Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7852-25.11.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածում`

1) 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Առաջին ատյանի դատարան` դատարան, որն իրավասու է քննել քրեական գործերը քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնելու քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ.

2) լրացնել նոր` 12.1-րդ կետ.

«12.1) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` դատարան, որն իրավասու է քննելու բոլոր քրեական գործերը (բացառությամբ հակակոռուպցիոն դատարանի ընդդատությանը վերապահված գործերի), քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնելու քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ (բացառությամբ հակակոռուպցիոն դատարանի կողմից քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ իրականացնող վերահսկողության).».

3) լրացնել նոր` 12.2-րդ կետ.

«12.2) Հակակոռուպցիոն դատարան` դատարան, որն իրավասու է քննելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը (նյութերը), ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնելու այդ գործերով մինչդատական վարույթի նկատմամբ.».

4) լրացնել նոր` 13.1-րդ կետ.

«վերաքննիչ քրեական դատարան` դատարան, որին ընդդատյա են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների` օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը, ինչպես նաեւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին վերապահված գործերով մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտերը.».

5) լրացնել նոր` 13.2-րդ կետ.

«վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան` դատարան, որին ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը, ինչպես նաեւ այդ գործերով մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտերը.»

6) լրացնել նոր` 49-րդ կետ.

«49) կոռուպցիոն հանցագործություններ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցագործություններ:»

Հոդված 2. Օրենսգրքի 28-րդ հոդվածում լրացնել նոր` 3-րդ եւ 4-րդ մասեր.

«3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված դեպքում հանցագործություններից մեկը կոռուպցիոն է, ապա քրեական գործերը միացվում են միայն այնդեպքում, երբ փաստական հանգամանքներով պայմանավորված, գործերի համատեղ քննությունը բխում է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված դեպքում կոռուպցիոն հանցագործությանը մասնակից անձի վերաբերյալ գործն անջատվում է, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով եւ չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության եւ օբյեկտիվության վրա:»:

Հոդված 3. Օրենսգրքի 38-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով արդարադատություն իրականացնում են առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ դատարանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 44-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է բոլոր քրեական գործերը, բացառությամբ հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա գործերի, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաեւ վերահսկողություն Է իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ, բացառությամբ հակակոռուպցիոն դատարանի կողմից քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող վերահսկողության:

2. Հակակոռուպցիոն դատարանը քննում է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, բացառությամբ երբ սույն օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված կարգով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատական քննության ընթացքում առաջադրված մեղադրանքը լրացվում կամ փոփոխվում է, որի արդյունքում անձին առաջադրվում է կոռուպցիոն հանցագործության կատարմանը մասնակցելու մեջ մեղադրանք, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում այդ հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ:»:

Հոդված 5. Օրենսգրքի 45-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ քրեական դատարանին ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը:

2. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 48-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «վարույթը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:» բառերը.

2) լրացնել նոր` 3-րդ մաս.

«3.Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործություններից մեկը կոռուպցիոն հանցագործություն է, գործը քննում է հակակոռուպցիոն դատարանը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն.

«Բոլոր դեպքերում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն դատարանին:»:

Հոդված 9. Օրենսգրքի 50-րդ հոդվածում լրացնել նոր` 3-րդ մաս.

«3. Հակակոռուպցիոն դատարանի ընդդատությունը չի կարող փոխվել սույն հոդվածով նախատեսված կանոններով:»:

Հոդված 10. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ 10 եւ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ երեք դատավորների նշանակման պահից:

2. Հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների գործարկումից հետո Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանների վարույթում գտնվող եւ հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններին ենթակա գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններին: Այն դեպքում, երբ գործը գտնվել է հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վարույթում եւ նա շարունակում է քննել փոխանցված գործը, Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառելի չէ:

Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կամ վերաքննիչ դատարանի դատավորի վարույթում գտնվող, հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններին ընդդատյա գործի քննությունը չի վերսկսվում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված գործով դատական ակտերը ենթակա են բողոքարկման վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

  Հիմնավորում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքների եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ միջնաժամկետ ծրագրային առումով կառաջանան հետեւյալ ծախսերը.

1. Աշխատավարձ, կոմունալ, գրասենյակային ծախսեր եւ այլն-2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 3.339.529.900 ՀՀ դրամ

2. Շենքային պայմաններ-2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 2.800.000.000 ՀՀ դրամ (նախնական հաշվարկ)

3. Դատարանների տեխնիկական հագեցվածություն- 2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 198.000.000 ՀՀ դրամ

4. Դատարանների տրանսպորտային հագեցվածություն 2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 21.000.000:

Հարկ է նշել, որ վերոնշյալ ծախսերից 1 մլրդ ՀՀ դրամն արդեն նախատեսված է Հայաստանի Հանրապետության 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, իսկ մնացյալ ծախսերը նախատեսված են ՀՀ կառավարության 10.07.2020թ. թիվ 1212-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում` որպես 2021-2023թթ. ժամանակահատվածում ռազմավարություններից բխող նոր նախաձեռնություններ (հավելված 6):


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքների եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 20-ի N 1816-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:



Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ