Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-716-26.08.2020,04.12.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-103 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» փակ բաժնետիրական ընկերությունը:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) առաջին պարբերության «առողջապահական ձեռնարկություններում» բառերը փոխարինել «բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից» բառերով,

2)  երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության դրական արդյունքի դեպքում կատարվում է կրկնակի բժշկական հետազոտություն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված գործունեության ընթացակարգերին եւ կլինիկական ուղեցույցերին համապատասխան՝ ՄԻԱՎ-ի լաբորատոր  ախտորոշում իրականացնող ռեֆերենս լաբորատորիայի կողմից:»

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «առողջապահական կազմակերպությունները» բառերը փոխարինել «բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները» բառերով:

Հոդված 4. Օրենքը լրացնել 14.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 14.1 ՄԻԱՎ-ով վարակված եւ ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց վերաբերյալ  բժշկական տեղեկատվության գաղտնիությունը եւ դրա  փոխանցմանը ներկայացվող պահանջները

1. ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքում հայտնի դարձած բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից տրամադրվում են հետազոտվող անձին, իսկ մինչեւ 14 տարեկան հետազոտվող անչափահասին՝ օրենքով սահմանված կարգով:

2. ՄԻԱՎ-ի դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում բժշկական կազմակերպության բժիշկը անձին գրավոր տեղեկացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման կանխարգելման կանոնների պահպանման անհրաժեշտության վերաբերյալ՝ տրամադրելով Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից հաստատված իրազեկման թերթիկը:

3. ՄԻԱՎ-ի դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում այդ մասին, ինչպես նաեւ ՄԻԱՎ-ի կարգավիճակը որոշելու նպատակով բժշկական հետազոտություն անցնելու անհրաժեշտության մասին բժշկական կազմակերպության բժիշկը ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձի ամուսնուն կամ զուգընկերոջը կարող է տեղեկացնել այն դեպքերում, երբ՝

1) ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձը չի ցանկանում իր կարգավիճակի մասին անձամբ հայտնել իր ամուսնուն կամ զուգընկերոջը եւ գրավոր կարգով տալիս է ամուսնու կամ զուգընկերոջ կոնտակտային տվյալները, ինչպես նաեւ գրավոր համաձայնություն իր կարգավիճակի բացահայտումով կամ առանց բացահայտման ամուսնուն կամ զուգընկերոջը տեղեկացնելու ՄԻԱՎ-ի կարգավիճակը որոշելու նպատակով բժշկական հետազոտություն անցնելու անհրաժեշտության մասին.

2) ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձն իր կարգավիճակի մասին ցանկանում է հայտնել իր ամուսնուն կամ զուգընկերոջը, ինչի մասին ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձի եւ բժշկի միջեւ տեղեկացման ժամկետի եւ բժշկի հետագա քայլերի վերաբերյալ ձեռք է բերվում գրավոր համաձայնություն, սակայն գրավոր համաձայնությամբ որոշված՝ ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձի կողմից իր ամուսնուն կամ զուգընկերոջը տեղեկացնելու ժամկետն ավարտվել է, եւ ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձի ամուսինը կամ զուգընկերը չի ներկայացել ՄԻԱՎ-ի կարգավիճակը որոշելու նպատակով բժշկական հետազոտություն անցնելու համար: Այս դեպքում բժիշկը, ըստ ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձի կողմից գրավոր կարգով ներկայացված կոնտակտային տվյալների, ինչպես նաեւ գրավոր համաձայնությամբ իր կարգավիճակի բացահայտումով կամ առանց բացահայտման վերջինիս ամուսնուն կամ զուգընկերոջը հրավիրում է ՄԻԱՎ-ի կարգավիճակը պարզելու նպատակով հետազոտության անցկացման.

3) ՄԻԱՎ-ով վարակված անձը տվել է գրավոր համաձայնություն՝ իր ներկայությամբ ամուսնուն կամ զուգընկերոջը նրա կարգավիճակը բացահայտելու եւ ՄԻԱՎ-ի կարգավիճակի բացահայտմանն ուղղված հետազոտություն անցնելու անհրաժեշտության վերաբերյալ պատշաճ մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու մասին:

Հոդված 5. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին» եւ «լիազորված պետական մարմին» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմին» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ