«Հոդված 158. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի, առեւտրի, հանրային սննդի վաճառողի եւ կենցաղային ծառայություններ կատարողի կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը
Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
Առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը)`
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի, կատարողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
Առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայության օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելը եւ աշխատանքային ռեժիմը չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի, կատարողի, կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:
Ելնելով տվյալ առեւտրի օբյեկտի առանձնահատկություններից՝ առեւտրի օբյեկտը օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան՝ ընդունման, պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով եւ առեւտրատեխնոլոգիական պարագաներով, այդ թվում` օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով եւ չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:
Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով, այդ թվում` օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով եւ չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, ինչպես նաեւ տվյալ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:
Առեւտրի օբյեկտից դուրս սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշներ ցուցադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:
Հանրային սննդի օբյեկտներում օրենքով սահմանված դեպքերում առանց մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի աշխատանքի ընդունելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:
Կենցաղային ծառայության օբյեկտներում օրենքով սահմանված դեպքերում առանց մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի կամ առանց առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժի աշխատանքի ընդունելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կատարողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:
Վաճառողի կողմից սննդամթերքի վաճառքով զբաղվող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների աշխատողներին աշխատանքային արտահագուստի կրումը չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից օրենքով սահմանված դեպքերում առանց համապատասխան պայմանագրերի կնքման վաճառատեղերի տրամադրումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով՝ յուրաքանչյուր տրամադրված տեղի համար:
Առեւտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը)՝
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի, առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:
Առեւտրի օբյեկտում սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն ըստ ապրանքախմբերի առանձին բաժիններում, իսկ առեւտրի իրականացման վայրերում սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի, առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:
Դեղատներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը եւ (կամ) հետ վերցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:
18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, սարսափ կամ էրոտիկա բովանդակող գրականության եւ տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը, ինչպես նաեւ 18 տարին չլրացած անձանց նման ապրանքներ վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 162-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 162. Ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը
Ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:
Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը, բացառությամբ 0803-0805, 081050 000 ծածկագրերին դասվող արտադրանքի`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16916 -րդ հոդվածով.
«Հոդված 16916
.Առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների
ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը
Առանց թույլտվության ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:
Խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտների՝ առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատելը`
առաջացնում է տուգանքի նշանակում կատարողի, վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
Առանց թույլտվության տոնավաճառներ (վերնիսաժներ) կազմակերպելը`
առաջացնում է տուգանքի նշանակում առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 219-րդ հոդվածից հանել «162» թիվը:
Հոդված 5. Օրենսգրքի 2191 -րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 158, (բացառությամբ երկրորդ եւ երրորդ մասերի) 162 եւ 16916 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 2447 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2447 .Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը
Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 953 հոդվածով, 158 հոդվածի երկրորդ, երրորդ մասերով եւ 188 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեխնիկական կանոնակարգերի պահանջների եւ պետական չափագիտական վերահսկողություն իրականացնող գլխավոր պետական տեսուչը:»:
Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի համար՝ 2007 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի ութերորդ եւ իններորդ մասերով սահմանված պահանջներն ուժի մեջ են մտնում 2007 թվականի հունվարի 1-ից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի համար՝ 2008 թվականի հունվարի 1-ից: