Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8011-10.12.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 18-ի ՀՕ-440-Ն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաեւ՝ Հանձնաժողով) անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվում է մրցութային խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ): Սույն Օրենքով կարգավորվում է նաեւ Խորհրդի կազմավորման կարգը: Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից:

Հանձնաժողովի անդամի ընտրության համար խորհուրդը ձեւավորվելուց հետո 30-օրյա ժամկետում հայտարարում է մրցույթ: Օրենքի գործնական կիրառման ընթացքում պարզ դարձավ, որ խնդիր է ծագել Խորհրդի ձեւավորման պահի հստակեցման հետ կապված, ինչն էլ առաջացրել է օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Գործող կարգավորման համաձայն Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձեւավորում է մրցութային խորհուրդ, ինչը ենթադրում է համապատասխան իրակավական ակտի հրապարակում:

Միաժամանակ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-440-Ն օրենքով կատարված փոփոխությունների համաձայն 2019թ. դեկտեմբերի 6-ին առաջացած Հանձնաժողովի թափուր անդամի ընտրության մրցութային խորհուրդը ձեւավորված է համարվում վերջին անդամի նշանակման օրվանից, որը եղել է հոկտեմբերի 19-ին: Սակայն պատերազմական վիճակով եւ ռազմական դրությամբ պայմանավոված խորհուրդը գործնականում աշխատանքներ չի կատարել, իսկ մրցույթի անցկացման 30-օրյա ժամկետը լրացել է:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Նախագծով առաջարկվում է հստակեցնել մրցութային խորհրդի ձեւավորման պահը՝ այն պայմանավորելով Ազգային ժողովի նախագահի կողմից համապատասխան ակտի ընդունմամբ, եւ խորհրդի առաջին կազմի համար երակարաձգել մրցույթ անցկացնելու ժամկետը եւս 30 օրով՝ սահմանելով 60 օր:

Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող կարգավորումը կվերացնի Մրցութային խորհրդի ձեւավորված համարվելու հետ կապված տարընթերցումները, եւ ողջամիտ ժամանակ կտրվի Խորհրդին Հանձնաժողովի՝ 2019թ. դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր անդամի մրցույթի կազմակերպման համար:

>Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

9-ը դեկտեմբերի 2020
Հայաստանի Հանրապետության
Ազգային Ժողովի նախագահ
Արարատ Միրզոյանին

 

Հարգարժան պարոն Միրզոյան,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների պահանջները՝ օրենսդրական նախաձեռնության կարգով սույնով Ձեզ ենք ներկայացնում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նազելի Բաղդասարյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝        Նազելի Բաղդասարյան
                           Հերիքնազ Տիգրանյան