Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7852-25.11.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածում՝

1) 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Առաջին ատյանի դատարան՝ դատարան, որն իրավասու է քննել քրեական գործերը քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնելու քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ.

2) լրացնել նոր՝ 12.1-րդ կետ.

«12.1) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատարան, որն իրավասու է քննելու բոլոր քրեական գործերը (բացառությամբ հակակոռուպցիոն դատարանի ընդդատությանը վերապահված գործերի), քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնելու քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ (բացառությամբ հակակոռուպցիոն դատարանի կողմից քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ իրականացնող վերահսկողության).».

3) լրացնել նոր՝ 12.2-րդ կետ.

«12.2) Հակակոռուպցիոն դատարան՝ դատարան, որն իրավասու է քննելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը (նյութերը), ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնելու այդ գործերով մինչդատական վարույթի նկատմամբ.».

4) լրացնել նոր՝ 13.1-րդ կետ.

«վերաքննիչ քրեական դատարան՝ դատարան, որին ընդդատյա են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների՝ օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը, ինչպես նաեւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին վերապահված գործերով մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտերը.».

5) լրացնել նոր՝ 13.2-րդ կետ.

«վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ դատարան, որին ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը, ինչպես նաեւ այդ գործերով մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտերը.»

6) լրացնել նոր՝ 49-րդ կետ.

«49) կոռուպցիոն հանցագործություններ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցագործություններ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 28-րդ հոդվածում լրացնել նոր՝ 3-րդ եւ 4-րդ մասեր.

«3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված դեպքում հանցագործություններից մեկը կոռուպցիոն է, ապա քրեական գործերը միացվում են միայն այնդեպքում, երբ փաստական հանգամանքներով պայմանավորված, գործերի համատեղ քննությունը բխում է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված դեպքում կոռուպցիոն հանցագործությանը մասնակից անձի վերաբերյալ գործն անջատվում է, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով եւ չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության եւ օբյեկտիվության վրա:»:

Հոդված 3. Օրենսգրքի 38-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով արդարադատություն իրականացնում են առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ դատարանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 44-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է բոլոր քրեական գործերը, բացառությամբ հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա գործերի, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաեւ վերահսկողություն Է իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ, բացառությամբ հակակոռուպցիոն դատարանի կողմից քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող վերահսկողության:

2. Հակակոռուպցիոն դատարանը քննում է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, բացառությամբ երբ սույն օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված կարգով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատական քննության ընթացքում առաջադրված մեղադրանքը լրացվում կամ փոփոխվում է, որի արդյունքում անձին առաջադրվում է կոռուպցիոն հանցագործության կատարմանը մասնակցելու մեջ մեղադրանք, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում այդ հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ:»:

Հոդված 5. Օրենսգրքի 45-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ քրեական դատարանին ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը:

2. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «վարույթը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:» բառերը.

2) լրացնել նոր՝ 3-րդ մաս.

«3.Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործություններից մեկը կոռուպցիոն հանցագործություն է, գործը քննում է հակակոռուպցիոն դատարանը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն.

«Բոլոր դեպքերում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն դատարանին:»:

Հոդված 9. Օրենսգրքի 50-րդ հոդվածում լրացնել նոր՝ 3-րդ մաս.

«3. Հակակոռուպցիոն դատարանի ընդդատությունը չի կարող փոխվել սույն հոդվածով նախատեսված կանոններով:»:

Հոդված 10. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ 10 եւ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ երեք դատավորների նշանակման պահից:

2. Հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների գործարկումից հետո Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանների վարույթում գտնվող եւ հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններին ենթակա գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններին: Այն դեպքում, երբ գործը գտնվել է հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վարույթում եւ նա շարունակում է քննել փոխանցված գործը, Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառելի չէ:

Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կամ վերաքննիչ դատարանի դատավորի վարույթում գտնվող, հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններին ընդդատյա գործի քննությունը չի վերսկսվում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված գործով դատական ակտերը ենթակա են բողոքարկման վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: