Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8193-22.12.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը կամ հակամրցակցային համաձայնությունը կամ տնտեսական գործունեության համակարգումը, որի արդյունքում անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառվել է խոշոր վնաս կամ ապրանքային շուկայի մասնակիցը ստացել է խոշոր չափով շահույթ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) ուրիշի գույքը վնասելով կամ ոչնչացնելով կամ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) կազմակերպված խմբի կողմից`

5) առանձնապես խոշոր չափով վնաս պատճառելով կամ առանձնապես խոշոր չափով շահույթ ստանալով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հինգհազարապատիկի չափով գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: