Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:»:
Հոդված 2. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Օրենքի 9-րդ հավելվածում 1.25, 1.29, 1.33, 1.37 գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների համար հիմնական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափից: Համապատասխան պետական ծառայողների համար օրենքով նախատեսված բնականոն աճը կիրառվում է Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափերի` տվյալ պահին աշխատողի համար նախատեսված գործակցի եւ օրենքով սահմանված կարգով բնականոն աճի կիրառման դեպքում համապատասխան գործակցի միջոցով որոշվող պաշտոնային դրույքաչափերի, տարբերության չափով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Անհրաժեշտությունը
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականի համար պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, իսկ օրենքով սահմանված չափը (66140 դրամ)` չի ապահովում նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը: Նշված խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում անհրաժեշտ լրացումներ կատարել, համապատասխան նախագիծը «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հետ միասին Ազգային ժողով քննարկման ներկայացնելու նպատակով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը (66140 դրամ) չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից եւ գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը:
2019 թվականի նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-223-Ն օրենքով 2021 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվեց 68000 դրամ: Նվազագույն ամսական աշխատավարձի անվանական արժեքը (հարկերը եւ նպատակային սոցիալական վճարը ներառյալ), 2020 թվականին կազմեց 91275 դրամ, որի 80 տոկոսը 73020 դրամ է: Մինչդեռ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականին թվականի համար նախատեսված էր 66140 դրամ:
Վերը նշված խնդրի կարգավորման նպատակով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-224-Ն օրենքով լրացում կատարվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածում եւ նախատեսվեց, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից եւ հիշյալ օրենքն (ՀՕ-224-Ն) ընդունվեց որպես ժամանակավոր նորմատիվ ակտ, որի գործողության ժամկետն ավարտվում է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին:
2021 թվականի պետական բյուջեի նախագծով պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, այսինքն այն պահպանվելու է 66140 դրամի սահմաններում: Ընդհանուր առմամբ նույն է մնալու նաեւ նվազագույն աշխատավարձ ստացողների համար հարկերի եւ սոցիալական վճարի ընդհանուր չափը, մասնավորապես 2021 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի չափը կսահմանվի 22 տոկոս, սակայն նպատակային սոցիալական վճարը մինչեւ 500000 դրամ եկամուտ ունեցողների դեպքում սահմանվելու է 3.5 տոկոսի չափով` գործող 2.5 տոկոսի փոխարեն: Արդյունքում պահումների ընդհանուր չափը դարձյալ կկազմի 25.5 տոկոս եւ նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը կմնա նույնը` 91275 դրամ:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագիծը մշակվել է մասնագիտական պաշտոնների 8-րդ ենթախմբի, կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնողների, հարկային տեսչության 2-րդ եւ 1-ին կարգի մասնագետների համար ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերին համահունչ` նվազագույն ամսական աշխատավարձին առվազն հավասար հիմնական աշխատավարձ ապահովման նպատակով` մինչեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը:
4. Ակնկալվող արդյունքը
Մինչեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը ապահովել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց` նվազագույն ամսական աշխատավարձի չափին առնվազն հավասար չափով հիմնական աշխատավարձ ստանալու իրավունքը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարությոան որոշում
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1844-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ