Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-803-10.12.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ` հետեւյալ բովանդակությամբ.

«Ռադիոհաճախականություն` էլեկտրամագնիսական տատանումների հաճախականություն, որը սահմանվում է ռադիոհաճախականության սպեկտրի միավոր բաղադրիչը նշելու համար.

Ռադիոհաճախականությունների սպեկտր` Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից հաստատված ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ, որոնք կարող են օգտագործվել ռադիոէլեկտրոնային միջոցների կամ բարձր հաճախականության սարքերի գործունեության համար.

Ռադիոհաճախականությունների տիրույթ` հաճախականությունների միջակայք, որը սահմանափակված է ստորին եւ վերին եզրային հաճախականություններով.

Ռադիոհաճախականություննրի տիրույթի որոշակի հատված` ռադիոհաճախականությունների տիրույթից օգտագործման որոշակի նպատակների համար առանձնացված ստորին եւ վերին եզրային հաճախականություններով սահմանափակված հաճախականությունների միջակայք.

Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտր` ռադիոհաճախականությունների եւ ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ, որոնք նախատեսված են միայն պետական (կառավարական) մարմինների, այդ թվում` կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման կարիքների համար.»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը լրացնել գ) ենթակետով հետեւյալ բավանդակությամբ`

«գ) Պետական (կառավարական) մարմինների, այդ թվում` կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման կարիքների համար իրականացնել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի կառավարում: Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը եւ կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների հատկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող իրավական ակտը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակն է սահմանել դրույթներ, որոնք հնարավորություն կտան իրավասու մարմնին իրականացնել կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի արագ եւ արդյունավետ կառավարում` պետական (կառավարական) մարմինների, այդ թվում` կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման կարիքների համար:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս իրավասու մարմնի կողմից կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի կառավարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը եւ կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 517-Ն որոշման համաձայն: Սակայն առկա չէ դրա ընդունման իրավական հիմքը (լիազորող նորմը)` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան հիմնավորող դրույթի բացակայության պատճառով:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումներ

Նախագծի ընդունումը կապահովի իրավասու մարմնի կողմից կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի կառավարման գործընթացի իրականացումը եւ հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաստատել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների շերտերի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը եւ կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների շերտերի հատկացման կարգը:

2. Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում են իրավասու մարմնի կողմից պետական (կառավարական) մարմինների այդ թվում` կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման կարիքների համար նախատեսված կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի կառավարման գործառույթները, ինչպես նաեւ կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի ռադիոհաճախականությունների շերտերի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկի եւ կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների շերտերի հատկացման կարգի հաստատման գործընթացները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի արագ եւ արդյունավետ կառավարում, ինչպես նաեւ կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի ռադիոհաճախականությունների շերտերի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկի եւ կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների շերտերի հատկացման կարգի հաստատման գործընթացի ապահովում:

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը անհրաժեշտություն է առաջացնում փոփոխություններ կամ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը եւ հատկացման կարգը հաստատելու մասին» N 517-Ն որոշման մեջ, որը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարությոան որոշում

Գրություն