Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-784-19.11.2020-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2016թ. հունիսի 7-ին ստորագրված «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» Համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը կարեւորում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում անվտանգության նպատակների առաջնահերթությունը եւ միջուկային եւ ռադիացիոն անվտանգության բնագավառում ԱՊՀ անդամ երկրների հետ համագործակցության հետագա ամրապնդումը:

Սույն Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում է դրա մասնակից պետությունների միջեւ տեղեկատվական փոխգործակցության ապահովում մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում, աջակցություն մասնակից պետություններում ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերմանը եւ կանխարգելմանը, ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի եւ հաշվառման համակարգի ներդրում, որը կապահովի դրանց անվտանգ օգտագործումը եւ պահպանումը` կորստի, գողություն կամ չթույլատրված օգտագործման դեպքում:

Այն թույլ կտա ամրապնդել ՀՀ եւ ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջեւ համագործակցությունը եւ կնպաստի միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Վերոնշյալ համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունիսի 7-ին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար է գտնում «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին»  Համաձայնագրի վավերացումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի հունիսի 7-ին:

Համաձայնագրի առարկան է հանդիսանում դրա մասնակից պետությունների միջեւ տեղեկատվական փոխգործակցության ապահովումն է մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ այն աղբյուրների տեղափոխման դեպքում, որոնք ունեն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածի  շեմային արժեքների 1-ին եւ  2-րդ դասերին հավասար կամ գերազանցող ռադիոնուկլիդային ակտիվություն: Համաձայնագրի հիման վրա Կողմերի միջեւ փոխանակվող տեղեկատվության բովանդակությունը ձեւավորվում է ԱՊՀ անդամ երկրների` խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը համակարգում է սույն Համաձայնագրով իրականացվող աշխատանքը եւ անհրաժեշտության դեպքում տեղեկատվական  փոխգործակցության   նպատակով կազմակերպում է ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման հարցերով խորհրդակցություններ:

 Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության եւ Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության միջեւ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ներպետական ընթացակարգերի իրականացման վերաբերյալ երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահին փոխանցվելու օրվանից 30 օր հետո:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. հունիսի 3-ին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ուզբեկստանի Հանրապետության համար:

Ղազախստանի Հանրապետությունն Համաձայնագրին միացել է 2018թ. փետրվարի 7-ից:

2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
 

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ                                                Շավարշ Քոչարյան
 


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՌԱԴԻԱԿՏԻՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, ինչպես նաեւ օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից` ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալություն
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրիում Հայաստանի Հանրապետությանհամար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրում (այսուհետ` Համաձայնագիր) առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացմանը, մասնավորապես.

Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունները (այսուհետ` Կողմեր) իրենց պետություններում կազմակերպում են ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի, հաշվառման համակարգի ներդրում, ռադիոակտիվ աղբյուրների մասին տեղեկություն պարունակող  ռադիոակտիվ աղբյուրների ազգային գրանցամատյանների վարում:

Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ տեղեկատվական փոխգործողության կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական եւ ծրագրային միջոցների շահագործումը լիազորված Կողմերի մարմիններն ապահովում են ինքնուրույն:

Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ Կողմերի լիազորված մարմիններից յուրաքանչյուրն ինքնուրույն են հոգում սույն Համաձայնագրով իր պարտավորությունների հետ կապված ծախսերը:

Միաժամանակ Համաձայնագիրը եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
 


ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Պապիկյան

Ի կատարումն Ձեր հանձնարարականի` հայտնում ենք, որ «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով`               ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ տարածքային կառավարման եւ
ենթակառուցվածքների նախարար
պարոն Սուրեն Պապիկյանին
Հարգելի պարոն Պապիկյան

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն նպատակահարմար է համարում «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:

Հարգանքով`
Աշոտ  Մարտիրոսյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՐՈՆ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն նախարար

Ի պատասխան Ձեր 2020 թվականի ապրիլի 09-ի N ՍՊ/22.3/9601-2020 գրության` Առողջապահության նախարարությունում քննարկվել են «Համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի, «Համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի, «Համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին» ՀՀ Կառավարության որոշման, «Համաձայնագիրը հաստատելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծերը, որոնց վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Միաժամանակ հայտնում եմ, որ 2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը առողջապահության տեսանկյունից նպատակահարմար է:

ՀԱՐԳԱՆՔՈՎ`    ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Տարածքային կառավարման եւ
ենթակառուցվածքների նախարար
պարոն Ս. Պապիկյանին
Հարգելի պարոն Պապիկյան

Ի պատասխան Ձեր 2020թ. ապրիլի 9-ի N ՍՊ/22.3/9601 գրության հայտնում եմ, որ «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի նախագծի փաթեթի վերաբերյալ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկություններ եւ առարկություններ չունի:

Հարգանքով`    Է. Գրիգորյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ
Ի պատասխան Ձեր 09.04.2020 թ.
թիվ  ՍՊ/22.3/9601-2020 գրության

Հարգելի պարոն Պապիկյան,

Տեղեկացնում եմ, որ «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի, «Համաձայնագիրը վավերացնելու մասին» եւ «Համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջարկություններ չունի:

Հարգանքով`      ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

30 հուլիսի 2020 թվականի  N  1248 - Ա

«ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ  ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ»  ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հուլիսի 31
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Հարգանքով`     ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ