Հոդված 1. «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 124-րդ հոդվածի տասներեքերորդ մասի սանկցիայի «տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «հնգապատիկի չափով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 124-րդ հոդվածի քսաներորդ մասի սանկցիայի «երեսնապատիկի չափով» բառերը փոխարինել «տասնհինգապատիկի չափով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 124-րդ հոդվածի երեսուներկուերորդ մասի սանկցիայի «երեսնապատիկի չափով» բառերը փոխարինել «տասնհինգապատիկի չափով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 124-րդ հոդվածի երեսունյոթերորդ մասի սանկցիայի «երկուհարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «հիսնապատիկի չափով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 124-րդ հոդվածի երեսունյոթերորդ մասից հետո ավելացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ.
«Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից չարամտորեն չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
Ճանապարհատրանսպորտային երթեւեկության անվտանգության կանոնները խախտելու դեպքում օրենքով նախատեսված վարչական տուգանքները եւ սահմանված պատասխանատվությունը համահունչ չէ կատարված խախտումների վտանգավորության աստիճանին: