Հոդված 1. «Հայսատանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-60, 12.06.2000թ., այսուետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության» բառերից առաջ գրել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշման, հանրային օտարման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության նկատմամբ վերահսկողության իրականացման,» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 10 օր հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Թանկարժեք մետաղների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման
«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետեւ` Նախագիծ) ընդունումը բխում է թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պարտարստված իրերի շրջանառության իրավական եւ պետական կարգավորման, ինչպես նաեւ նշված ոլորտներում պետական կառավարման մարմինների լիազորությունները սահմանելու անհրաժեշտությունից:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա չէ նշված ոլորտը կարգավորող համապատասխան օրենք: Մինչ օրս նշված ոլորտի իրավական կարգավորումը իրականացվել է ՀՀ կառավարության 20.04.1999թ. N239 որոշմամբ ուժի մեջ մնացած ԽՍՀՄ մինիստրների սովետի 22.12.1956թ. N5016 որոշմամբ:
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառքը առանց հարգորոշման, հարգադրոշման եւ վերահսկման նպաստում է նաեւ ստվերային շրջանառությանը իր ողջ հետեւանքներով:
Վերջին երեք տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ հանրապետությունում արտոնագրված ոլորտի աճի պայմաններում հարգորոշման եւ հարգադրոշման ներկայացված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի աճ տեղի չի ունեցել, այն դեպքում երբ ոլորտի ապրանքային արտադրանքը 2001թ. կազմել է 99.6 մլն. ԱՄՆ դոլար, 2002թ.` 200.0մլն ԱՄՆ դոլար:
Այսպես եթե 2001թ. 32 արտադրողներ 201313 հատ իր, 1797038.83 գրամ քաշով թանկարժեք մետաղներից իրեր են ներկայցրել հարգորոշման եւ հարգադրոշման, որի արդյունքում բյուջեն համալրվել է 37286.6 հազար դրամով, ապա 2003թ. 15 արտադրողներ ներկայացրել են 70486 հատ իր, 350918.4 գրամ քաշով, բյուջե է մուտքագրվել 3155.1 հազար դրամ:
Այսինքն 12 անգամ կրճատվել է բյուջեի մուտքերը, մոտ 5 անգամ կրճատվել է իրերի քաշը, մոտ 3 անգամ իրերի հատաքանակը, արտադրողների թիվը կրճատվել է 17-ով:
Վերլուծելով հանրապետություն ներմուծվող եւ հանրապետությունից արտահանվող թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառությունը 2001թ. եւ 2002թ. ընթացքում (աղյուսակ N1) ակնահայտ է դառնում որ զգալի աճել է հանրապետություն ներմուծվող եւ արտահանվող թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ծավալները:
Կապված ԱՄՆ դոլարի եւ Եվրոյի փոխարժեքների տատանումներից, քաղաքացիները իրենց խնայողությունները նախընտրում են պահել ոսկով (ոսկուց պատրաստված իրերով): Այս ոլորտի օրենսդրական բացը եւ անվերահսկելիությունը հղի է ծանր հետեւանքներով, քանի որ շուկայում իրացվում է իրական հարգին չհամապատասխանող իրեր, որը եւ բերում է բնակչության կեղծ կուտակումների առաջացմանը եւ բացասական ազդեցությանը ամբողջ տնտեսության վրա: Այս պարագայում անրաժեշտություն է առաջանում հավաստիանալ եւ ապահովել վերջնական սպառողին (գնորդին) հասցվող թանկարժեք մետաղի հարգի իսկությունը (թանկարժեք մետաղի պարունակության չափը):
Միաժամանակ, հաշվի առնելով, որ Հայաստանը ընտրել է իր ուղին դեպի միավորված Եվրոպա, գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի հետագայում Հայաստանի անդամագրմանը «Եվրոպական մետաղափորձական գրասենյակների միությանը», որը հնարավորություն կնձեռնի հանրապետության թանակրժեք մետաղներից իրեր արտադրողների համագործակցությունը Եվրոպական երկրների հետ եւ իրերի արտահանմանը, եւ իրացմանը Եվրոպական շուկայում:
Նախագծի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջարկվում նաեւ փոփոխություններ եւ(կամ) լրացումներ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: