Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8121-18.12.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերում «2021» թիվը փոխարինել «2022» թվով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կորոնավիրուսից եւ ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում տնտեսության եւ հարկային եկամուտների վրա բացասական ազդեցության մեղմամբ, ինչպես նաեւ` որոշ դրույթների հետ կապված լրացուցիչ վերլուծություններ անելու հնարավորության ստեղծմամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2020 թվականի փետրվարի 13-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ մեր կողմից բարձրաձայնվել էին մի շարք մտահոգություններ` կապված այս փաթեթի տնտեսական նպատակահարմարության եւ բիզնեսի վրա ազդեցության, վարչարարության, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի հետ հակասության, տուգանքների անհամաչափության եւ այլ հարցերի հետ: Նախագիծն ընդունվեց, սակայն միաժամանակ նշվեց, որ օրենքում կկատարվեն փոփոխություններ Ազգային ժողովի նախաձեռնությամբ:

Կորոնավիրուսի եւ հետո նաեւ` պատերազմական վիճակով պայմանավորված հրատապ խնդիրները թույլ չտվեցին պատշաճ աշխատել փոփոխությունների փաթեթի վրա: Մյուս կողմից, սակայն, նույն կորոնավիրուսն ու պատերազմը զգալիորեն վատթարացրել են տնտեսության եւ տնտեսվարողների վիճակը, հանգեցրել պահանջարկի նվազման եւ հավելյալ ռիսկեր ստեղծել:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն նախագծերով առաջարկվում է.

Մեկ տարով հետաձգել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

Ակնկալվող արդյունքը

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կմեղմվի այս ոլորտում գործող մի քանի հազար տնտեսվարողների վրա բացասական ազդեցությունը` թույլ տալով առժամանակ ստանալ որոշակի եկամուտներ:

Մյուս կողմից, այս դրույթների հետաձգումը թույլ կտա ժամանակ տրամադրել եւ պատշաճ վերլուծել այս փաթեթի տնտեսական եւ այլ ազդեցությունները կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում, եւ հասկանալ` արդյոք առանձին դրույթների փոփոխության կամ չեղարկման անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1. օրենքների նախագծերը,

2. օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները:

Նախագծի հիմնական զեկուցող` ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան:

Խնդրում եմ օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ`

ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ
ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ
ՆԱՐԵԿ ԶԵՅԼԱՆՅԱՆ