Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-818-22.12.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին եւ այլ քաղաքացիներին (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 44-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կապակցությամբ առկա են անհայտ կորած զինծառայողներ եւ այլ քաղաքացիներ (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականներ), որոնց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունների ճշտումն անհնարին է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից վարվող քաղաքականության, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջազգային կառույցների հետ համագործակցության բացակայության պատճառով: Այս առումով օրենսգրքով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները որոշակիորեն խոչընդոտ են հանդիսանում ռազմական գործողությունների կապակցությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների եւ այլ քաղաքացիների (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) իրավական կարգավիճակի հստակեցման եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացի համար: Մասնավորապես, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջների համաձայն՝ սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետեւանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների վրա: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատչառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջների համաձայն՝ հատուցման դեպք է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը: Հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե` զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորելու հետեւանքով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, եւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անցել է վեց ամիս, եթե մինչեւ հատուցման գումար վճարելու սկիզբը զինծառայողը չի հայտնաբերվել: Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ զինծառայող է համարվում նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը:

Վերը նշված հանգամանքների եւ կարգավորումների հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել օրենսգրքում նվազեցնել ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին եւ այլ քաղաքացիներին (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողների եւ այլ քաղաքացիների իրավական կարգավիճակ սահմանման եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաեւ նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել մեկ տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչպես նաեւ նախատեսվում է, որ օրենքի գործողությանը տրվում է հետադարձ ուժ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրենքի նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքները

Օրենքի ընդունումը կապահովի ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետեւանքով) անհայտ կորած զինծառայողների եւ այլ քաղաքացիների ընտանիքների անդամների համար օրենսդրությամբ սահմանված սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացն իրականացնել առավել սեղմ ժամկետներում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի նամակ