Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը 12-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«ռադիոհաճախականություն` էլեկտրամագնիսական տատանումների հաճախականություն, որը սահմանվում է ռադիոհաճախականության սպեկտրի միավոր բաղադրիչը նշելու համար.
ռադիոհաճախականությունների տիրույթ` հաճախականությունների միջակայք, որը սահմանափակված է ստորին եւ վերին եզրային հաճախականություններով.
ռադիոհաճախականությունների սպեկտր` Հեռահաղորդակցության միջազգային միության հաստատած ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ, որը կարող է օգտագործվել ռադիոէլեկտրոնային միջոցների կամ բարձր հաճախականության սարքերի գործունեության համար.
ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատված` ռադիոհաճախականությունների տիրույթից օգտագործման որոշակի նպատակների համար առանձնացված՝ ստորին եւ վերին եզրային հաճախականություններով սահմանափակված հաճախականությունների միջակայք.
կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտր` ռադիոհաճախականությունների եւ ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ, որը նախատեսված է միայն պետական (կառավարական) մարմինների, այդ թվում` կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման կարիքների համար.»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
«գ) պետական (կառավարական) մարմինների, այդ թվում` կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման կարիքների համար իրականացնել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի կառավարում: Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը եւ կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների հատկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում: