Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 36-րդ հոդվածում`
1) 5-րդ մասում «ժամը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի հղումը» բառերը
2) լրացնել` նոր 6.1-ին մաս.
«6.1. Հայտերի ընդունումից հետո` մեկօրյա ժամկետում, Որակավորման հանձնաժողովի նախագահը թեկնածուների կողմից լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո` մրցույթից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին: Թեկնածուի վերաբերյալ որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունը տրամադրվում է նաեւ գլխավոր դատախազին:».
3) լրացնել նոր` 7.1-ին մաս.
«7.1. Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ սույն օրենքով սահմանված ստուգման ենթակա հանգամանքների հետ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաեւ թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:»:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածում`
1) 3-րդ մասում լրացնել նոր` 8-րդ կետ.
«8) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (այսուհետ` բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ):».
2) լրացնել` նոր 6.1-ին մաս.
«6.1. Հայտերի ընդունումից հետո` մեկօրյա ժամկետում, Որակավորման հանձնաժողովի նախագահը թեկնածուների կողմից լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո` մրցույթից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին:».
3) լրացնել նոր` 7.1-ին մաս.
«7.1. Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ սույն օրենքով սահմանված ստուգման ենթակա հանգամանքների հետ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաեւ հայտատուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:».
4) 8-րդ մասի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն.
«Գլխավոր դատախազին են տրամադրվում նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունները:»:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 2-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություններ.
«Որակավորման հանձնաժողովը, գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի` ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիրը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում համապատասխան դատախազից պահանջում եւ ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո` որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին:»:
2) լրացնել նոր` 2.1-ին կետ.
«2.1) Սույն մասի 2-րդ կետով սահմանված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը որակավորման հանձնաժողով չներկայացնելու դեպքում դատախազը չի ընդգրկվում դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակ:»:
Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածում`
1) լրացնել նոր 15.1-ին մաս.
«15.1. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում Որակավորման հանձնաժողովը սույն օրենքով սահմանված կարգով անձին դատախազների ծառայողական առաջխաղացման համապատասխան ցուցակում ներառելուց առաջ մեկշաբաթյա ժամկետում համապատասխան դատախազից պահանջում եւ ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո` որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին:».
2) 16-րդ մասում «արդյունքները» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում նաեւ` դատախազի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունը » բառերը.
3) 17-րդ մասում «հիման վրա» բառից հետո լրացնել «` հաշվի առնելով դատախազի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունը,» բառերը:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքների եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ միջնաժամկետ ծրագրային առումով կառաջանան հետեւյալ ծախսերը.
1. Աշխատավարձ, կոմունալ, գրասենյակային ծախսեր եւ այլն-2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 3.339.529.900 ՀՀ դրամ
2. Շենքային պայմաններ-2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 2.800.000.000 ՀՀ դրամ (նախնական հաշվարկ)
3. Դատարանների տեխնիկական հագեցվածություն- 2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 198.000.000 ՀՀ դրամ
4. Դատարանների տրանսպորտային հագեցվածություն 2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 21.000.000:
Հարկ է նշել, որ վերոնշյալ ծախսերից 1 մլրդ ՀՀ դրամն արդեն նախատեսված է Հայաստանի Հանրապետության 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, իսկ մնացյալ ծախսերը նախատեսված են ՀՀ կառավարության 10.07.2020թ. թիվ 1212-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում` որպես 2021-2023թթ. ժամանակահատվածում ռազմավարություններից բխող նոր նախաձեռնություններ (հավելված 6):
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքների եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 20-ի N 1816-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ