Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-787-27.11.2020-ՊԻ-013/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`

Հաշվի առնելով թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով` նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը թիրախավորելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված եւ նոյեմբերի 10-ին ավարտված ակտիվ պատերազմական գործողությունների հետեւանքները,

Նկատի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին հայտարարության ստորագրմանը հաջորդած հասարակական-քաղաքական զարգացումները եւ դրանց հնարավոր հետեւանքները,

Ականատես լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվող անթույլատրելի բռնության կոչերին եւ պատասխանատվություն ստանձնելու բացարձակ անկարողությանը,

Վերլուծելով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների (այդ թվում` պաշտոնաթող) եւ տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան աշխատակիցների կողմից ներկայացվող փաստական հանգամանքները,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերը`

ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների հետեւյալ ծրագիրը`

1. Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է: Խորհրդարանն ընտրում է վարչապետ: Ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն.

2. Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում.

3. Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում` հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման եւ կենսագործման, երկարաժամկետ կայունության եւ խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում.

4. Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում.

5. Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում.

6. Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում` հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով.

7. Զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում.

8. Արցախահայության (այդ թվում` փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում եւ կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում.

9. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում.

10. Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ եւ այլն: Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում.

11. Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից եւ այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում.

12. Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում.

13. Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ` խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՈւՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈւՐՍ ԳԱԼՈւ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ՍԱՀՄԱՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Գործող կառավարության ծրագիրն այլեւս չի համապատասխանում Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների առջեւ պատերազմից հետո ծառացած առաջնահերթ լուծման ենթակա խնդիրներին եւ նոր իրողություններին:

Ըստ այդմ` անհրաժեշտ ենք համարում ուրվագծել այս պահին կարեւորագույն ոլորտներում համապատասխան քայլերի մանրամասնման ենթակա գործողությունների ծրագիր, այնուհետեւ սեղմ ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները` դրանք իրականացնելու համար:

ՈՐՈՇՈւՄ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության

103-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 98-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ` Ազգային ժողով) «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն

իր` 2020 թվականի նոյեմբերի __-ի նիստում`

ՈՐՈՇԵՑ

Ազգային ժողովի քննարկմանն առաջադրել «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ գործողությունների ծրագիր սահմանելու մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

27 նոյեմբերի, 2020թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա'ն պարոն Միրզոյան,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 98-րդ հոդվածի 1-3-րդ մասերը` ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (կից նաեւ` խմբակցության որոշումն ու նախագծի ընդունման հիմնավորումը):

Նախագծի հիմնական զեկուցողն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Խնդրում ենք շրջանառության մեջ դնել խորհրդարանի քննարկմանը ներկայացված` սույն հարցը:

Առդիր` 04 թերթ:

Հարգանքով`

ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ