Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-796-04.12.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի նոյեմբերի 19-ի N ՀՕ-225-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ մասով`

«14. Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով`

«10) շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքը (Աբշ) սահմանվում է 700,000.0 (յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով`

«4. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները հիմք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ մասերով սահմանված դեպքերում հողամասի կադաստրային արժեքի վճարման համար:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2020 թվականի հունվարի 30-ին կայացած խորհրդակցության N Վ/09-2020 արձանագրության հանձնարարականով: Նպատակը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջարկությամբ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերով սահմանված դեպքերում մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը գործած կադաստրային արժեքների չափերի պահպանումն է:

Ներկայումս ՀՀ հողային օրենսգքրի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերով սահմանված դեպքերում` սեփականության իրավունքով կադաստրային արժեքի վճարման պայմանով փոխանցված հողամասերի համար վճարվում է ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված կադաստրային արժեքները: 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտրակված կադաստրային գնահատման կարգը սահամնելու մասին» ՀՀ օրենքով պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) վաճառքի դեպքում հիմք են հանդիսանալու հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:

2021 թվականի հոինվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքը եւ ՀՀ հողային օրենսգրքով հողի հարկին հղված դրույթներում անհրաժեշտություն է առաջանում այն «հողի հարկը» փոխարինել «անշարժ գույքի հարկը» բառերով:

Նախագծերում կատարված լրացումների մի մասը կատարվել են Ֆինանսների նախարարության եւ Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված առաջարկությունների հիմքով, մասնավորապես օրենքի նախագիծը լրամշակվել է նոր դրույթներով, համաձայն որոնց` շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանում Կառավարությունը, եւ 5-րդ հոդվածում լրացվել է նոր կետ, որով սահմանվել համապատասխան գնահատման կարգում կիրառվող 1 քմ շինության բազային արժեքը:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերով սահմանված դեպքերում գործող կադաստրային գների պահպանումն է:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Միջոցառման իրականացման արդյունքում ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերով սահմանված դեպքերում հողամասերի կադաստրային գները կպահպանվեն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված չափերով, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների օտարման գործարքների շրջանառության ծավալների մեծացմանը, ինչպես նաեւ նպաստավոր պայմաններ կստեղծի անշարժ գույքի ձեռքբերման դեպքերում դրամական միջոցների ներդրումների համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարությոան որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1921-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ