Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասը «դեպքերի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ մասով.
«5.2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգում անցկացնելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը եւ արդարադատության նախարարը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում եւ Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովը եւ արդարադատության նախարարը Արդարադատության ակադեմիայի (այսուհետ՝ Ակադեմիա) ռեկտորին (այսուհետ՝ Ռեկտոր) են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով ձեւավորված դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց, վերաքննիչ քրեական եւ վերաքննիչ քաղաքացիական դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց առաջին խմբի մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների եւ Ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը երկշաբաթյա ժամկետում կազմում եւ Ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն մասով նախատեսված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերը:
3. Ռեկտորի առաջարկն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, Ակադեմիայի կառավարման խորհուրդը հաստատում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց, վերաքննիչ քրեական եւ վերաքննիչ քաղաքացիական դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց առաջին խմբի մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Վճռաբեկ դատարանի դատավորները ենթակա են վերապատրաստման եւ դրա նկատմամբ տարածվում է սույն հոդվածով նախատեսված անձանց ուսուցման կարգն այնքանով, որքանով այն կիրառելի է: