Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 64-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«64) պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթեր՝ հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով եւ օրենքով նախատեսված փաստաթղթեր (մասնավորապես՝ արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր).»:
Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«66) հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողների էլեկտրոնային եղանակով ծանուցում, որն իրականացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո 5 աշխատանքային օրյա ժամկետում հարկ վճարողի կողմից սույն կետով նախատեսված անձնական էջ մուտք չգործելու դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, ինչի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստին»:
Հոդված 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «ծանուցվելու են պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը» բառերը փոխարինել «ուղարկվելու են Օրենսգրքով նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում ծանուցումները» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 398-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5.1 եւ 5.2 մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5.1. Օրենսգրքով սահմանված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողներին կարող են ծանուցվել էլեկտրոնային եղանակով:
Հարկ վճարողների էլեկտրոնային եղանակով ծանուցումն իրականացվում է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո 5 աշխատանքային օրյա ժամկետում հարկ վճարողի կողմից սույն մասով նախատեսված անձնական էջ մուտք չգործելու դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, ինչի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստին:
Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, ինչը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ:
Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում՝ հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելու օրը:
Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն ուժի մեջ են մտնում հարկ վճարողի կողմից նշված փաստաթղթերին պատշաճ ծանուցվելու հաջորդ օրը:
5.2. Հարկ վճարողի հաշվառման համար չունեցող հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ծանուցվում են փոստային կապի միջոցով՝ հանձնման մասին ծանուցմամբ հարկային մարմնում առկա տեղեկություններով ժամանակագրական կարգով վերջին հաշվառման հասցեով: Փոստային կապի միջոցով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողին ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում հարկային մարմինը նշված փաստաթղթերի իրազեկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով եւ փաստաթղթերն ուժի մեջ են մտնում կայքում տեղադրելու օրվան հաջորդող 5-րդ օրվանից:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Կարգավորման ենթակա խնդիրը, ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է հաշվի առնելով հետեւյալ իրավական եւ փաստական հանգամանքները, մասնավորապես՝
ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 64-րդ, 65-րդ եւ 66-րդ կետերի գործող խմբագրության համաձայն՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության (բացառությամբ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների) շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով եւ օրենքով նախատեսված փաստաթղթերն են (մասնավորապես արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր):
Փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունումը կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ընդունումը եւ հաստատումն է էլեկտրոնային եղանակով, իսկ այդ հաստատված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձեւի՝ էլեկտրոնային փաստաթղթի վրա վավերացվում է դրանք ընդունող համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ:
Հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցումը՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկումն է, որն իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, ինչի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստին: Էլեկտրոնային ծանուցման միջոցով իրազեկված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից.
Գործնականում, հարկ վճարողների պատշաճ ծանուցումն իրականացվում է հիմք ընդունելով Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետը՝ էլեկտրոնային համակարգի միջոցով, սակայն, առկա են մի շարք դատական գործեր, որոնք փաստում են, որ նշված համակարգի միջոցով հարկ վճարողներին իրականացված ծանուցումը չի ապահովում վարչական վարույթի մասնակիցներին ծանուցելու, նրանց լսված լինելու իրավունքի իրականացումը:
Այսպես՝ թիվ ՎԴ/12024/05/18 եւ ՎԴ/0266/05/19 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված վճիռներով դատարանն արձանագրել է, որ Օրենսգիրքը չի սահմանում Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հարուցված վարչական վարույթի շրջանակներում դրա մասնակիցների ծանուցման կարգ, հետեւաբար այդ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են Օրենքի համապատասխան դրույթները: Դատարանը փաստել է, որ նշված իրավանորմը կարգավորող (ռեգուլյատիվ) իրավանորմ չէ, այսինքն՝ այն անմիջականորեն ուղղված չէ իրավահարաբերության սուբյեկտների միջեւ առաջացող փաստական հարաբերությունների կարգավորմանը, սուբյեկտների համար իրավունքներ եւ պարտականություններ (լիազորություններ) չի նախատեսում. այն սահմանող (դեֆինիտիվ) իրավանորմ է, որը սահմանում է որոշակի իրավական երեւույթի («հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում») հասկացությունը: Այլ կերպ՝ նշված իրավանորմի նպատակն է բացահայտել, թե այլ իրավանորմերում օգտագործվող եզրույթն ինչ իմաստ է կրում: Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետը ոչ թե հարկ վճարողի ծանուցման կարգ է սահմանում, այլ բացահայտում է, թե այլ իրավանորմերում «հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում» արտահայտության կիրառման դեպքում ինչպես պետք է այն հասկանալ: Դատարանի նման եզրահանգումը բխել է Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի ձեւակերպումից (Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ստորեւ նշված հասկացություններն ունեն հետեւյալ իմաստն ու նշանակությունը...): Օրենսգիրքը համապատասխան նորմերում չի կիրառում «հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում» արտահայտությունը, իսկ Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետը սահմանում է ոչ թե ծանուցման կարգ, այլ հարկ վճարողների էլեկտրոնային ծանուցման հասկացությունը՝ դատարանն արձանագրել է, որ միայն Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետը բավարար չէ ծանուցումը էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու եւ այն պատշաճ ծանուցում համարելու համար:
Միաժամանակ, ՀՀ Սահմանադրական դատարանն իր 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ հակասահմանադրական՝ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածին հակասող է ճանաչել Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետի 2-րդ նախադասությունն այն մասով, որը նախատեսում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու պահանջ՝ առանց այն ստանալու մասին էլեկտրանային հավաստման: Նշված որոշմամբ սահմանվել է մինչեւ 2020 թվականի հուլիսի 31-ը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթն ուժը կորցրած ճանաչել, հետեւաբար հիմք ընդունելով վերոնշյալ որոշումները՝ մշակվել է սույն նախագիծը:
Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով հստակեցվել են հարկ վճարողներին ծանուցումների իրականացման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝
1) Նախագծով հստակեցվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը, մասնավորապես՝ սահմանվել է, որ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով եւ օրենքով նախատեսված փաստաթղթերն են (մասնավորապես՝ արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր):
2) Նախագծով կատարված համապատասխան փոփոխության արդյունքում՝ սահմանվել է նաեւ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցման եղանակը, մասնավորապես՝ նախատեսելով, որ հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցումը պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողների էլեկտրոնային եղանակով ծանուցումն է, որն իրականացվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով:
3) Սահմանվել են նաեւ կանոնակարգումներ, որոնք նախատեսում են պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը նշված էջում տեղադրելու անհնարինության կամ հարկ վճարողի կողմից իր անձնական էջ մուտք չգործելու դեպքերում վերջիններիս ծանուցման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ սահմանվել է, որ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո 5 աշխատանքային օրյա ժամկետում հարկ վճարողի կողմից նշված էջ մուտք չգործելու դեպքերում՝ հարկ վճարողներին ծանուցումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, ինչի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստին:
4) Միաժամանակ, կանոնակարգվել է նաեւ հարկ վճարողի հաշվառման համար չունեցող հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ծանուցելու հետ կապված հարաբերությունները:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է սույն նախագիծը՝ սահմանելով վերոնշյալ իրավական կանոնակարգումները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին? Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
4. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Նախագիծը նպատակ է հետապնդում հստակեցնել պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը, սահմանել պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցման եղանակը, սահմանել նաեւ կանոնակարգումներ, որոնք նախատեսում են պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու անհնարինության կամ հարկ վճարողի կողմից նշված էջ մուտք չգործելու դեպքերում վերջիններիս ծանուցման, ինչպես նաեւ հարկ վճարողի հաշվառման համար չունեցող հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ծանուցելու հետ կապված հարաբերությունները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1830-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հարգանքով՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ