Armenian ARMSCII Armenian
Կ-103-29.08.2007-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 14.12.2004թ. N ՀՕ-62-Ն օրենքի`

ա) 15-րդ հոդվածի`

4-րդ կետի չորրորդ պարբերությունում «գիտական» բառերը փոխարինել «բարձրագույն ուսումնական հաստատության» բառերով.

8-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի) գործունեությունը համարվում է վարչական եւ գիտամանկավարժական աշխատանք, ամբիոնի վարիչի գործունեությունը` գիտամանկավարժական:».

բ) 19-րդ հոդվածի 2-րդ կետը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «վարչական եւ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ

Ներկայացվող «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների հետ համապատասխանեցմամբ: Ըստ տվյալ կետի պահանջների, բարձրագույն ուսումնական հաստատության Խորհրդի գործունեության մեջ մտնում է նաեւ ռեկտորի ընտրությունը: Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ֆակուլտետը հանդիսանում է բուհի կառուցվածքային ստորաբաժանում եւ ֆակուլտետի դեկանը ի պաշտոնե իրականացնում է ֆակուլտետի ղեկավարումը եւ աշխատանքների կազմակերպումը, ուստի նրա աշխատանքը, բացի գիտամանկավարժական գործունեությունից, փաստացի` ունի նաեւ վարչական բնույթ:

Ելնելով վերոհիշյալից, առաջարկում ենք «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել անհրաժեշտ լրացում եւ փոփոխություններ: