Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի թիվ ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասում լրացնել նոր՝ 3-րդ կետ.
«3) հակակոռուպցիոն դատարանը:»
2) 4-րդ մասում լրացնել նոր՝ 4-րդ կետ.
«4) վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածում լրացնել նոր՝ 3-րդ մաս.
«3. Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված գործերը, ինչպես նաեւ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը (այսուհետ՝ նաեւ պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործեր):»:
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածում լրացնել նոր՝ 3-րդ մաս.
«3. Հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 25 դատավորի թվակազմով, որից առնվազն 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ:»:
Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 4-րդ կետ.
«4) վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ առնվազն 10 դատավորի թվակազմով:»:
Հոդված 6. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 28.1-ին հոդված.
«Հոդված 28.1. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավորների մասնագիտացումը
1. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում գործը քննում են կոռուպցիոն հանցագործությունների քննության կամ պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերով քննության մասնագիտացում ունեցող դատավորները:
2. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գործում է կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացման առնվազն 6, իսկ պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերով մասնագիտացման՝ դատավորի առնվազն 4 դատավորի թվակազմով:»:
Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) քրեական պալատը՝ 8 դատավորի թվակազմով, որոնք համարվում են քրեական, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացում ունեցող.».
2) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) քաղաքացիական եւ վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով, որոնք համարվում են միաժամանակ քաղաքացիական, այդ թվում՝ պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերով քննության, եւ վարչական մասնագիտացումներ ունեցող»:
Հոդված 8. Օրենքի 77-րդ հոդվածի 4-րդ մասում «ութ» բառը փոխարինել «ինը» բառով, «վեցը» բառը՝ «յոթը» բառով, իսկ «անդամներից» բառից հետո «երկուսն» բառը փոխարինել «երեքն» բառով:
Հոդված 9. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44.1-րդ կետ.
«44.1) անհրաժեշտության դեպքում հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին ներգրավում է փորձագետներ եւ սահմանում փորձագետների ներգրավման կարգը եւ նրանց ներկայացվող պահանջները.»:
Հոդված 10. Օրենքի 95-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. «եւ վարչական» բառերը փոխարինել «, վարչական եւ հակակոռուպցիոն» բառերով.
բ. լրացնել նոր նախադասություն.
«Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության եւ պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները:».
2) 2-րդ եւ 3-րդ մասերում «վարչական մասնագիտացման բաժնում» բառերը փոխարինել «վարչական եւ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում» բառերով.
3) 5-րդ մասում «բաժինների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի հղումը» բառերը:
Հոդված 11. Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «կամ վարչական» բառերը փոխարինել «, վարչական կամ հակակոռուպցիոն» բառերով.
2) լրացնել նոր նախադասություն.
«Հակակոռուպցիոն մասնագիտացման ոլորտում գրավոր առաջադրանքներն ուղղված են ոլորտային օրենսդրության, այդ թվում՝ վերաբերելի եւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային իրավական ակտերի իմացության ստուգմանը: Կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացմանը, քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանությանը եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման գործերին առնչվող հիմնահարցերը ներառվում են հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համապատասխան ենթաբաժինների համար կազմվող գրավոր առաջադրանքներում:»:
Հոդված 12. Օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասում «ցուցակ» բառից հետո լրացնել «իսկ հակակոռուպցիոն մասնագիտացման դեպքում՝ ըստ ենթաբաժինների ցուցակ,» բառերով:
Հոդված 13. Օրենքի 112-րդ հոդվածում լրացնել նոր՝ 1.1.-րդ մաս.
«1.1. Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի կարող նշանակվել այն անձը՝
1) որի վրա տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները.
2) որը, լինելով դատավոր կամ նախկին դատավոր, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական եւ արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով, դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատում կամ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժերից մեկը՝ անկախ կարգապահական տույժի սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
3) որը, լինելով դատախազ, քննիչ, նախկին դատախազ կամ նախկին քննիչ վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով, պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով կամ պաշտոնից ազատում կարգապահական տույժերից մեկը՝ անկախ կարգապահական տույժի սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
4) որը, լինելով հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ կամ նախկին օպերլիազոր, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, գերատեսչական կրծքանշանից զրկում, նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին, զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով, հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի հասցեում՝ մեկ ամսից մինչեւ վեց ամիս ժամկետով, զինվորական ծառայությունից արձակում, հիմնական աշխատավարձի իջեցում մինչեւ 20 տոկոսով, բայց ոչ ավելի, քան բազային աշխատավարձի չափը կամ ծառայության դադարեցում կարգապահական տույժերից մեկը, 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 3 ամիս ժամանակով, պաշտոնի իջեցում մեկ աստիճանով, կոչման իջեցում մեկ աստիճանով կամ ոստիկանությունից ազատում կարգապահական տույժերից մեկը՝ անկախ կարգապահական տույժի սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
5) որը, լինելով փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացների, տուգանք կամ փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում կարգապահական տույժերից մեկը՝ անկախ կարգապահական տույժի սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից:»:
Հոդված 14. Օրենքի 115-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին, 3-րդ եւ 5-րդ կետերում «տարիքով ավագ» բառերը փոխարինել «առավել երկար փորձառություն ունեցող» բառերով.
2) 2-րդ կետում «տարիքով ավագին» բառերը փոխարինել «առավել երկար փորձառություն ունեցող դատավորին» բառերով.
3) 4-րդ կետում «տարիքով ավագին» բառերը փոխարինել «առավել երկար փորձառություն ունեցող հավակնորդին» բառերով:
Հոդված 15. Օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «եւ վարչական» բառերը փոխարինել «, վարչական եւ հակակոռուպցիոն» բառերով:
Հոդված 16. Օրենքի 123-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «եւ վարչական» բառերը փոխարինել «, վարչական եւ հակակոռուպցիոն» բառերով.
2) 3-րդ մասում «բաժինների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի հղումը» բառերը:
Հոդված 17. Օրենքի 124-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը՝ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածուի անձնական գործը, իսկ դատավոր չհանդիսացող թեկնածուի դեպքում՝ նրա ներկայացրած եւ դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը, ինչպես նաեւ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրան զրույցի:».
2) 2-րդ մասում «որակները,» բառից հետո լրացնել «թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը,» բառերը.
3) 5-րդ մասում «մասնագիտացման բաժնի» բառերից հետո լրացնել «, իսկ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի դեպքում՝ յուրաքանչյուր ենթաբաժնի» բառերը.
4) 6-րդ մասում «դատավորների թեկնածուների ցուցակ,» բառերից հետո լրացնել «իսկ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի դեպքում՝ ըստ ենթաբաժինների ցուցակ,» բառերը:
Հոդված 18. Օրենքի 132-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «քանակը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի հղումը, » բառերը.
2) լրացնել նոր՝ 4.1.-րդ մաս.
«4.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:»:
Հոդված 19. Օրենքի 133-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1.Դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Բարձրագույն դատական խորհուրդը՝ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածուի անձնական գործը, իսկ դատավոր չհանդիսացող թեկնածուի դեպքում՝ նրա ներկայացրած եւ դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը, ինչպես նաեւ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի».
2) 2-րդ մասում «որակները,» բառից հետո լրացնել «թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը,» բառերը:
Հոդված 20. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
2. Հակակոռուպցիոն դատարանը սկսում է գործել կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ 10 եւ պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ 3 դատավորների նշանակման պահից:
3. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը սկսում է գործել յուրաքանչյուր մասնագիտացմամբ երեքական դատավորների նշանակման պահից:
4. Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, սահմանում է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտի ձեւ:
5. Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում սահմանում է Հակակոռուպցիոն դատարանի նստավայրերի սպասարկման տարածքը եւ հաստատում է դատավորների՝ ըստ նստավայրերի եւ մասնագիտացման բաշխումն ու թվակազմը:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն է հրապարակում Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների եւ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակների արտահերթ համալրման անհրաժեշտության մասին:
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քառասունօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում եւ հրապարակում է հակակոռուպցիոն դատարանի եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավորների հավակնորդների որակավորման գրավոր քննության ձեւը, քննական հարցերի կառուցվածքի եւ բովանդակության նվազագույն պահանջները, գրավոր քննության կազմակերպման եւ անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքները գնահատելու կարգը, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը (որը չի կարող պակաս լինել ընդհանուր միավորների 60 տոկոսից): Որակավորման գրավոր քննության կազմակերպումն իրականացվում է Օրենքի 100-րդ հոդվածով սահմանված կարգով:
8. Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների առաջին կազմի ընտրությունը եւ նշանակումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:
9. Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման՝ Արդարադատության ակադեմիան ավարտած թեկնածուները, վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորը, առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորը որակավորման ստուգմանը մասնակցելու հայտ ներկայացնելու դեպքում ազատվում են գրավոր քննության փուլից:
10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված անձանցից բացի՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում կարող է ընդգրկվել դատավորի թեկնածուի հավակնորդին Օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող այն անձը, ով ունի իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքի առնվազն յոթ տարվա փորձառություն:
11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է հակակոռուպցիոն դատարանի դատավորների եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման կարգը: Հակակոռուպցիոն դատարանի եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով հարցազրույց անցկացնելու օրվան նախորդող տասն օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան հարցազրույցից հինգ օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպում է հավակնորդների նախնական հարցազրույցը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով ներգրավված փորձագետների հետ:
12. Որպես փորձագետ կարող են ներգրավվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ: Ընդ որում, փորձագետներից մեկը պետք է լինի ազգային փորձագետ, իսկ երկուսը՝ նշանակվեն վերջին երկու տարում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների կամ միավորումների կողմից: Ազգային փորձագետի վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, իսկ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների կամ միավորումների կողմից նշանակած փորձագետներինը՝ տվյալ կազմակերպությունների կամ միավորումների կողմից:
13. Բարձրագույն դատական խորհուրդը նախնական հարցազրույցից հինգ օր առաջ փորձագետներին է տրամադրում հավակնորդների անձնական գործը, որում պետք է ներառվեն որակավորման ստուգմանը մասնակցելու հայտին կից հավակնորդի ներկայացրած փաստաթղթերը, գրավոր քննության արդյունքով ստացած միավորները, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը եւ Օրենսգրքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները:
14. Նախնական հարցազրույցի նպատակը փորձագետների կողմից հավակնորդի դատավոր դառնալու շարժառիթի ու ակնկալիքի, անձնական հատկանիշների (մասնավորապես՝ ինքնատիրապետում, բարեվարքություն, հաղորդակցման հմտություններ պաշտոնեական եւ արտապաշտոնեական հարաբերություններում, արդարամտություն, վերլուծական կարողություններ եւ դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ), դատավորի վարքագծի կանոններին, շահերի բախմանը վերաբերող իրավիճակում ձեռնարկվելիք գործողությունների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալների առնչությամբ հարցեր տալու միջոցով հավակնորդի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին կարծիքի տրամադրումն է:
15. Փորձագետները նախնական հարցազրույցի արդյունքում կազմում եւ հարցազրույցից առնվազն երկու օր առաջ բարձրագույն դատական խորհուրդ են ներկայացնում հավակնորդի վերաբերյալ գրավոր խորհրդատվական կարծիք:
16. Փորձագետները պարտավորվում են չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել հավակնորդների վերաբերյալ իրենց հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունները:
17. Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում նաեւ փորձագետների ներկայացրած գրավոր խորհրդատվական կարծիքը:
18. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, հակակոռուպցիոն դատարանի եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի թափուր պաշտոնների համալրումն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:
19. Հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների գործարկումից հետո Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանների վարույթում գտնվող եւ հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններին ենթակա գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններին: Այն դեպքում, երբ գործը գտնվել է հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վարույթում եւ նա շարունակում է քննել փոխանցված գործը, Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառելի չէ: