Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7854-25.11.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 18-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «Սնանկության մասին» բառերից հետո լրացնել «եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» բառերը.

2) «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հակակոռուպցիոն դատարանի եւ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերի քննող երեքական դատավորների նշանակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանների վարույթում գտնվող հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններին ենթակա գործերը չեն փոխանցվում հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գործը գտնվել է հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կամ վերաքննիչ դատարանի դատավորի վարույթում: Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կամ վերաքննիչ դատարանի դատավորի վարույթում գտնվող, հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններին ընդդատյա գործի քննությունը չի վերսկսվում: