Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-7931-02.12.2020-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ գլխի վերնագիրը «ԿՈՐՑՆԵԼՈՒ» բառից հետո լրացնել «ԿԱՄ ԳԵՐԻ ԸՆԿՆԵԼՈՒ» բառերով:

Հոդված 2.

Օրենքը լրացնել նոր 30.1-ին հոդվածով՝

«Հոդված 30.1. Գերի ընկնելու դեպքում նպաստի իրավունքը

1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի իմաստով նպաստի իրավունք ունեցող անձի գերի ընկնելու դեպքում այդ անձի ընտանիքը ձեռք է բերում սույն հոդվածով նախատեսված նպաստի իրավունք:

2. Սույն հոդվածով նպաստի իրավունք ունեն գերի ընկած անձի ամուսինը, զավակները եւ ծնողները:

3. Գերի ընկնելու դեպքում նշանակված նպաստը սահմանվում է գերության ամբողջ ժամանակահատվածի համար:

4. Սույն հոդվածով նախատեսված նպաստի իրավունքից չեն օգտվում անձի գերի ընկնելու հիմքով օրենքով նախատեսված այլ բնույթի աջակցություն ստացող անձիք՝ բացառությամբ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված արտոնության:»:

Հոդված 3.

Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «կորցնելու» բառից հետո լրացնել «կամ գերի ընկնելու» բառերով.

2) 1-ին մասում «կամ կերակրողին կորցնելու» բառերը փոխարինել «, կերակրողին կորցնելու կամ գերի ընկնելու» բառերով.

3) 2-րդ մասում «կամ կերակրողին կորցնելու» բառերը փոխարինել «, կերակրողին կորցնելու կամ գերի ընկնելու» բառերով.

4) 6-րդ մասը «կորցնելու» բառից հետո լրացնել «կամ գերի ընկնելու» բառերով.

5) 9-րդ մասում «29-31-րդ» թվերը փոխարինել «29-30-րդ եւ 31-րդ» թվերով:

Հոդված 4.

Օրենքի 32.1-ին հոդվածում՝

1) վերնագիրը «կորցնելու» բառից հետո լրացնել «կամ գերի ընկնելու» բառերով.

2) լրացնել նոր 2.1-ին մաս.

«2.1. Ընտանիքի անդամի գերի ընկնելու դեպքում նպաստը նշանակվում է իրավասու մարմնի՝ անձին գերի ընկած ճանաչելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում:».

3) 3.1-ին մասում «կամ կերակրողին կորցնելու» բառերը փոխարինել «, կերակրողին կորցնելու կամ գերի ընկնելու» բառերով:

Հոդված 5.

Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «կորցնելու» բառից հետո լրացնել «կամ գերի ընկնելու» բառերով.

2) 1-ին մասը «կորցնելու» բառից հետո լրացնել «կամ գերի ընկնելու» բառերով.

3) 1-ին մասը լրացնել նոր 2.1-ին կետով.

«2.1) գերությունից ազատվելու դեպքում.».

4) 1-ին մասը լրացնել նոր 8.1-ին կետով.

«8.1) գերի ընկած անձի նկատմամբ պետական դավաճանության համար՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի առկայության դեպքում.».

5) 1-ին մասի 11-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 30.1-ին հոդվածով նախատեսված նպաստը ստանալու դեպքի»:

Հոդված 6.

Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) վերնագրում «կորցնելու» բառից հետո լրացնել «կամ գերի ընկնելու» բառերով.

2) 1-ին մասը «կորցնելու» բառից հետո լրացնել «կամ գերի ընկնելու» բառերը:

Հոդված 7.

Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-ին մասով՝

«2.1. Գերի ընկած անձի՝ գերության կամ գերությունից ազատվելուց հետո մեկ տարվա ընթացքում գերության ժամանակ ստացված խեղումների հետեւանքով մահանալու դեպքում նպաստառուին վճարվում է թաղման նպաստ:»:

Հոդված 8.

Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «կորցնելու» բառից հետո լրացնել «կամ գերի ընկնելու» բառերով.

2) 1-ին մասը «կորցնելու» բառից հետո լրացնել «կամ գերի ընկնելու» բառերով:

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում 2020 թվականի հունվարի 01-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրացուցային օրվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի ընթացքում ի հայտ եկան զինվորական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ «Օրենք») առկա որոշ իրավական բացեր եւ թերի կարգավորումներ:

Օրենքը, սահմանելով պայմանագրային զինծառայողին պաշտոնից ազատելու եւ պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու հիմքերը, չի նախատեսում ռազմական դրության ժամանակահատվածում հատուկ կարգավորումներ այն զինծառայողների իրավական կարգավիճակի մասին, որոնց գտնվելու վայրի վերաբերյալ պետական լիազոր մարմինը տեղեկությունների չի տիրապետում: Փաստացի, Օրենքի գործող իրավակարգավորումների պարագայում որպես պատերազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողին պաշտոնից ազատելու իրավական հիմք կարող է ծառայել Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, որի համաձայն՝ զինծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից եւ թողնվում է կադրերի տրամադրության տակ 1 ամսից ավել ժամկետով անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու դեպքերում: Գիտակցելով, որ ծառայության չներկայանալու, հետեւաբար՝ ծառայողական պարտականությունների չկատարման բոլոր դեպքերը օրենսդրի կողմից անհարգելի ճանաչելը հետապնդել է հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակ (օրինակ՝ ռազմական դրության ժամանակ դասալքության դիմած զինծառայողների արարքին համապատասխան իրավական գնահատական տալու անհրաժեշտություն), միեւնույն ժամանակ անընդունելի է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին անհարգելի պատճառներով ծառայությունից խուսափող դիտարկելը:

Վերոշարադրյալ հանգամանքը հաշվի առնելով եւ ելնելով ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողների իրավական կարգավիճակը սահմանելու անհրաժեշտությունից՝ նախագծով առաջարկվում է որպես պայմանագրային զինծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք նախատեսել ռազմական գործողությունների կապակցությամբ զինծառայողի անհայտ կորած ճանաչվելու դեպքերը: Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողների իրավական կարգավիճակի հստակեցումը կարեւոր է նաեւ պատերազմական ակտիվ գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողի, այդ թվում՝ հրամանատարական պաշտոն զբաղեցնող, հաստիքն արագ համալրելու անհրաժեշտությամբ, ինչն անհնար է առանց նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու:

Օրենքի գործող խմբագրությամբ՝ գերության մեջ գտնվելու պատճառով զինվորական պաշտոնից ազատված եւ կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը, սակայն վերջիններիս պաշտոնային դրույքաչափը վճարվում է միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի՝ զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու եւ (կամ) կամովին գերի հանձնվելու հետեւանք չէ: Օրենքի նման կարգավորման պարագայում խաթարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ «Սահմանադրություն») ամրագրված անմեղության կանխավարկածի էությունը, քանի որ անձի, տվյալ դեպքում՝ զինծառայողի իրավունքները սահմանափակվում են նախքան վերջինիս կողմից իրավախախտում (հանցագործություն) կատարելու փաստի՝ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ հաստատումը: Փաստացի, Օրենքի կարգավորումներով Հայաստանի Հանրապետության իրավական դաշտ է ներմուծվում մեղավորության կանխավարկածի ինստիտուտը, ինչը հակասում է Սահմանադրության 66-րդ հոդվածին:

Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ «Քրեական օրենսգիրք») 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 362-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով եւ 381-րդ հոդվածով համապատասխանաբար քրեականացված են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում դասալքությունը, մարտադաշտն ինքնակամ լքելը եւ կամովին գերի հանձնվելը:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ «Կարգապահական կանոնագիրք») 27-րդ հոդվածի 4.1-րդ մասը սահմանում է, որ «(...) Ծառայողական քննության ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում այդ մասին զեկուցվում է ծառայողական քննություն նշանակած հրամանատարին (պետին) եւ նրա հանձնարարությամբ տեղեկացվում է քրեական հետապնդում իրականացնող մարմնին՝ միաժամանակ ուղարկելով ծառայողական քննության նյութերի պատճենները, եւ ծառայողական քննությունը կասեցվում է: Տեղեկացման շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթի հարուցումը մերժվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է մերժման որոշումն ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քրեական վարույթ հարուցվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է քրեական վարույթով ուժի մեջ մտած վերջնական որոշումն ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:

Օրենքի կարգավորումներից բխում է, որ գերեվարված զինծառայողի պաշտոնական դրույքաչափի պահպանման համար ամեն պարագայում պարտադիր կարգով անցկացվելու է ծառայողական քննություն, իսկ ռազմական դրության ժամանակ, ղեկավարվելով Կարգապահական կանանոնագրքի 27-րդ հոդվածի 4.1-ին հոդվածով, Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշների առկայության դեպքում՝ ծառայողական քննությունը կասեցվում է եւ հարուցվում է քրեական գործ: Ընդ որում, ի տարբերություն ծառայողական քննության, քրեական վարույթի առավելագույն ժամկետ սահմանված չէ, հետեւաբար՝ անձի իրավունքների սահմանափակումը տեւելու է անորոշ ժամկետով նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենգրքի համաձայն՝ քրեական գործով վարույթը չի կարող ավարտվել առանց հանցագործության մեջ կասկածվող անձի լսված լինելու իրավունքն ապահովելու, այլ կերպ՝ հարուցված վարույթում պարտադիր է հանցագործության մեջ կասկածվող (մեղադրվող) զինծառայողի մասնակցությունը: Անձի լսված լինելու իրավունքի պահպանումը պարտադիր է նաեւ կարգապահական վարույթի շրջանակներում, եւ կարգապահական իրավախախտման կատարման մեջ կասկածվող զինծառայողի բացակայությունը եւս հիմք է կարգապահական վարույթը կասեցնելու համար՝ հիմք ընդունելով Կարգապահական կանոնագրքի 27-րդ հոդվածի 4.1-րդ մասի դրույթն առ այն, որ վարույթը ենթակա է կասեցման ծառայողական քննության կատարմանը ժամանակավորապես խոչընդոտող անհաղթահարելի ուժերի առկայության դեպքում, ինչպիսին այս պարագայում կարող է համարվել իրավախախտման մեջ կասկածվող զինծառայողի բացակայությունը: Փաստացի, Օրենքի գործող կարգավորումների պարագայում գերեվարված կամ անհայտ կորած զինծառայողը համարվում է մեղավոր, հանցագործություն կատարած մինչեւ իր անմեղության ապացուցումը:

Նման պարագայում բացարձակապես անընդունելի է գերեվարված անձին (նրա ընտանիքի անդամներին) զրկել դրամական ապահովությունից մինչեւ հարուցված վարույթով վերջնական որոշման կայացման պահը, որը կարող է բավականին երկար ժամանակ պահանջել: Օրենքի նմանաբնույթ կարգավորման պարագայում անկատար է մնում Օրենքով սահմանված կարգավորումների հետապնդած նպատակներից մեկը, այն է՝ զինծառայողի ընտանիքի անդամների սոցիալական կայունության ապահովումը: Այդ նպատակը մնում է նաեւ այն պատճառով, որ Օրենքը չի սահմանում գերեվարված զինծառայողին հասանելիք պաշտոնային դրույքաչափի՝ զինծառայողի ընտանիքի անդամներին տրամադրելու (հասանելի դարձնելու) իրավական ընթացակարգ: Օրենքով ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողների համար սոցիալական երաշխիքներ եւս սահմանված չեն:

Գերեվարված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական վիճակի կայունությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է զինծառայողի ընտանիքի անդամներին (ամուսինը, զավակները եւ ծնողները) տրամադրել ամենամսյա դրամական օգնություն մինչեւ զինծառայողի՝ գերությունից վերադառնալը կամ գտնվելու վայրի պարզումը կամ իրավասու մարմնի կողմից օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերի պահպանմամբ հարուցված վարույթի շրջանակներում զինծառայողի՝ գերության մեջ հայտնվելը կամ անհայտ կորելը զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու եւ (կամ) կամովին գերի հանձնվելու հետեւանք լինելու հանգամանքի ապացուցումը:

Նախագծով առաջարկվում է նաեւ զինծառայողների համար օրենքի մակարդակով նախատեսել լրացուցիչ սոցիալական երաշխիք, որի համաձայն՝ պետական լիազոր մարմնի կարդային ստորաբաժանման տրամադրության տակ մնացած զինծառայողներին օրենքով սահմանված կարգով հատկացվող բնակելի տարածության վարձակալության դիմաց հատկացվող դրամական փոխհատուցումը պահպանվում է (կադրերի ռեզերվում գրանցելու)՝ օրենքով սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում:

Ռազմական գործողությունների ընթացքում գերեվարվում են նաեւ քաղաքացիական անձիք, սակայն գործող օրենսդրությունը նրանց գերու կարգավիճակ տալու ընթացակարգ եւ ըստ այդմ նաեւ սոցիալական երաշխիքներ չի նախատեսում: Այս բացը լուծվում է նախագծերի սույն փաթեթով:

Ո Ր Ո Շ Ու Մ

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2020 թվականի դեկտեմբերի 01-ի նիստում՝

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ Ազգային ժողովի քննարկմանն առաջադրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


02 դեկտեմբերի, 2020թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում ենք «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- Խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին.

- Նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը.

- Տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքների համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Էդմոն Մարուքյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծն օրենքով սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ