Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Ռադիոհաճախականություն՝ էլեկտրամագնիսական տատանումների հաճախականություն, որը սահմանվում է ռադիոհաճախականության սպեկտրի միավոր բաղադրիչը նշելու համար.
Ռադիոհաճախականությունների սպեկտր՝ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից հաստատված ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ, որոնք կարող են օգտագործվել ռադիոէլեկտրոնային միջոցների կամ բարձր հաճախականության սարքերի գործունեության համար.
Ռադիոհաճախականությունների տիրույթ՝ հաճախականությունների միջակայք, որը սահմանափակված է ստորին եւ վերին եզրային հաճախականություններով.
Ռադիոհաճախականություննրի տիրույթի որոշակի հատված՝ ռադիոհաճախականությունների տիրույթից օգտագործման որոշակի նպատակների համար առանձնացված ստորին եւ վերին եզրային հաճախականություններով սահմանափակված հաճախականությունների միջակայք.
Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտր՝ ռադիոհաճախականությունների եւ ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ, որոնք նախատեսված են միայն պետական (կառավարական) մարմինների, այդ թվում՝ կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման կարիքների համար.»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը լրացնել գ) ենթակետով հետեւյալ բավանդակությամբ՝
«գ) Պետական (կառավարական) մարմինների, այդ թվում՝ կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման կարիքների համար իրականացնել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի կառավարում: Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը եւ կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների հատկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող իրավական ակտը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: