Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է սույն օրենքի 31.1, 31.2 եւ 33-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, իսկ այդ նպատակով ներմուծումը կամ արտահանումը՝ նաեւ թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացման լիցենզիաների առկայության դեպքում:
Արգելված նյութերի ներմուծուման եւ արտահանման վրա տարածվում են սույն օրենքի 17-րդ հոդվածի նորմերը:
2) 2-րդ մասում «սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով նախատեսված նպատակներով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված նպատակներով» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել 31.1-ին եւ 31.2-րդ հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 31.1. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական եւ ուսումնական նպատակներով
1. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական եւ ուսումնական նպատակներով թույլատրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության նշված տեսակի լիցենզիայի առկայության դեպքում:
Հոդված 31.2. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը փորձագիտական գործունեության մեջ
1. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում թույլատրվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի առկայության դեպքում:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության, առողջապահության բնագավառների պետական կառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների, Ոստիկանության կողմից թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացվում են առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: