով

բ/ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին՝ Հայաստանի Հանրապետության ոսկու պահուստի համալրման նպատակով:

Գնման նախապատվության իրավունքից վերոնշյալ պետական մարմինների հրաժարվելու դեպքում, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի եւ դրանց հազվագյուտ բնակտորների սեփականատերերը այդ արժեքները կարող են վաճառել այլ սուբյեկտների, բայց ոչ պակաս քան սույն մասում նշված գնման նախապատվության իրավունք ունեցող սուբյեկտներին առաջարկված գնով:

2. Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի բնակտորների հազվագյուտ լինելու չափանիշները, գնահատման եւ վճարման պայմանները եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Եթե թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը եւ դրանց հազվագյուտ բնակտորները, որոնք սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան առաջարկվել են Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանին եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին ու վերջիններս հրաժարվել են այդ արժեքները ներկայացված գներով ձեռք բերելու նախապատվության իրավունքից, ապա նշված արժեքներ վաճառող սուբյեկտի պահանջի դեպքում նշված մարմինները 7 օրվա ընթացքում պարտավոր են տալ տեղեկանք` առաջարկված արժեքները գնելու նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին:

ԳԼՈՒԽ VII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 23. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
 
  Հավելված N 01
Ոսկի
Արծաթ
Պլատին
Պալադիում
375
800
900
500
416
830
950
850
500
875
   
583
925
   
585
960
   
750
999
   
916
     
958
     
999
     





















ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԳԵՐԸ

Վերը նշված հարգերից թանկարժեք մետաղների փաստացի հարգերի թույլատրելի երկկողմանի +/- շեղման առավելագույն չափը, հաշվի առնելով նաեւ զոդանյութի հարգը, սահմանվում է`

ա/ ոսկու համար` բոլոր հարգերի դեպքում` մինչեւ +/- 3 միավոր, 585 հարգի ոսկյա իրերի համար բացասական շեղում չի թույլատրվում

բ/ արծաթի համար` բոլոր հարգերի դեպքում` մինչեւ +/- 5 միավոր

գ/ պլատինի եւ պալադիումի համար՝ բոլոր հարգերի դեպքում` մինչեւ +/- 10 միավոր

դ/ մանրանախշ, բազմաթիվ զոդվածք ունեցող նրբահյուս (ֆիլիգրան) արծաթյա իրերում թույլատրվում է հարգի շեղում՝ մինչեւ +/- 20 միավոր:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Թանկարժեք մետաղների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետեւ` Նախագիծ) ընդունումը բխում է թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պարտարստված իրերի շրջանառության իրավական եւ պետական կարգավորման, ինչպես նաեւ նշված ոլորտներում պետական կառավարման մարմինների լիազորությունները սահմանելու անհրաժեշտությունից:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա չէ նշված ոլորտը կարգավորող համապատասխան օրենք: Մինչ օրս նշված ոլորտի իրավական կարգավորումը իրականացվել է ՀՀ կառավարության 20.04.1999թ. N239 որոշմամբ ուժի մեջ մնացած ԽՍՀՄ մինիստրների սովետի 22.12.1956թ. N5016 որոշմամբ:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառքը առանց հարգորոշման, հարգադրոշման եւ վերահսկման նպաստում է նաեւ ստվերային շրջանառությանը իր ողջ հետեւանքներով:

Վերջին երեք տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ հանրապետությունում արտոնագրված ոլորտի աճի պայմաններում հարգորոշման եւ հարգադրոշման ներկայացված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի աճ տեղի չի ունեցել, այն դեպքում երբ ոլորտի ապրանքային արտադրանքը 2001թ. կազմել է 99.6 մլն. ԱՄՆ դոլար, 2002թ.` 200.0մլն ԱՄՆ դոլար:

Այսպես եթե 2001թ. 32 արտադրողներ 201313 հատ իր, 1797038.83 գրամ քաշով թանկարժեք մետաղներից իրեր են ներկայցրել հարգորոշման եւ հարգադրոշման, որի արդյունքում բյուջեն համալրվել է 37286.6 հազար դրամով, ապա 2003թ. 15 արտադրողներ ներկայացրել են 70486 հատ իր, 350918.4 գրամ քաշով, բյուջե է մուտքագրվել 3155.1 հազար դրամ:

Այսինքն 12 անգամ կրճատվել է բյուջեի մուտքերը, մոտ 5 անգամ կրճատվել է իրերի քաշը, մոտ 3 անգամ իրերի հատաքանակը, արտադրողների թիվը կրճատվել է 17-ով:

Վերլուծելով հանրապետություն ներմուծվող եւ հանրապետությունից արտահանվող թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառությունը 2001թ. եւ 2002թ. ընթացքում (աղյուսակ N1) ակնահայտ է դառնում որ զգալի աճել է հանրապետություն ներմուծվող եւ արտահանվող թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ծավալները:

Կապված ԱՄՆ դոլարի եւ Եվրոյի փոխարժեքների տատանումներից, քաղաքացիները իրենց խնայողությունները նախընտրում են պահել ոսկով (ոսկուց պատրաստված իրերով): Այս ոլորտի օրենսդրական բացը եւ անվերահսկելիությունը հղի է ծանր հետեւանքներով, քանի որ շուկայում իրացվում է իրական հարգին չհամապատասխանող իրեր, որը եւ բերում է բնակչության կեղծ կուտակումների առաջացմանը եւ բացասական ազդեցությանը ամբողջ տնտեսության վրա: Այս պարագայում անրաժեշտություն է առաջանում հավաստիանալ եւ ապահովել վերջնական սպառողին (գնորդին) հասցվող թանկարժեք մետաղի հարգի իսկությունը (թանկարժեք մետաղի պարունակության չափը):

Միաժամանակ, հաշվի առնելով, որ Հայաստանը ընտրել է իր ուղին դեպի միավորված Եվրոպա, գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի հետագայում Հայաստանի անդամագրմանը «Եվրոպական մետաղափորձական գրասենյակների միությանը», որը հնարավորություն կնձեռնի հանրապետության թանակրժեք մետաղներից իրեր արտադրողների համագործակցությունը Եվրոպական երկրների հետ եւ իրերի արտահանմանը, եւ իրացմանը Եվրոպական շուկայում:

Նախագծի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջարկվում նաեւ փոփոխություններ եւ(կամ) լրացումներ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: