Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-091-19.08.2003-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի իրավական եւ կազմակերպական հիմքերը եւ կարգավորում է ահաբեկչության դեմ պայքարի իրականացման հետ կապված հարաբերությունները։

Հոդված 2. Ահաբեկչության դեմ պայքարի նպատակները

Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպումը նպատակաուղղված է՝

1) ահաբեկչությունից անձի, հասարակության եւ պետության անվտանգության ապահովմանը,

2) ահաբեկչական գործունեության բացահայտմանը, կանխմանը, խափանմանը եւ դրա հետեւանքների նվազեցմանը,

3) ահաբեկչական գործունեության իրականացմանը նպաստող պատճառների եւ պայմանների բացահայտմանը եւ վերացմանը։

Հոդված 3. Ահաբեկչության դեմ պայքարի իրավական հիմքերը

Ահաբեկչության դեմ պայքարի իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերը, սույն օրենքը, այլ օրենքներն ու նորմատիվ-իրավական ակտերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը։

Հոդված 4. Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքները

Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքներն են.

1) օրինականությունը,

2) նախազգուշացման միջոցառումների գերակայությունը,

3) ահաբեկչական գործողության համար պատժի անխուսափելիությունը,

4) ահաբեկչության դեմ պայքարի հրապարակային եւ գաղտնի մեթոդների զուգակցումը,

5) կանխարգելիչ, իրավական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, քարոզչական միջոցների համալիր օգտագործումը,

6) ահաբեկչական գործողության հետեւանքով վտանգի ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության գերակայությունը,

7) ահաբեկչին նվազագույն զիջումներ կատարելը,

8) հակաահաբեկչական գործողություններ անցկացնելիս ներգրավվող ուժերի եւ միջոցների միանձնյա ղեկավարումը,

9) հակաահաբեկչական գործողությունների անցկացման եղանակների, գործելակերպի (մարտավարության) եւ մասնակիցների կազմի նվազագույն հրապարակայնությունը։

Հոդված 5. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ահաբեկչություն՝ պայթյուն, հրկիզում կամ մարդկային զոհերի, զգալի գույքային վնաս պատճառելու կամ հանրորեն վտանգավոր այլ հետեւանքների առաջացման վտանգ ստեղծող այլ գործողություններ կատարելը կամ կատարելու սպառնալիքը, եթե դրանք կատարվել են հասարակական անվտանգությունը խախտելու, բնակչությանն ահաբեկելու կամ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման վրա ներգործելու կամ հանցավորի ապօրինի այլ պահանջը կատարելու նպատակով՝ ներգործելու կամ հանցավորի ապօրինի այլ պահանջը կատարելու նպատակով.

2) միջազգային ահաբեկչություն՝ միջազգային բարդություններ կամ պատերազմ հրահրելու կամ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով օտարերկրյա պետության տարածքում պայթյունի կամ հրկիզման կամ այլ գործողությունների կազմակերպումը կամ իրականացումը, որն ուղղված է մարդկանց ոչնչացնելուն կամ նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ եւ հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն կամ վնասելուն.

3) ահաբեկչական գործողություն ` ահաբեկչական բնույթի հանցագործության անմիջական կատարում` պայթյունի, հրկիզման, միջուկային պայթուցիկ տարրերի, ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական, պայթուցիկ, թունավորող, ուժեղ ներգործող, թունավոր նյութերի կիրառման կամ դրա սպառնալիքի, տրանսպորտային միջոցների կամ այլ օբյեկտների ոչնչացման, վնասման կամ զավթման, պետական կամ հասարակական գործչի, ազգային, էթնիկական, կրոնական կամ բնակչության այլ խմբերի ներկայացուցչի կյանքի դեմ ոտնձգության, պատանդների վերցման, մարդու առեւանգման, տեխնոգեն բնույթի վթարների եւ աղետների համար պայմաններ ստեղծելու ճանապարհով անորոշ շրջանակի անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու վտանգ ստեղծելու, կամ այդպիսի վտանգի ստեղծման իրական սպառնալիքի, ցանկացած ձեւի եւ ցանկացած միջոցներով սպառնալիքների տարածման, մարդկային զոհերի, զգալի գույքային վնաս հասցնելու կամ հասարակական վտանգավոր հետեւանքներ առաջացնող այլ գործողությունների ձեւով.

4) ահաբեկչական գործունեություն ` ահաբեկչական գործողության կազմակերպում, նախապատրաստում եւ իրականացում, ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ բռնության, ահաբեկչական նպատակներով նյութական օբյեկտների ոչնչացման հրահրում, ահաբեկչական գործողություն կատարելու համար անօրինական զինված կազմավորման, հանցավոր խմբավորման կազմակերպում, ինչպես նաեւ մասնակցություն այդպիսի գործողությանը, ահաբեկիչների հավաքագրում, զինում, ուսուցանում, ահաբեկչական կազմակերպության կամ ահաբեկչական խմբի ֆինանսավորում կամ այլ աջակցություն.

5) ահաբեկչական բնույթի հանցագործություններ ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված, ահաբեկչական նպատակներով կատարված, հանցագործություններ.

6) ահաբեկչական գործողության նախապատրաստում՝ ուղղակի դիտավորությամբ կատարված՝ ահաբեկչական գործողության կատարման համաձայնությունների, միջոցների կամ գործիքների ձեռքբերում, պատրաստում կամ հարմարեցում, կամ ահաբեկչական գործողության կատարման այլ պայմանների կանխամտածված նախապատրաստում, որի դեպքում ահաբեկչական գործողությունը չի հասցվում ավարտին՝ անձի կամքի հետ կապ չունեցող հանգամանքների պատճառով,

7) ահաբեկչական գործողության փորձ՝ ուղղակի դիտավորությամբ եւ անմիջականորեն ահաբեկչության կատարմանն ուղղված գործողություն, որի դեպքում ահաբեկչական գործողությունը չի հասցվում ավարտին՝ անձի կամքի հետ կապ չունեցող հանգամանքների պատճառով,

8) ահաբեկիչ ՝ ահաբեկչական գործողություն, ահաբեկչական գործողության նախապատրաստում կամ դրա կատարման փորձ կատարած անձ.

9) ահաբեկչական խումբ՝ նախնական համաձայնությամբ ահաբեկչական գործողություն, ահաբեկչական գործողության նախապատրաստում կամ դրա կատարման փորձ կատարած անձանց խումբ.

10) ահաբեկչական կազմակերպություն՝ կազմակերպություն, որն ստեղծվել է ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով կամ ճանաչում է իր գործունեությունում ահաբեկչության իրականացման հնարավորությունը։ Կազմակերպությունը համարվում է ահաբեկչական, եթե նրա կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը, տվյալ կազմակերպության ղեկավար մարմիններից թեկուզ մեկի գիտությամբ ահաբեկչական գործունեություն է իրականացրել (նախապատրաստել).

11) ահաբեկչության դեմ պայքար՝ ահաբեկչական գործունեության բացահայտմանը, կանխմանը, խափանմանը, հետեւանքների նվազեցմանն ուղղված գործունեություն.

12) հակաահաբեկչական գործողություն ՝՝ ահաբեկչական գործողության կանխարգելմանը, պետության շահերի եւ ֆիզիկական անձանց անվտանգության ապահովմանը, ահաբեկիչների վնասազերծմանը, ինչպես նաեւ ահաբեկչական գործողությունների հետեւանքների նվազեցմանն ուղղված հատուկ միջոցառումներ.

13) ահաբեկչական գործողության անցկացման գոտի՝ տեղանքի առանձին հատվածներ, տրանսպորտային միջոց, շենք, շինություն, կառույց, տարածք եւ դրանց հարող տարածքներ, որոնց սահմաններում անցկացվում է նշված գործողությունը.

14) պատանդ ՝ պետությանը, կազմակերպությանը կամ առանձին անձանց որեւէ գործողություն կատարելու կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով առեւանգված կամ պահվող անձ։

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում

Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է օտարերկրյա պետությունների, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքար իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ՝ միջազգային պայմանագրերի հիման վրա։

ԳԼՈՒԽ II.

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինները

Ահաբեկչության դեմ պայքարն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։

Ահաբեկչության դեմ պայքարի իրականացման գործընթացում ներգրավված պետական մարմինների գործունեության համակարգման, ահաբեկչությանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտման եւ վերացման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծում է ահաբեկչության դեմ պայքարի մշտական գործող հանրապետական շտաբ՝ սահմանելով վերջինիս կազմը եւ գործունեության կարգը։

Հոդված 9. Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինների հիմնական գործառույթները

Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական մարմինները՝

ա) մշակում եւ իրականացնում են ահաբեկչական գործողությունների բացահայտման, կանխման, խափանման, ինչպես նաեւ դրանց կատարմանը նպաստող հանգամանքների վերացմանը նպատակաուղղված կազմակերպական, ռեժիմային, կանխարգելիչ, դաստիարակչական եւ այլ միջոցառումներ,

բ) կարող են ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներ։

Հոդված 10. Աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարն իրականացնող մարմիններին

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիներն ու կազմակերպությունները՝ անկախ կազմակերպաիրավական եւ սեփականության ձեւից, պարտավոր են աջակցություն ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմիններին՝ իրենց պարտականությունները կատարելիս։

ԳԼՈՒԽ III.

ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 11. Հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս օգտագործվող ուժերն ու միջոցները

Հակաահաբեկչական գործողություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինները եւ հատուկ ծառայությունները, ահաբեկչության դեմ պայքարի դրանց մասնագիտացված ստորաբաժանումները, այդ թվում՝ հակաահաբեկչական մարտական խմբերը։

Հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները՝ ընդհուպ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ահաբեկիչների ֆիզիկական ոչնչացումը։

Հոդված 12. Հակաահաբեկչական գործողության ղեկավարումը

Հակաահաբեկչական գործողության ղեկավարումը իրականացնում է ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբը։

Հակաահաբեկչական գործողության իրականացման գոտու սահմանները եւ գործողությանը ներգրավված ուժերի եւ միջոցների օգտագործման կարգը որոշում է ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբի ղեկավարը։

Հոդված 13. Հակաահաբեկչական գործողության իրականացման գոտու իրավական ռեժիմը

Հակաահաբեկչական գործողության իրականացման գոտում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող անձինք իրավունք ունեն՝

1) անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել փողոցներում եւ ճանապարհներին տրանսպորտային միջոցների եւ հետիոտնի երթեւեկությունը ժամանակավոր սահմանափակելու կամ արգելելու, տեղանքի առանձին հատվածներ եւ օբյեկտներ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցիչների, հյուպատոսական հաստատությունների տրանսպորտային միջոցների մուտքը չթույլատրելու, քաղաքացիներին տեղանքի առանձին հատվածներից եւ օբյեկտներից հեռացնելու, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցները հեռացնելու,

2) ստուգել քաղաքացիների, այդ թվում նաեւ՝ պաշտոնատար անձանց անձը հաստատող փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում ձերբակալել նրանց՝ անձը պարզելու նպատակով,

3) ձերբակալել եւ հակաահաբեկչական գործողություններ իրականացնող պետական մարմիններին կամ հատուկ ծառայություններին ներկայացնել այն անձանց, ովքեր կատարել կամ փորձել են կատարել հակաահաբեկչական գործողություններ իրականացնող անձանց օրինական պահանջների խոչընդոտմանն ուղղված գործողություններ, ինչպես նաեւ գործողություններ՝ կապված հակաահաբեկչական գործողությունների իրականացման գոտի առանց թույլտվության ներթափանցելու կամ դրա փորձի հետ,

4) անարգել մուտք գործել (ներթափանցել) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող բնակելի եւ այլ շինություններ, շրջակա տեղանքի հատվածներ, տրանսպորտային միջոցներ, բացառությամբ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչներին պատկանող շինությունների, տարածքների եւ տրանսպորտային միջոցների՝ ահաբեկչական գործողությունը կանխելու, ահաբեկչական գործողություն կատարած կամ ահաբեկչական գործողության կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու համար,

5) հակաահաբեկչական գործողության անցկացման գոտի մուտքի եւ ելքի պարագայում իրականացնել քաղաքացիների անձնական զննում, նրանց մոտ գտնվող առարկաների, տրանսպորտային միջոցների եւ նրանցով տեղափոխվող ապրանքների ստուգում, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ,

6) ծառայողական նպատակներով օգտագործել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կապի միջոցները,

7) անհետաձգելի դեպքերում ծառայողական նպատակներով օգտագործել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցները, բացառությամբ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների։

Հակաահաբեկչական գործողության անցկացման գոտում մամուլի եւ զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցների գործունեությունը կարգավորվում է ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբի ղեկավարի կողմից, եթե օրենքով այլ բան չի նախատեսված։

Հոդված 14. Բանակցությունների վարումը ահաբեկիչների հետ

Քաղաքացիների կյանքի եւ առողջության, նյութական արժեքների պահպանման, ինչպես նաեւ առանց ուժի կիրառման ահաբեկչական գործողության կանխման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակներով հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու ժամանակ թույլատրվում է բանակցություններ վարել ահաբեկիչների հետ։

Ահաբեկիչների հետ բանակցություններ կարող են վարել միայն ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբի ղեկավարի կողմից հատուկ լիազորված անձինք։

Ահաբեկիչների հետ բանակցություններ վարելիս որպես ահաբեկչական գործողության դադարեցման պայման չի կարող համարվել ահաբեկիչներին որեւէ անձ հանձնելը, զենք կամ այլ միջոցներ եւ առարկաներ փոխանցելը, որոնց կիրառումը կարող է վտանգ սպառնալ քաղաքացիների կյանքին եւ առողջությանը, ինչպես նաեւ ահաբեկիչների քաղաքական պահանջների բավարարումը։

Ահաբեկիչների հետ բանակցություններ վարելը ահաբեկչական գործողության կատարման համար ահաբեկիչներին պատասխանատվությունից ազատելու հիմք կամ պայման չի կարող համարվել։

Հոդված 15. Ահաբեկչական գործողության մասին տեղեկատվության սահմանափակումը

Հակաահաբեկչական գործողության իրականացման ժամանակ արգելվում է ահաբեկչական գործողության մասին այնպիսի տեղեկատվության տարածումը, որը.

1) բացահայտում է հակաահաբեկչական գործողության իրականացման հատուկ տեխնիկական եղանակներն ու գործելակերպը,

2) կարող է խոչընդոտել հակաահաբեկչական գործողության իրականացմանը եւ վտանգ ստեղծել քաղաքացիների կյանքի եւ առողջության համար,

3) ուղղված է ահաբեկչության եւ ծայրահեղականության քարոզչությանը կամ արդարացմանը,

4) տեղեկատվություն է պարունակում հակաահաբեկչական գործողությանը մասնակից պետական մարմինների եւ հատուկ ծառայությունների աշխատակիցների, հակաահաբեկչական գործողության անցկացման կառավարման օպերատիվ շտաբի անդամների, ինչպես նաեւ այդ գործողության իրականացմանն աջակցություն ցուցաբերած անձանց մասին։

Հոդված 16. Հակաահաբեկչական գործողության ավարտը

Հակաահաբեկչական գործողությունը համարվում է ավարտված, երբ ահաբեկչական գործողությունը կանխված (խափանված) է եւ վերացված է հակաահաբեկչական գործողության իրականացման գոտում քաղաքացիների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը։

Հակաահաբեկչական գործողության ավարտի հայտարարման մասին որոշումն ընդունվում է ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբի ղեկավարի կողմից։

ԳԼՈՒԽ IV.

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հոդված 17. Ահաբեկչական գործողության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցումը

Ահաբեկչական գործողության հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։

Հոդված 18. Ահաբեկչական գործողության հետեւանքով տուժած անձանց սոցիալական վերականգնումը

Ահաբեկչական գործողության հետեւանքով տուժած անձանց սոցիալական վերականգնմանն ուղղված ծառայությունների մատուցումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։

Նշված անձանց իրավական, հոգեբանական, բժշկական եւ այլ տիպի օգնություն ցուցաբերելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

ԳԼՈՒԽ V.

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19. Ահաբեկչության դեմ պայքարի մասնակից անձանց իրավական պաշտպանության երաշխիքները

Հանցագործություն չեն համարվում այն գործողությունները, որոնք կատարվել են ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական մարմինների պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների, ինչպես նաեւ վերջիններիս աջակցություն ցուցաբերած անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները իրավաչափորեն կատարելիս եւ ուղղված են եղել քաղաքացիների կյանքի եւ առողջության, սահմանադրական իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ հանցավոր ոտնձգություններից հասարակական եւ պետական անվտանգության ապահովմանը։

Իրավաչափ են համարվում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունները կանոնակարգող նորմերի պահպանումով կատարված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այն գործությունները, որոնք կատարվել են ծառայողական պարտականությունների շրջանակներում կամ հասարակական պարտքը հատուցելիս եւ ուղղված են եղել քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ հասարակական եւ պետական անվտանգությանը սպառնացող առավել նշանակալից վնասի կանխմանը, եթե տվյալ հանգամանքներում ծառայողական պարտականությունների կամ հասարակական պարտքի իրականացման այլ հնարավորություններ չի ընձեռվել։

Հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս օրենքով սահմանված հիմքերով եւ սահմաններում թույլատրվում է ահաբեկիչների կյանքին, առողջությանը եւ գույքին, ինչպես նաեւ այլ պահպանվող շահերին հարկադրված վնաս պատճառելը։

Ահաբեկչության դեմ պայքարի մասնակից անձինք ազատվում են հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս պատճառված վնասի համար պատասխանատվությունից՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

Հոդված 20. Ահաբեկչության դեմ պայքարի մասնակից անձանց սոցիալական պաշտպանության երաշխիքները

Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական մարմինների աշխատակիցների, նրանց ընտանիքների անդամների եւ ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական մարմիններին աջակցություն ցուցաբերող անձանց սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ VI.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 21. Պատասխանատվությունը ահաբեկչության համար

Ահաբեկիչները, ինչպես նաեւ նրանց հանցակիցները, պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 22. Կազմակերպության պատասխանատվությունը ահաբեկչական գործունեության համար

Ահաբեկչական գործողության մասնակից կամ ահաբեկչություն քարոզող հասարակական կամ այլ կազմակերպությունների գործունեությունը ենթակա է կասեցման (արգելվան)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ VII.

ՎԵՐԱՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 23. Վերահսկողությունն ահաբեկչության դեմ պայքարի իրականացման նկատմամբ

Ահաբեկչության դեմ պայքարի իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետություն Նախագահի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։

Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինների գործունեության նկատմամբ գերատեսչական վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինների եւ նրանց պաշտոնատար անձանց կողմից։

ԳԼՈՒԽ VIII.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 24. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

Սույն օրենքի խախտումը առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 25. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։