Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-630-17.06.2005-ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 դեկտեմբերի 2004 թվականի) 163 հոդվածը շարադրել նոր` հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 163. Ամենամյա արձակուրդը մասերով տալը

Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Գործատուի եւ աշխատողի միջեւ այլ համաձայնություն չլինելու դեպքում, վճարովի արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն երկու անընդմեջ աշխատանքային շաբաթ, պայմանով, եթե աշխատողի աշխատած ժամանակահատվածի տեւողությունը տալիս է նրան այդ իրավունքը»:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163 հոդվածի համաձայն աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդ կարող է տրամադրվել մասերով: Սակայն նույն հոդվածով սահմանվում է արձակուրդի մասերի նվազագույն` 14 օր տեւողություն, այսինքն, եթե անհրաժեշտության դեպքում արձակուրդի մի մասը տրամադրվի 15 եւ ավելի օր տեւողությամբ, ապա աշխատողը կզրկվի արձակուրդի մյուս մասի իրավունքից:

Հարկ է հաշվի առնել նաեւ, որ օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն արձակուրդների տրամադրման պայմանները, այդ թվում տեւողությունը կարող են կարգավորվել պայմանագրով:

Ներկայացված նախագիծը բխում է թե աշխատողի եւ թե գործատուի շահերից եւ նպատակ ունի հնարավորություն ընձեռել կողմերին ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու գործընթացը կարգավորել փոխադարձ համաձայնությամբ: