Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-816-22.12.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Հանրագրերի մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի՝

1. 3-րդ կետում «միեւնույն հարցով» բառերից հետո լրացնել «, իսկ հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակում ներկայացնելու դեպքում` հանրագիր, որին միացել են մեկ եւ ավելի անձինք» բառերը:

2. 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) կրկնակի հանրագիր` հանրագիր, որը մեկ տարվա ընթացքում կրկին ներկայացրել է միեւնույն անձը միեւնույն հարցով եւ հիմնավորմամբ միեւնույն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի վերաբերյալ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրվել է պատասխան կամ կայացվել է հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում.»:

3. լրացնել նոր 4.1-րդ կետով.

«4.1) հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակ (այսուհետ՝ Էլեկտրոնային հարթակ)՝ էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր է ներկայացնել անհատական կամ կոլեկտիվ հանրագիր, հրապարակել թղթային եղանակով կամ էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագիրը, հետեւել հանրագրի ընթացքին եւ հաղորդակցվել համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հետ.»:

4. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) Էլեկտրոնային հարթակում ներկայացվող հանրագիր՝   սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխան էլեկտրոնային հարթակում ներկայացվող անհատական կամ կոլեկտիվ հանրագիր.»:

5. 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 5.1-րդ կետով.

«5.1) հանրագիր ներկայացնելիս նշում կատարելու այն չհրապարակելու վերաբերյալ.»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով Էլեկտրոնային հարթակում հրապարակելու անհատական կամ կոլեկտիվ հանրագիրը.»

2.   3-րդ կետում «առաջարկությանը» բառը փոխարինել «առաջարկին» բառով, իսկ «ուղղությամբ» բառից հետո լրացնել «եւ արդյունքները հրապարակելու Էլեկտրոնային հարթակում» բառերը:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասում  «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «հարթակում ներկայացնելու» բառերը:

2. լրացնել նոր 3.1-րդ մասով.

«3.1. Էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության եւ վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, Էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու, եւ կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու  առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

3. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Եթե անհատական ընդունելության ժամանակ անձի հնչեցրած առաջարկությունը համապատասխանում է սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրագրի հասկացությանը, եւ անձն ստորագրում է ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, որի մեջ նշվում են սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները, ապա այդ արձանագրությունը դիտարկվում է որպես հանրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրվում հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյան, հրապարակվում, եթե առկա չէ հանրագիրը ներկայացնող անձի կողմից հանրագրի չհրապարակման մասին նշում, եւ քննվում սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

4. 10-րդ մասում «անձը» բառից հետո լրացնել «թղթային եղանակով կամ Էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերը:

5. 13-րդ մասում «գրավոր» բառը փոխարինել «թղթային եղանակով կամ Էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1. վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ

« Հանրագրին ներկայացվող պահանջները»

2. 1-ին մասը լրացնել նոր 1.1-րդ կետով.

«1.1) Հանրագրի վերնագիրը.»:

3. 1-ին մասի 3-րդ կետից հանել «մշտապես գործող մարմնի» բառերը:

4. 1-ին մասը լրացնել նոր 5.1-րդ կետով.

«5.1) Էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն.»:

5. 1-ին մասը լրացնել նոր 5.2-րդ կետով.

«5.2) Էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագրին միանալու դեպքում՝ հանրագրի աջակիցների անունը, ազգանունը կամ անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն.»:

6. 1-ին մասը լրացնել նոր 5.3-րդ կետով.

«5.3) այն ոլորտը, որին վերաբերում է հանրագիրը.»:

7. 3-րդ մասում «Կոլեկտիվ» բառը փոխարինել «Թղթային եղանակով ներկայացվող կոլեկտիվ» բառերով:

8. 4-րդ մասում «ներկայացուցչի լիազորագիրը» բառերից հետո լրացնել «, իսկ օրինական ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը:» բառերը:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Հանրագիրը ստանալու օրը հանրագիրը ենթակա է գրանցման պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյանում:»:

2. 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հանրագիրը ոչ ուշ, քան ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման Էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագիրը ներկայացնող անձի կողմից հանրագրի չհրապարակման մասին նշում:»:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 8. Հանրագիրը վերադարձնելը

1. Եթե հանրագիրը չի համապատասխանում սույն օրենքի 6-րդ հոդվածով հանրագրին ներկայացվող պահանջներին կամ հանրագիրը ներկայացվել է օտար լեզվով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին՝ այն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագրում շտկումներ իրականացնելու նպատակով: Նշված ժամկետում հանրագիրը սահմանված պահանջներին չհամապատասխանեցնելու եւ կրկին ներկայացնելու դեպքում հանրագիրը ենթակա է մերժման:

2. Եթե հանրագիրը չի վերաբերում այն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով:

3. Եթե հանրագրի մի մասը չի վերաբերում այն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա հանրագիրը քննվում է միայն վերաբերելի մասով՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցելով հանրագիր ներկայացրած անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու մյուս մասով:

4. Եթե անհատական ընդունելության արդյունքում ներկայացված բանավոր առաջարկությունն ամբողջությամբ կամ մասամբ չի վերաբերում տվյալ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա առաջարկությունն ամբողջությամբ կամ մասամբ որպես հանրագիր չի արձանագրվում, իսկ այն ներկայացրած անձին պարզաբանվում է, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով կամ մասով:»:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 4-րդ կետում «ընթացակարգ» բառից հետո հանել «, կամ» բառը

2. 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

3. լրացնել նոր 6-րդ կետով.

«6) սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքով, կամ.»

4. լրացնել նոր 7-րդ կետով.

«7) առաջարկությունը կամ գրությունը կամ հաղորդումը չի համապատասխանում սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրագրի հասկացությանը:»:

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 16. Հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելը

1. Սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված որոշումները, ինչպես նաեւ հանրագրի պատասխանն ուղարկվում են հասցեատիրոջ կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին կամ բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հրապարակվում են Էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագրի չհրապարակման մասին նշում: Թղթային եղանակով հանրագիր ներկայացնելու դեպքում սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված որոշումները, ինչպես նաեւ հանրագրի պատասխանն ուղարկվում են փոստով` հանձնելու մասին ծանուցմամբ հանրագրի մեջ նշված հասցեով կամ հասցեատիրոջն ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով, եթե հասցեատերը հանրագրի մեջ ցանկություն չի հայտնել պատասխանը ստանալ էլեկտրոնային փոստի հասցեին:

2. Թղթային եղանակով ներկայացված կոլեկտիվ հանրագրի դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերն ուղարկվում են հանրագրում որպես պատասխանատու նշված անձին, իսկ պատասխանը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հրապարակվում է Էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագրի չհրապարակման մասին նշում:

Հոդված 11.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից:

2.  Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության եւ վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, Էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու, եւ կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու  առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հաշվի առնելով Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի (այսուհետ՝ Էլեկտրոնային հարթակ) ստեղծման աշխատանքների ժամանակ ի հայտ եկած իրավական խնդիրները, որոնք պայմանավորված են էլեկտրոնային հարթակի միջոցով հրապարակվող հանրագրերի առանձնահատկությունների հետ՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրագրերի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Համապատասխան փոփոխությունները եւ լրացումները անհրաժեշտ են հետեւյալ հիմնավորումներով:

1. Նախագծով առաջարկվում է հստակեցնել «կոլեկտիվ հանրագիր» հասկացությունը՝ հասկացության մեջ ներառելով նաեւ այն հանրագրերը, որոնք ներկայացվել են էլեկտրոնային հարթակում եւ որին միացել են մեկ կամ ավել անձինք:

2. Նախագծով հստակեցվել է «կրկնակի հանրագիր» հասկացությունը, մասնավորապես հանրագիրը, որը մեկ տարվա ընթացում կրկին ներկայացրել է միեւնույն անձը միեւնույն հարցով եւ հիմնավորմամբ միեւնույն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրվել է պատասխան կամ իրավասու մարմնի կողմից կայացվել է հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում:

3. Էլեկտրոնային հարթակի միջոցով եւ էլեկտրոնային եղանակով ներկայացվող հանրագրերի միջեւ տարընկալումից խուսափելու նպատակով, առկա է անհրաժեշտություն հստակ սահմանել «Հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակ», «էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվող հանրագիր» հասկացությունները: Այսպիսով՝ Հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակը պետք է ընձեռի  հնարավորություն ներկայացնել անհատական կամ կոլեկտիվ հանրագիր, հրապարակել թղթային եղանակով ներկայացված հանրագիրը, հետեւել հանրագրի ընթացքին եւ հաղորդակցվել համապատասխան պետական կամ տեղական ինքանակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց հետ: Նոր իրավակարգավորմամբ առաջարկվում է, օգտվելով էլեկտրոնային տիրույթի հնարավորություններից, Հանրագրերի էլեկտրոնային հարթակում ներկայացնել թե՛ անհատական, թե՛ կոլեկտիվ հանրագրերը, ինչպես նաեւ նշել հանրագրի չհրապարակման մասին: Տարընկալումներից խուսափելու նպատակով առաջարկվում է չսահմանել հրապարակային հանրագիր հասկացությունը:

4. Հանրագրի ներկայացման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը ստանում է լիազորություն Հանրագրերի էլեկտրոնային հարթակում հրապարակելու անհատական կամ կոլեկտիվ հանրագիրը՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել թղթային եղանակով (առձեռն կամ փոստով) հանրագրի ներկայացման կարգը: Առաջարկվում է հստակեցնել հանրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ ապահովել Էլեկտրոնային հարթակի միջոցով կամ թղթային եղանակով ներկայացվող հանրագրերի նույնաբովանդակությունը, մասնավորապես՝ առաջարկվում է հանրագրի բովանդակության մեջ ներառել հանրագրի վերնագիրը, ոլորտը, որին վերաբերում է հանրագիրը, էլեկտրոնային փոստի հասցեն, Էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի, իսկ Էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագրին միանալու դեպքում՝ հանրագրի աջակիցների տվյալները: Օրենքը հստակ սահմանում է, որ եթե հանրագիրը ներկայացնում է ներկայացուցիչը, ապա հանրագրին կցվում է ներկայացուցչի լիազորագիրը, սակայն որեւէ նշում չկա օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը կցելու մասին այն դեպքում, երբ հանրագիրը ներկայացվում է օրինական ներկայացուցչի միջոցով:

5. Հաշվի առնելով էլեկտրոնային հարթակի զարգացման միտումները եւ այն, որ էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվող հանրագրերի առանձնահատկությունները՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվելու են Էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության եւ վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, Էլեկտրոնային հարթակում հրապարակելու, քննարկելու, հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու, էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու եւ էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագրին միանալու առանձնահատկությունները:

6. Նախատեսվում է հստակեցնել հանրագրի վերադարձման կարգը, մասնավորապես՝

7. Հաշվի առնելով, որ Օրենքի 1-ին հոդվածում սահմանված է հանրագրի հասկացությունը՝ ուղենշելով հանրագրով շոշափվող հարցերի շրջանակը, այնուամենայնիվ, ո՛չ հանրագրերի վերադարձման, ո՛չ դրանց քննարկումը մերժելու հիմքերի շրջանակում չի նախատեսվում ներկայացված առաջարկության՝ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասին չհամապատասխանելու հանգամանքը: Ուստի, հանրագրի քննարկման մերժելու հիմք պետք է լինի նաեւ առաջարկության՝ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված հանրագրի հասկացությանը չհամապատասխանելը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրագրերի մասին» օրենքում՝ նպատակ ունենալով հստակեցնել առկա կարգավորումները եւ լուծել Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման աշխատանքների ժամանակ ի հայտ եկած իրավական խնդիրները, որոնք կարգավորվում են «Հանրագրերի մասին» օրենքով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ առավել կհստակեցվեն օրենքում օգտագործվող հասկացությունները, հանրագրերին ներկայացվող պահանջները, հանրագրի վերադարձման, մերժման հիմքերը, հանրագրերի վերաբերյալ ընդունված որոշումները եւ հանրագրի պատասխանն ուղարկելու կարգը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հանրագրերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի նամակ