Armenian ARMSCII Armenian
Կ-8193-22.12.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը կամ հակամրցակցային համաձայնությունը կամ տնտեսական գործունեության համակարգումը, որի հետեւանքով անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառվել է խոշոր վնաս, կամ ապրանքային շուկայի մասնակիցն ստացել է խոշոր չափով շահույթ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) ուրիշի գույքը վնասելով կամ ոչնչացնելով կամ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) կազմակերպված խմբի կողմից,

5) առանձնապես խոշոր չափով վնաս պատճառելով կամ առանձնապես խոշոր չափով շահույթ ստանալով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածով խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հինգհազարապատիկի չափով գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո: