Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-789-30.11.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2442 -րդ հոդվածում «16918 » թվերը փոխարինել «169.18» թվերով, իսկ «վարչությունների պետերը եւ հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը» բառերը` «կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 246.1 հոդվածով՝ հետեւյալ  բովանդակությամբ.

«Հոդված 246.1 Հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով վարչական վարույթի առանձնահատկությունները

1. Սույն օրենսգրքով սահմանված հարկային մարմնի քննությանը ենթակա  1691 հոդվածի 2-րդ մասի, 169.18, 169.26, 169.27 եւ 1703 հոդվածների համաձայն հարկ վճարողների պաշտոնատար անձանց կողմից կատարված իրավախախտումների գործերով  վարույթները հարուցվում եւ վարվում են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգի միջոցով:

2. Սույն հոդվածի շրջանակներում վարչական իրավախախտման սուբյեկտը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձն է:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների գործերով իրավախախտման հատկանիշներն արարքի հատկանիշների հետ  համապատասխանելու դեպքում իրավախախտման սուբյեկտն էլեկտրոնային եղանակով ծանուցվում է հարկային մարմնի կողմից:

4. Ծանուցմամբ իրավախախտման սուբյեկտին իրազեկվում է վարչական իրավախախտման կատարման  ժամանակը եւ էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, գործի քննության իրականացման վայրը եւ ժամը, խախտողի կողմից բացատրություններ, առարկություններ, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ ներկայացնելու ժամկետները եւ կարգը:

5. Իրավախախտման վարույթի վերաբերյալ իրավախախտման սուբյեկտը ծանուցումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում իրավունք ունի  ներկայացնելու բացատրություններ, առարկություններ, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

6. Գործի քննությանն իրավախախտման սուբյեկտը կարող է մասնակցել ինքնուրույն, իր ներկայացուցչի միջոցով կամ նրանց հետ միասին:

7. Վարչական իրավախախտման գործը կարող է քննվել իրավախախտման սուբյեկտի բացակայությամբ՝ ծանուցագրում նշված օրը գործի քննությանը չներկայանալու դեպքում, եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

8. Սույն հոդվածով սահմանված վարույթի դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:

9. Վարույթ իրականացնող պաշտոնատար անձը  գործի քննության արդյունքներով ընդունում է սույն օրենսգրքով սահմանված վարչական ակտ:

10. Սույն հոդվածով նախատեսված վարույթի շրջանակներում  վարչական ակտն ընդունվում է էլեկտրոնային եղանակով, իսկ այդ ընդունված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձեւի` էլեկտրոնային փաստաթղթի վրա վավերացվում է դրանք ընդունող համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

11. Վարույթի շրջանակներում ընդունված փաստաթղթերը, ծանուցագրերը եւ վարչական ակտերն իրավախախտման սուբյեկտին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով:

12. Էլեկտրոնային եղանակով ծանուցումն իրականացվում է վարույթի շրջանակներում ընդունված փաստաթղթերը, ծանուցագրերը եւ վարչական ակտերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո 5 աշխատանքային օրյա ժամկետում հարկ վճարողի կողմից սույն մասով նախատեսված անձնական էջ մուտք չգործելու դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, ինչի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստին:

13. Փաստաթղթերին, ծանուցագրերին եւ վարչական ակտերին հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, ինչը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ:

14. Փաստաթղթերը, ծանուցագրերը եւ վարչական ակտերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում՝ հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելուց հետո 5-րդ օրը:

15. Փաստաթղթերը, ծանուցագրերը եւ վարչական ակտերն ուժի մեջ են մտնում հարկ վճարողի կողմից նշված փաստաթղթերին պատշաճ ծանուցվելու հաջորդ օրը:

16. Եթե սույն հոդվածի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում սույն հոդվածի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:»:

Հոդված 3.  Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «եւ 257 հոդվածով»  բառերը փոխարինել  «, 246.1 եւ 257 հոդվածներով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային համակարգի ներդրման պահից: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 1.1-րդ կետի 1.1.14-րդ ենթակետը:

Մասնավորապես, Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 1.1-րդ կետի 1.1.14-րդ ենթակետով նախատեսվել է մինչեւ 2023 թվականը ստեղծել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթների (այսուհետ՝ ՎԻՎ վարույթներ) էլեկտրոնային կառավարման համակարգ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով  ՎԻՎ վարույթները հարուցվում եւ իրականացվում են թղթային եղանակով:

Հաշվի առնելով, որ Նախագծով  նախատեսվել է ՎԻՎ վարույթներն իրականացնել  ավտոմատացված ձեւով, հետեւաբար դրա իրականացման նպատակով Նախագծով կանոնակարգվել են էլեկտրոնային համակարգի կիրառման հետ կապված ՎԻՎ վարույթների առանձնահատկությունները: Մասնավորապես, Նախագծով նախատեսվել է, որ էլեկտրոնային եղանակով իրականացվելու են Օրենսգրքով սահմանված հարկային մարմնի քննությանը ենթակա  169.1 հոդվածի 2-րդ մասի (Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը), 169.18 (Հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ թերի հրապարակելը), 169.26 (Հասարակական կազմակերպության կողմից հաշվետվությունը չհրապարակելը), 169.27 (Հասարակական կազմակերպության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացումը) եւ 170.3 (Հարկերը, տուրքերը եւ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները ժամանակին չվճարելը) հոդվածների համաձայն կատարված  իրավախախտումների գործերով  վարույթները, ինչը պայմանավորված է նրանով, որ նշված վարույթներով իրավախախտման հատկանիշները բնութագրող հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն արդեն իսկ առկա է հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգում (վարվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի շրջանակներում), ինչպես նաեւ հաշվի առնելով նշված վարույթների ծավալը:

Միաժամանակ, Նախագծով նախատեսվել է, որ ՎԻՎ վարույթի շրջանակներում վարչական իրավախախտման սուբյեկտը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձն է:

ՎԻՎ վարույթների շրջանակներում փաստաթղթերը պետք է ընդունվեն եւ իրավախախտման սուբյեկտին ծանուցվեն էլեկտրոնային եղանակով, որն իրականացվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո 5 աշխատանքային օրյա ժամկետում հարկ վճարողի կողմից նշված անձնական էջ մուտք չգործելու դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, ինչի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստին:

Նախագծով նախատեսվել է, որ փաստաթղթերին, ծանուցագրերին եւ վարչական ակտերին հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, ինչը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում՝ հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելուց հետո 5-րդ օրը:

Միաժամանակ, Նախագծով նախատեսվել է նաեւ, որ փաստաթղթերը, ծանուցագրերը եւ վարչական ակտերն ուժի մեջ են մտնում հարկ վճարողի կողմից նշված փաստաթղթերին պատշաճ ծանուցվելու հաջորդ օրը:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ Նախագծի ընդունմամբ կապահովվի Որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 1.1-րդ կետի 1.1.14-րդ ենթակետի պահանջը, որի արդյունքում՝

1) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային  համակարգում կներդրվի ՎԻՎ վարույթների իրականացման մեխանիզմը,

2) ՎԻՎ վարույթները կիրականացվեն առանց մարդկային գործոնի ազդեցության,

3) ՎԻՎ վարույթի իրականացման գործընթացում հարկ վճարողների հետ շփումների կրճատման արդյունքում կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը,

4) կկրճատվեն ՎԻՎ վարույթների իրականացման վարչական ծախսերը  եւ

5) առկա աշխատանքային ռեսուրսներն ավելի նպատակային  կօգտագործվեն:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

5. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

ՎԻՎ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծմամբ՝ ակնկալում ենք ունենալ հետեւյալ արդյունքները.


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում


           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                             պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1836-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ