ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես քննչական մարմնի, լիազորությունները, համակարգը եւ կառուցվածքը, կազմավորման, գործունեության, պաշտոն զբաղեցնելու կարգը եւ պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները եւ պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները:
Հոդված 2. Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենսդրությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերից:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի վրա տարածվում է նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ կիրառելի են ծառայության այդ տեսակի նկատմամբ եւ չեն հակասում սույն օրենքի էությանը:
Հոդված 3. Սույն օրենքի հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք եւ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողները.
2) Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, նրա տեղակալները, Հակակոռուպցիոն կոմիտեի վարչությունների պետերը, նրանց տեղակալները, բացառությամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի (հետաքննության մարմնի պետի) եւ նրա տեղակալի, Հակակոռուպցիոն կոմիտեի բաժինների պետերը, նրանց տեղակալները, Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչները, հատկապես կարեւոր գործերով քննիչները, ավագ քննիչները, քննիչները.
3) Հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը, նրա տեղակալը եւ հակակոռուպցիոն կոմիտեի հիմնական գործառույթների իրականացմանը աջակցող ստորաբաժանումների ծառայողները.
4) Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատակիցներ՝ պետական ծառայողներ, այդ թվում՝ վարչությունների պետերը, նրանց տեղակալները, բաժինների պետերը, ավագ հետաքննիչներ, հետաքննիչներ, որոնց վրա տարածվում են Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ սույն օրենքով նախատեսված կարգավորումները.
5) կոռուպցիոն հանցագործություններ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների ցանկի մեջ մտնող հանցագործություններ.
6) Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանում՝ կոմիտեի կազմում գործող վարչություն եւ բաժին:
ԳԼՈՒԽ 2
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 4. Հակակոռուպցիոն կոմիտեի կարգավիճակը եւ լիազորությունները
1. Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը:
2. Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն:
3. Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է նաեւ սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 5. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության սկզբունքները
1. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը հիմնվում է անկախության, հրապարակայնության, ֆինանսական ինքնուրույնության եւ քաղաքական չեզոքության սկզբունքների վրա:
2. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացնում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական գործունեության սկզբունքների պահպանմամբ:
Հոդված 6. Հակակոռուպցիոն կոմիտեի անկախությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաեւ իր կառուցվածքին, աշխատանքների կազմակերպման կարգին վերաբերող որոշումներն ընդունելիս անկախ է եւ ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին:
Հոդված 7. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հրապարակայնությունը եւ հաշվետվողականությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաեւ պետական եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիքների պաշտպանությունը:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հունվարի 31-ը, Կառավարություն եւ Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում:
3. Հակակոռուպցիոն կոմիտեն յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, իր պաշտոնական կայքէջում հրապարակում է գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: Տեղեկատվության կառուցվածքը, դրանում ներառվող հարցերի շրջանակը սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաշվետվությունը պաշտոնական կայքէջում հրապարակվում է յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հունվարի 31-ը:
Հոդված 8. Ֆինանսական ինքնուրույնությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
2. Հակակոռուպցիոն կոմիտեն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (պետական բյուջեով Հակակոռուպցիոն կոմիտեի գծով նախատեսվելիք ծախսերի նախահաշվի նախագիծը)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունն Ազգային ժողով եւ Հակակոռուպցիոն կոմիտե է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի ֆոնդի երկու տոկոսին:
5. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի որոշմամբ:
Հոդված 9. Քաղաքական չեզոքությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն:
2. Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը կարող է մասնակցել միայն որպես ընտրող (քվեարկող):
3. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ քննարկումների ժամանակ արտահայտած կարծիքները եւ հայտարարությունները, այդ թվում՝ հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում:
ԳԼՈՒԽ 3
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 10. Հակակոռուպցիոն կոմիտեի համակարգը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի համակարգը ներառում է հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներ եւ ներքին անվտանգության հարցերով ստորաբաժանում) եւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ստորաբաժանումներն են վարչությունները եւ բաժինները: Հակակոռուպցիոն կոմիտեի վարչությունը կարող է ունենալ նաեւ բաժիններ:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը ապահովում է Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, որոնց վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը:
5. Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքը, պաշտոնների, այդ թվում՝ հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
Հոդված 11. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ղեկավարում եւ վերահսկում է կոմիտեի գործունեությունը եւ պատասխանատու է կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝
1) սահմանում է կոմիտեի ծառայողների կողմից կոռուպցիոն գործերի բացահայտման եւ քննության պատշաճ կազմակերպման ուղեցույցները եւ ապահովում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջեւ.
3) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին եւ անհատական իրավական ակտեր եւ տալիս հանձնարարականներ.
4) ներկայացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) հետ հարաբերություններում.
5) հաստատում է Հակակոռուպցիոն կոմիտեի կանոնադրությունը, կառուցվածքը, պաշտոնների անվանացանկը եւ հաստիքացուցակը.
6) նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, նշանակում եւ փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.
7) խրախուսում եւ կարգապահական պատասխանատվության է ենթարկում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին, պարգեւատրում է կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց.
8) Հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծում է խորհրդակցական մարմիններ՝ սահմանելով դրանց գործունեության կարգը.
9) քայլեր է ձեռնարկում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ.
10) սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգման կարգը եւ պայմանները.
11) իրավասու է ներքին անվտանգության ստորաբաժանման միջոցով պարբերաբար իրականացնել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիոն եղանակներով.
12) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ նրա հանձնարարությամբ նրան փոխարինում է տեղակալներից մեկը, իսկ հանձնարարության բացակայության դեպքում՝ կոմիտեի նախագահի՝ առավել երկար մասնագիտական ստաժ ունեցող տեղակալը:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է վարչապետը՝ վեց տարի ժամկետով եւ սույն օրենքով սահմանված կարգով:
5. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում:
6. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը՝ անկախ վերանշանակման հանգամանքից:
Հոդված 12. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ
1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ունի երեք տեղակալ:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը՝
1) համակարգում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.
2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին եւ անհատական իրավական ակտեր, տալիս հանձնարարականներ.
3) միջնորդություններ է ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
4) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 13. Ծառայողական եւ քրեադատավարական վերադասությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վերադաս է Հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր ծառայողների համար:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը վերադաս է իր համակարգման ներքո գտնվող Հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր ծառայողների համար:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ստորաբաժանման պետը վերադաս է տվյալ ստորաբաժանման բոլոր ծառայողների համար:
4. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողական վերադասության մյուս հարաբերությունները կարգավորվում են Հակակոռուպցիոն կոմիտեի կանոնադրությամբ:
5. Հակակոռուպցիոն կոմիտեում քրեադատավարական վերադասության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
ԳԼՈՒԽ 4
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 14. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնների համակարգը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.
1) բարձրագույն պաշտոններ.
2) գլխավոր պաշտոններ.
3) առաջատար պաշտոններ:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնների յուրաքանչյուր խումբ դասակարգվում է 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների բարձրագույն խմբի պաշտոնները դասակարգվում են հետեւյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետեւյալ պաշտոնները.
1) 1-ին ենթախումբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ.
2) 2-րդ ենթախումբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ.
3) Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության, այդ թվում՝ տարածքային վարչության պետ, եւ նրանց տեղակալներ:
5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գլխավոր պաշտոնները դասակարգվում է հետեւյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետեւյալ պաշտոնները.
1) 1-ին ենթախումբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ.
2) 2-րդ ենթախումբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննիչ.
3) 3-րդ ենթախումբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետ եւ նրա տեղակալ, Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչ:
6. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջատար պաշտոնները դասակարգվում է հետեւյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետեւյալ պաշտոնները.
1) 1-ին ենթախումբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ.
2) 2-րդ ենթախումբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ հետաքննիչ.
3) 3-րդ ենթախումբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հետաքննիչ:
Հոդված 15. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քացաքացին, ով՝
1) ունի Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով.
2) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.
3) տիրապետում է հայերենին.
4) ունի անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկ՝ ստանդարտացված թեստային համակարգերով կամ Կառավարության սահմանած կարգով ստուգվող լեզվական գիտելիքների B1 մակարդակի իմացություն: Սույն կետի պահանջը չի տարածվում առաջատար պաշտոնների 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ.
5) բավարարում է պաշտոնին ներկայացվող սույն օրենքով նախատեսված պահանջները.
6) չի տառապում Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությամբ:
2. Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաեւ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝
1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչեւ դատվածությունը չի մարվել կամ հանվել.
4) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
5) որի նկատմամբ դիտավորյալ հանցագործության համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.
6) որը, լինելով դատավոր կամ նախկին դատավոր, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական եւ արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով, դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատում կամ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժերից մեկը՝ անկախ կարգապահական տույժի սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
7) որը, լինելով դատախազ, քննիչ, նախկին դատախազ կամ նախկին քննիչ վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով, պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով կամ պաշտոնից ազատում, կարգապահական տույժերից մեկը՝ անկախ կարգապահական տույժի սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
8) որը, լինելով հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ կամ նախկին օպերլիազոր, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, հիմնական աշխատավարձի իջեցում մինչեւ 20 տոկոսով, բայց ոչ ավելի, քան բազային աշխատավարձի չափը կամ ծառայության դադարեցում կարգապահական տույժերից մեկը, 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 3 ամիս ժամանակով, պաշտոնի իջեցում մեկ աստիճանով, կոչման իջեցում մեկ աստիճանով կամ ոստիկանությունից ազատում կարգապահական տույժերից մեկը՝ անկախ կարգապահական տույժի սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
9) որը, լինելով փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացների, տուգանք կամ փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում կարգապահական տույժերից մեկը՝ անկախ կարգապահական տույժի սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
10) որը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի առաջատար պաշտոնների 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Կառավարությունը:
5. Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է 60 տարեկանը: Սահմանային տարիքը լրանալուց հետո հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է մինչեւ 5 տարի ժամկետով երկարաձգել պաշտոնավարման ժամկետը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը 65 տարեկանն է:
Հոդված 16. Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակելու պայմանները
1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին բավարարող անձը, որն ունի դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննիչի, օպերլիազորի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 5 տարվա ընդհանուր ստաժ:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին բավարարող անձը, որն ունի քննչական մարմնի բարձրագույն, գլխավոր խմբերի կամ դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննիչի, օպերլիազորի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործունեության առնվազն 4 տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 4 տարվա ընդհանուր ստաժ:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոնում կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին բավարարող այն անձը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է քննչական մարմնի բարձրագույն, գլխավոր խմբերի կամ վերջին երկու տարին առաջատար խմբի պաշտոններ կամ ունի դատախազի առնվազն 2 տարվա կամ քննիչի առնվազն 4 տարվա ստաժ: Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավար կամ նրա տեղակալ կարող է նշանակվել նաեւ հետաքննիչի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության առնվազն 5 տարվա ստաժ ունեցող անձը:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է քննչական մարմնի գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի առնվազն 1 տարվա կամ փաստաբանի կամ քննիչի առնվազն 3 տարվա ստաժ:
5. Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր պաշտոնների 3-րդ ենթախմբի պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է քննչական մարմնի առաջատար խմբի կամ դատախազի պաշտոններ կամ ունի փաստաբանի կամ քննիչի առնվազն 2 տարվա ստաժ:
6. Հակակոռուպցիոն կոմիտեի առաջատար պաշտոնների 1-ին եւ 2-րդ ենթախմբերի պաշտոնում կարող է նշանակել այն անձը, որն ունի առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
7. Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:
8. Հակակոռուպցիոն կոմիտեի այն պաշտոններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, եւ նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (ատեստավորման, վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը եւ պայմանները սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերում՝ տվյալ պաշտոնում նշանակումը կատարում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
10. Հակակոռուպցիոն կոմիտեում թափուր պաշտոնի կարող է նշանակվել պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:
Հոդված 17. Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը եւ պաշտոնում նշանակումը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների (բացառությամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների) ցուցակը համալրում է մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով):
2. Հանձնաժողովը կազմավորում եւ դրա գործունեության կարգը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից նշանակված Հակակոռուպցիոն կոմիտեի 3 ծառայող, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջադրած 1 անձ, քաղաքացիական հասարակության 1 ներկայացուցիչ: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող չհանդիսացող անձինք Հանձնաժողովում կարող են ընդգրկվել, եթե ունեն առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ:
3. Քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգը հաստատում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
4. Հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որին հանձնաժողովի անդամներից նշանակում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
5. Հակակոռուպցիոն կոմիտեում թափուր պաշտոն առաջանալու դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակում է մրցույթ (բացառությամբ՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
6. Թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելու վերաբերյալ հրապարակվում է հայտարարություն մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում (www.azdarar.am), հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:
7. Մրցույթի հայտարարության ձեւը, ինչպես նաեւ մրցույթի կազմակերպման եւ անցկացման կարգը, այդ թվում՝ թեկնածուի մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով կազմված հարցերից բաղկացած թեստավորման հարցարանը (այսուհետ՝ Հարցարանը), թեստավորման անցկացման պայմանները եւ անցողիկ միավորը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման եւ միավորների հաշվարկման կարգը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
8. Թեստավորման հարցարանի հարցերի 20%-ը պետք է ներառի քրեական օրենսդրության, 20%-ը՝ քրեական դատավարության օրենսդրության, 20%-ը՝ գույքի բռնագանձման վերաբերյալ ոլորտի օրենսդրության, 20%-ը՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ոլորտի օրենսդրության, 20%-ը՝ հաշվապահական հաշվառման կամ իրավաբանական անձի կարգավիճակը կարգավորող ոլորտների իմացության ստուգմանն ուղղված հարցեր:
9. Հայտարարությունը պետք է առնվազն պարունակի հետեւյալ տվյալները.
1) թեկնածուին ներկայացվող պահանջները.
2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձեւանմուշը.
3) մրցույթի անցկացման պայմանները, Հարցարանը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման եւ միավորների հաշվարկման կարգը.
4) փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը եւ վայրը:
10. Մրցույթն անցկացվում է հետեւյալ փուլերով՝
1) Փաստաթղթերի ուսումնասիրության փուլ՝ փաստաթղթերը ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, Հանձնաժողովը համադրում է մասնակցի կողմից ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Հանձնաժողովն անձին չի թույլատրում մասնակցել մրցույթի հետագա ընթացքին, եթե նա չի բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները: Մրցույթն անցկացվում է նաեւ այն դեպքերում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից.
2) թեստավորման փուլ՝ Փաստաթղթերի ուսումնասիրության փուլի ավարտից հետո տասնօրյա ժամկետում Հանձնաժողովը փաստաթղթղերի ուսումնասիրության փուլը հաղթահարած մասնակիցների համար կազմակերպում է թեստավորման փուլը, որի ընթացքում ստուգվում են մասնակիցների մասնագիտական գիտելիքները: Թեստավորման անցկացման նույն օրը կազմվում եւ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակվում է թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների ցուցակը, ինչպես նաեւ հարցազրույցի օրը եւ վայրը.
3) բարեվարքության ուսումնասիրության փուլ՝ Հանձնաժողովը թեստավորման փուլի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում թեստավորման փուլը հաղաթահարած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.
4) հարցազրույցի փուլ՝ Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում անցկացնում է հարցազրույց՝ հարցազրույցի անցկացման օրվա եւ վայրի մասին տեղեկատվությունը հարցազրույցն անցկացնելուց առնվազն երեք օր առաջ հրապարակելով իր պաշտոնական կայքէջում: Հարցազրույցի փուլին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաեւ հոգեբան, որին ներգրավում է Հանձնաժողովը: Հարցազրույցի փուլում Հանձնաժողովի անդամները գնահատում են մասնակցի աշխատանքային ձեռքբերումները, վերլուծական կարողությունները, տարբեր իրավիճակներում վարվեցողությունը, պատասխանատվության զգացումը, հաղորդակցման հմտությունները, տվյալ պաշտոնում նշանակվելու նրա շարժառիթը, ակնկալիքները եւ այդ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակները եւ արժանիքները: Մասնակցին տրվող հարցերը չպետք է ունենան նրա իրավաբանական գիտելիքները ստուգելու նպատակ.
5) արդյունքների ամփոփման փուլ՝ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա հատկանիշները: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է յուրաքանչյուր մասնակցին՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովը կազմում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակ, որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավորներ ստացած թեկնածուները: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների համալրման ցուցակները կազմվում են առանձին: Եթե մասնակիցների միավորների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել հաղթողին, ապա անցկացվում է բաց քվեարկություն, որի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է առավելագույն հավասար ձայներ ստացած այս կամ այն թեկնածուի օգտին: Քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Մրցույթի վերջնական արդյունքները մեկօրյա ժամկետում հրապարակվում են Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
11. Մասնակիցը մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո նույն օրը կարող է դրանք գրավոր բողոքարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է մեկ օրվա ընթացքում:
12. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում, իսկ բողոքի առկայության դեպքում՝ բողոքարկման վերաբերյալ պատասխան տալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը ներկայացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Ցուցակին կցվում են նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված խորհրդատվական եզրակացությունները:
13. Ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնագիտական պատրաստում են անցնում արդարադատության ակադեմիայում: Անձը հանվում է ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակից, եթե Արդարադատության ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձաշրջանը կամ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից:
14. Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք ցուցակում ընդգրկվելուց հետո ոստիկանության ուսումնական հաստատությունում անցնում են վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստման դասընթացի անցկացման կարգը, տեւողությունը, ինչպես նաեւ վերապատրաստման ուսումնական ծրագիրը հաստատվում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ Ոստիկանության պետի համատեղ հրամանով:
15. Անձն ազատվում է սույն հոդվածի 13-րդ եւ 14-րդ մասերով սահմանված ուսումնառությունից, եթե ունի դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 2 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի:
16. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը համապատասխան ուսումնառությունը ավարտած թեկնածուների կամ սույն հոդվածի 15-րդ մասով սահմանված թեկնածուների ցուցակը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է նշանակում համապատասխան պաշտոնում, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի դեպքում՝ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների ցուցակը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետին է առաջարկում մրցույթում հաղթող ճանաչված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի թեկնածությունը՝ կցելով թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված խորհրդատվական եզրակացությունը:
17. Եթե մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ միավորը ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում եւ անցկացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
18. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմողները չեն բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջներին, կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ տասնօրյա ժամկետում սույն հոդվածով սահմանված կարգով հայտարարվում եւ անցկացվում է նոր մրցույթ:
Հոդված 18. Մրցութային խորհրդի ձեւավորումը եւ գործառույթները
1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվում է մրցութային խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ):
2. Խորհուրդը ձեւավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նշանակած մեկական թեկնածուներից եւ քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:
3. Խորհրդի անդամ՝ բացառությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի, կարող է նշանակվել բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում, բարձր մասնագիտական եւ բարոյական հատկանիշներ ունեցող, կուսակցական պատկանելիություն չունեցող յուրաքանչյուր ոք, ով ունի քրեական մասնագիտացման դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննիչի, օպերլիազորի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 5 տարվա ընդհանուր ստաժ:
4. Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից 90 օր առաջ կամ թափուր տեղի առաջացման պահից տասնօրյա ժամկետում դիմում է Ազգային ժողով, Կառավարությանը, Բարձրագույն դատական խորհուրդ, Մարդու իրավունքների պաշտպանին, Գլխավոր դատախազություն՝ տասնօրյա ժամկետում մեկական անդամ նշանակելու համար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նույն ժամկետում ապահովում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումը:
5. Քաղաքացիական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո՝ տասնօրյա ժամկետում, հասարակական կազմակերպությունները վարչապետի աշխատակազմ են ներկայացնում մրցութային խորհրդում ներգրավվելու վերաբերյալ դիմում՝ դրան կցելով հակակոռուպցիոն ոլորտի փորձառությունը հավաստող փաստաթղթերը: Երկուսից ավելի հասարակական կազմակերպության դիմելու դեպքում նախապատվությունը տրվում է հակակոռուպցիոն ոլորտի առավել երկար փորձառություն ունեցող հասարակական կազմակերպության ներկայացուցչին: Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն մրցութային խորհրդում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ:
6. Խորհուրդը համարվում է ձեւավորված դրանում առնվազն չորս անդամի ներգրավումից հետո: Սահմանված ժամկետում առնվազն չորս անդամի չնշանակվելու դեպքում խորհուրդը համարվում է չձեւավորված, եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով ձեւավորում է նոր խորհուրդ:
7. Խորհրդի նիստերը բաց են քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար: Խորհրդի նիստերը տեսաձայնագրվում են:
8. Խորհրդի նիստերի անցկացման վերաբերյալ տեղակատվությունը հրապարակվում է Վարչապետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում, ոչ ուշ քան նիստի անցկացումից 48 ժամ առաջ:
9. Խորհրդի աշխատանքները կազմակերպում է Վարչապետի աշխատակազմը:
10. Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում: Խորհրդի առաջին նիստը վարում է Խորհրդի՝ նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը:
11. Խորհրդի անդամներն իրենց կազմից ընտրում են նախագահ եւ քարտուղար:
12. Խորհուրդը՝
1) սահմանում է իր գործունեության աշխատակարգը.
2) ապահովում է մրցույթի անցկացման պայմանների եւ ժամկետների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.
3) համադրում է թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին (փաստաթղթերի գնահատման փուլ).
4) հարցազրույցի փուլի անցկացման նպատակով սահմանում է Հարցարանը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման եւ միավորների հաշվարկման կարգը.
5) փաստաթղթերի գնահատման փուլի արդյունքում ընտրում է հարցազրույցի փուլ անցած թեկնածուների.
6) դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ հարցազրույցի փուլ անցած թեկնածուների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու եւ խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելու նպատակով:
7) հարցազրույցի փուլի արդյունքում ընտրում է ներկայացվող պահանջներին առավելագույնս համապատասխանող մրցույթում հաղթող ճանաչված առնվազն երկու մասնակից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու.
8) կազմում եւ Վարչապետին է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ միաժամանակ այն հրապարակելով հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում եւ զանգվածային լրատվության միջոցներով:
Հոդված 19. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթը եւ նշանակումը
1. Մրցութային խորhուրդը վարչապետի աշխատակազմի միջոցով (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատակազմ) մրցույթը հայտարարում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 90, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ 40 օրվա ընթացքում:
2. Հայտարարությունը հրապարակվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում (www.azdarar.am), Վարչապետի աշխատակազմի եւ հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջերում, ինչպես նաեւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:
3. Հայտարարությունը պետք է պարունակի հետեւյալ տվյալները.
1) թեկնածուին ներկայացվող պահանջները.
2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձեւանմուշը.
3) մրցույթի անցկացման պայմանները, Հարցարանը.
4) փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը եւ վայրը:
4. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը (այսուհետ՝ հավակնորդ) հայտարարության հրապարակմանը հաջորդող 10 օրվա ընթացքում աշխատակազմ է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը:
6. Խորհուրդը մրցույթն անցկացնում է հետեւյալ փուլերով՝
1) Փաստաթղթերի ուսումնասիրության փուլ՝ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, Խորհուրդը համադրում է թեկնածուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Խորհուրդն անձին չի թույլատրում մասնակցել մրցույթի հետագա ընթացքին, եթե նա չի բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները: Մրցույթն անցկացվում է նաեւ այն դեպքերում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից.
2) բարեվարքության ուսումնասիրության փուլ՝ փաստաթղթերի ուսումնասիրության փուլի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում փաստաթղթերի ուսումնասիրության փուլը հաղթահարած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.
3) հարցազրույցի փուլ՝ Խորհուրդը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում անցկացնում է հարցազրույց՝ հարցազրույցի անցկացման օրվա եւ վայրի մասին տեղեկատվությունն Աշխատակազմի միջոցով հարցազրույցն անցկացնելուց առնվազն երեք օր առաջ հրապարակելով աշխատակազմի պաշտոնական կայքէջում: Հարցազրույցն իրականացվում է հետեւյալ փուլերով՝
ա. Հարցազրույցի փուլում Խորհրդի կողմից հարցազրույցի ձեւով ստուգվում են տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ ղեկավարման եւ կառավարչական հմտությունների տիրապետման, ինչպես նաեւ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական հատկանիշները (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ պաշտոնեական եւ արտապաշտոնեական հարաբերություններում, վերլուծական կարողություններ եւ այլն):
բ. Համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի նորմի, դատական ակտում արտահայտված դիրքորոշումներ եւ այլն) թեկնածուի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները եւ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար: Թեկնածուին տրվող հարցերը չպետք է ունենան նրա իրավաբանական գիտելիքները ստուգելու նպատակ.
4) արդյունքների ամփոփման փուլ՝ Խորհրդի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա հատկանիշները: Խորհրդի յուրաքանչյուր անդամ գնահատում է յուրաքանչյուր թեկնածուին՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքում Խորհուրդը կազմում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակ, որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավորներ ստացած երկու թեկնածուները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու:
7. Թեկնածուների ցանկը կազմելուց հետո՝ երկու օրվա ընթացքում, Խորհուրդը Վարչապետին է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ միաժամանակ այն հրապարակելով զանգվածային լրատվության միջոցներով:
8. Վարչապետը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում կատարում է նշանակում Խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում:
9. Խորհուրդը մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում նշանակում է նոր մրցույթ:
Հոդված 20. Հակակոռուպցիոն կոմիտեի այլ պաշտոններում նշանակելը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի մյուս ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
2. Հակակոռուպցին կոմիտեի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունում եւ աշխատանքից ազատում է Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հակակոռուպցիոն կոմիտեում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի ընդունում եւ աշխատանքից ազատում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
Հոդված 21. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի երդումը
1. Հակակոռուպցիոն կոմիտեում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության դրոշի առջեւ տալիս են հետեւյալ բովանդակությամբ երդում.
«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), պաշտոն ստանձնելով Հակակոռուպցիոն կոմիտեում, երդվում եմ՝
հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, կոռուպցիոն բնույթի հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, նպաստել հասարակությունում կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության ձեւավորմանը, անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը երդում տալիս է մեկ անգամ՝ անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:
Հոդված 22. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կադրերի ռեզերվը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, Հակակոռուպցիոն կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնները Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին առաջարկվում են ըստ հերթականության:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների՝ կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված՝ քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը, իսկ ծառայության ժամկետը սույն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում՝ մինչեւ երկարաձգված ժամկետը լրանալը:
4. Եթե Հակակոռուպցիոն կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձն իր դիմումի համաձայն հանվում է ռեզերվից, ապա նրա ստաժը հաշվարկվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան:
5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երկու ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի՝ իր դիմումի հիման վրա երկու ամսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան:
6. Սույն օրենքի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
Հոդված 23. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները:
Հոդված 24. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին պաշտոնից ազատելը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պաշտոնից ազատվում է՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ միաժամանակ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքերում.
2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.
3) սույն օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ, եթե սույն օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել.
4) հաստիքների կրճատման, հակակոռուպցիոն կոմիտեի լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, եւ հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
5) հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.
6) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
7) եթե նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.
8) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
9) նրա նկատմամբ պաշտոնից ազատում կարգապահական տույժ նշանակելու դեպքում կամ մեկ տարվա ընթացքում երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող ծառայողի կողմից կագապահական խախտում կատարելու դեպքում.
10) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը.
11) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.
12) ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին նրա չհամապատասխանելու դեպքում.
13) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երկու անգամ անընդմեջ անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում.
14) հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները խախտելու դեպքում.
15) սույն օրենքի պահանջների խախտմամբ պաշտոնի նշանակված լինելու դեպքում:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝
1) պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալը.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը.
4) նրա մահը.
5) սույն օրենքով սահմանված սահմանափակումներից որեւէ մեկի ի հայտ գալը.
6) նրա նկատմամբ կայացված դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.
7) նրա նկատմամբ կայացված՝ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը.
8) հրաժարականի դիմում ՀՀ վարչապետին ներկայացնելը եւ վերջինիս կողմից այն հաստատելը:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի լիազորությունները դադարեցվում են, եթե՝
1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել հիվանդություն, որը տեւական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը.
2) նա խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված սահմանափակումները եւ անհամատեղելիության պահանջները.
3) ի հայտ են եկել փաստեր առ այն, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:
5. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակման օրվան հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:
Հոդված 25. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների դասային աստիճանները
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները.
1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.
2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.
3) արդարադատության առաջին դասի խորհրդական.
4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.
5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.
6) առաջին դասի խորհրդական.
7) երկրորդ դասի խորհրդական.
8) երրորդ դասի խորհրդական:
2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի եւ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մյուս դասային աստիճանները շնորհում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:
5. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 9-րդ եւ 15-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը կարող է զրկվել հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության դասային աստիճանից՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:
Հոդված 26. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները
1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի:
3. Բարձրագույն խմբի երրորդ ենթախմբի եւ գլխավոր խմբի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի:
4. Գլխավոր խմբի երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի խորհրդականի:
5. Առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:
6. Առաջատար խմբի երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:
7. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխանեցվում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի դասային աստիճանին: Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:
Հոդված 27. Դասային աստիճանների շնորհման ժամկետները
1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն սկզբնական դասային աստիճան է եւ շնորհվում է հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի: Հակակոռուպցիոն կոմիտեում մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:
2. Եթե սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է Հակակոռուպցիոն կոմիտեում տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետեւյալ ժամկետները.
1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 2 տարի.
2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 3 տարի.
3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 3 տարի.
4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 4 տարի.
5) արդարադատության երկրորդ դասի դասային աստիճան ունեցողի համար՝ 5 տարի:
5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:
6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում՝ զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:
7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե՝
1) ատեստավորումից հետո որոշում է ընդունվել ատեստավորումը հետաձգելու եւ նրան վերապատրաստման գործուղելու մասին.
2) նա ունի կարգապահական տույժ.
3) նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում կամ կատարվում է ծառայողական քննություն:
8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման՝ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո՝ 15-օրյա ընթացքում, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին շնորհվում է հերթական դասային աստիճանը:
ԳԼՈՒԽ 5
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 28. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի իրավունքները
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի՝
1) ծանոթանալու իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին եւ այլ փաստաթղթերի, ինչպես նաեւ ներկայացնելու պարզաբանումներ.
2) սահմանված կարգով ստանալու ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր.
3) իր իրավասության սահմաններում քննարկելու հարցեր եւ ընդունելու որոշումներ.
4) ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն.
5) իրավական պաշտպանության, սոցիալական պաշտպանության եւ ապահովության.
6) սահմանված կարգով մասնակցելու ծառայողական առաջխաղացմանը եւ ստանալու իր պաշտոնին համապատասխանող ավելի բարձր դասային աստիճան.
7) սահմանված կարգով վերապատրաստվելու պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.
8) ներկայացնելու առաջարկություններ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության կատարելագործման վերաբերյալ:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ունի օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում անվտանգությունն ապահովելու նպատակով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի դիմել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:
Հոդված 29. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պարտականությունները
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պարտավոր է՝
1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.
2) կատարել Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները.
3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում եւ գործնական հմտություններ.
4) իր լիազորություններն իրականացնելիս ապահովել մարդու եւ քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.
5) պահպանել ծառայողական կարգապահությունը.
6) պահպանել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության հետ աշխատելու համար սահմանված պահանջները, այդ թվում՝ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.
7) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի սահմանած կարգով իրականացնել հերթապահություն.
8) սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում անցնել ատեստավորում եւ վերապատրաստում.
9) պահպանել սույն օրենքով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի համար սահմանված սահմանափակումները եւ անհամատեղելիության պահանջները:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 30. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու եւ առանձնակի ցուցանիշների համար հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետեւյալ միջոցները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգեւատրում.
3) հուշանվերով պարգեւատրում.
4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.
5) մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրում.
6) արտահերթ դասային աստիճանի շնորհում.
7) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ, որպես խրախուսանք, կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսման միջոցը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված խրախուսման տեսակները կիրառում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 6-7-րդ կետերով սահմանված խրախուսման տեսակը կիրառում է նման դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
6. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած պաշտոնատար անձը:
7. Հակակոռուպցիոն կոմիտեի բարձրագույն խմբի երրորդ ենթախմբի, գլխավոր եւ առաջատար պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
Հոդված 31. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգեւատրումը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից կարող են պարգեւատրվել շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգեւատրմամբ:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգեւատրման կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
Հոդված 32. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կարգապահական պատասխանատվության հիմքերը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարքագծի կաննոները խախտելը.
2) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելը.
3) սույն օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.
4) աշխատանքային ներքին կարգապահական կանոնները պարբերաբար խախտելը.
5) օրենքով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության կամ շահերի բախմանն առնչվող պահանջները չպահպանելը.
6) առաքինության ստուգման բացասական արդյունքները:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարքագծի կաննոները սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա:
Հոդված 33. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական տույժերը.
1) զգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.
6) ծառայությունից ազատում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ չի կիրառվում:
Հոդված 34. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:
2. Տույժերը ձեւակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժի մասին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ հնգօրյա ժամկետում:
4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:
5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
6. Ծառայողական քննության ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը: Այդ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը պահպանվում է:
7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել մինչեւ քրեական հետապնդման դադարեցումը կամ մինչեւ տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
8. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկել դատարան:
9. Կարգապահական տույժի ենթարկված հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվությունից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կարգապահական տույժը կիրառվել է առաքինության ստուգման շրջանակներում կատարված խախտման հիմքով:
Հոդված 35. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորումը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաեւ ծառայողական առաջխաղացման նպատակով:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը երեք տարին մեկ անցնում է ատեստավորում:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ցանկությամբ:
5. Ատեստավորումն անցկացվում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անմիջական մասնակցությամբ:
6. Ատեստավորման ենթակա չեն՝
1) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները.
2) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել.
3) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ծառայողները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել.
4) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ տվյալ տարում պաշտոնից ազատվողները:
7. Հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
9. Ատեստավորման ենթակա հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ծառայողական բնութագիրը:
11. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների եւ ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:
12. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
13. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
14. Ատեստավորման հանձնաժողովի գործառույթներն իրականացնում է սույն օրենքով նախատեսված մրցութային հանձնաժողովը:
15. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում.
3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով.
4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին.
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին.
6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:
16. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին եւ դրանց հետ համաձայն չլինելու դեպքում եռօրյա ժամկետում բողոքարկելու դրանք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:
17. Հանձնաժողովի եզրակացությունը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:
18. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ատեստավորման արդյունքների հիման վրա լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդում գտնվելու, ինչպես նաեւ վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Արտահերթ դասային աստիճան շնորհելու, ավելի ցածր պաշտոնի փոխադրելու կամ պաշտոնից ազատելու միջնորդությունների առկայության դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է համապատասխան որոշում ընդունել նույն ժամկետում:
19. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
Հոդված 36. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վերապատրաստումը եւ մասնակցությունը կրթական այլ ծրագրերին
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները, բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների, պարտավոր են ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ անցնել վերապատրաստում:
2. Պարտադիր վերապատրաստման ժամկետը կարող է տեւել մինչեւ 1 ամիս:
3. Ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց վերապատրաստումն իրականացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, իսկ Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց վերապատրաստումը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ Ոստիկանության պետի համատեղ հրամանով սահմանված կարգով:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի մասնակցելու կրթական վերապատրաստման այլ ծրագրերի, համաժողովների եւ իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը: Համապատասխան թույլտվություն ստացած ծառայողի՝ այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայությունը համարվում է հարգելի՝ աշխատավարձի պահպանմամբ:
ԳԼՈՒԽ 6
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ, ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 37. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին գործուղելը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով գործուղվել կոմիտեի կենտրոնական կամ տարածքային ստորաբաժանում այլ ծառայության՝ վերջինիս կազմում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ժամանակավոր բացակայության, ծանրաբեռնվածության կամ թափուր հաստիքների պատճառով: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը ենթակա չէ գործուղման, եթե, բժշկի եզրակացության համաձայն, դա կարող է վատթարացնել նրա կամ նրա հետ համատեղ ապրող ընտանիքի անդամի առողջական վիճակը:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության գործուղելը կատարվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի գրավոր համաձայնությամբ գործուղումը կարող է երկարաձգվել:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը գործուղման ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին առանց իր համաձայնության չի կարող գործուղվել:
Հոդված 38. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին ավելի ցածր պաշտոնի փոխադրելը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին չի կարելի ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ հետեւյալ դեպքերի.
1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի դիմումի հիման վրա.
2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է որպես «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժ.
3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 15-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշման հիման վրա.
4) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հաստիքները կրճատվելիս՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի դիմումի հիման վրա:
Հոդված 39. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցվում են՝
1) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված դեպքերում եւ կարգով.
2) Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում, եթե նրան վերագրվում է այնպիսի խախտում, որը, սույն օրենքի համաձայն, կարող է պաշտոնից ազատման հիմք հանդիսանալ՝ մինչեւ տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների լիազորությունները կասեցնում է նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում Հակակոռուպցիոն կոմիտեի մյուս ծառայողների լիազորությունները կասեցնում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա հիմնական աշխատավարձը պահպանվում է:
ԳԼՈՒԽ 7
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 40. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 41. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կենսաթոշակային եւ սոցիալական ապահովությունը, գույքային վնասի հատուցումը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կենսաթոշակային ապահովությունը, պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու կամ զոհվելու դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարող է տրվել միանվագ դրամական օգնություն՝ կոմիտեի նախագահի սահմանած դեպքերում, կարգով եւ չափով՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից:
3. Ապահովագրության եւ ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգը եւ պայմանները սահմանում է Կառավարությունը:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը՝ պայմանավորված պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:
5. Վնասի հատուցման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով:
Հոդված 42. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի արձակուրդը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տեւողությամբ, եւ լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տեւողությունը սահմանում է Կառավարությունը:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ամենամյա հերթական վճարովի արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ այն չխոչընդոտի հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության իրականացմանը:
Հոդված 43. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելը
1. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ապահովվում է բնակելի տարածությամբ:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում՝ Կառավարության սահմանած կարգով եւ չափերով:
Հոդված 44. Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշը, ծառայողի համազգեստը, վկայականը եւ կնիքը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի ձեւը եւ նկարագիրը սահմանում է Կառավարությունը:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը եւ կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին տրվում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաեւ նրանց անվամբ հակակոռուպցիոն կոմիտեում գրանցված եւ համարակալված անձնական կնիքներ:
Հոդված 45. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անվտանգությունը եւ անձնական պաշտպանության միջոցները
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Կառավարության լիազոր մարմինը:
2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու եւ կրելու կարգը սահմանվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների եւ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 46. Ծառայության ստաժ հաշվարկելը
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության ծառայողներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատախազության եւ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչներին եւ հետաքննիչներին հակակոռուպցիոն կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում նշանակելիս Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քննչական կոմիտեում, պետական եկամուտների կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատախազությունում, պաշտպանության նախարարությունում նրանց ունեցած ստաժը հաշվարկվում է հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու ստաժի մեջ:
Հոդված 47. Նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները)
1. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության անցնելու կապակցությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածում նախատեսված մարմինների ծառայողներին նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները) պահպանվում են անկախ հակակոռուպցիոն կոմիտեում զբաղեցրած պաշտոնից եւ համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին:
2. Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակվելիս տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավելի բարձր կոչում (դասային աստիճան) ունեցող անձանց սույն օրենքով համապատասխանեցված կոչումները պահպանվում են:
3. Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
Հոդված 48. Օրենքն ուժի մեջ մտնելը, Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց նշանակման կարգը եւ վարույթների բաշխումը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող առնվազն 10 եւ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոն զբաղեցնող առնվազն 20 անձի նշանակումից հետո՝ բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 15-20-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ՀՀ կառավարությունը սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո՝ հնգօրյա ժամկետում, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դիմում է Ազգային ժողով, Կառավարությանը, Բարձրագույն դատական խորհուրդ, Մարդու իրավունքների պաշտպանին, Գլխավոր դատախազությանը՝ տասնօրյա ժամկետում մեկական անդամ նշանակելու համար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը սույն մասով սահմանված ժամկետում ապահովում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումը: Մրցութային խորհուրդը ձեւավորվում է սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:
5. Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավվում է երեք միջազգային փորձագետ: Որպես միջազգային փորձագետ կարող են ներգրավվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձինք: Միջազգային փորձագետների ներգրավման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
6. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝
1) պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում հաստատում է Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքը, պաշտոնների, այդ թվում՝ հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկը եւ հաստիքացուցակը.
2) Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության նպատակով ձեւավորում է մրցութային հանձնաժողով, ինչպես նաեւ իրականացնում սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված այլ գործողություններ:
7. Մրցութային հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ՝ սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերն ընդունվում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակումից հետո՝ երկամսյա ժամկետում, որից հետո տասնօրյա ժամկետում ձեւավորվում է մրցութային հանձնաժողովը:
8. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության նպատակով ձեւավորվող մրցութային հանձնաժողովում ներառվում են Հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակման լիազոր մարմնի կողմից առաջադրած 2, Գլխավոր դատախազության եւ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջադրած մեկական անդամներ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության 1 ներկայացուցիչ: Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ներգրավվել նաեւ միջազգային փորձագետներ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումը, ինչպես նաեւ մրցույթի անցկացումն իրականացվում է սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով:
9. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը եւ արդարադատության նախարարն Արդարադատության ակադեմիայի ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար:
10. Հակակոռուպցիոն կոմիտեի առաջին կազմում պաշտոնի կարող են նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջին չհամապատասխանող անձինք՝ եթե նշանակումից հետո՝ երեք տարվա ընթացքում ներկայացնեն պահանջվող օտար լեզուների իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթ: Սույն մասով սահմանված ժամկետում օտար լեզուների իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ազատվում է պաշտոնից ազատվում է, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի դեպքում՝ լիազորությունները դադարեցվում են:
11. Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքի, պաշտոնների անվանացանկի եւ հաստիքացուցակի հաստատումից հետո մինչեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված մրցութային կարգով հաստիքների համալրումը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քաղաքացիական ծառայության հաստիքների 20% տոկոսը կարող է զբաղեցվել Կառավարության սահմանած ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգով:
12. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակումից հետո՝ մեկամսյա ժամկետում, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը եւ Ոստիկանության պետը հաստատում են Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց վերապատրաստման դասընթացի անցկացման կարգը, տեւողությունը, ինչպես նաեւ վերապատրաստման ուսումնական ծրագիրը:
13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ օրենքով սահմանված կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերի հարուցումը եւ նախաքննության իրականացումը վերապահվում է Հակակոռուպցիոն կոմիտեին: Այլ քննչական մարմիններում գտնվող քրեական գործերը (նյութերը) ենթակա չեն փոխանցման Հակակոռուպցիոն կոմիտեին՝ բացառությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ համաձայնեցված դեպքերի: