Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8194-22.12.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով`

«3. Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաեւ նրանց եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համագործակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «ազատությունները,» բառից հետո լրացնել «ազատ տնտեսական մրցակցությունը,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ կետով`

«17) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի միջնորդությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում` տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների` հակամրցակցային համաձայնությունների, մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության գործողության կամ տնտեսական գործունեության արգելված համակարգման կանխումը կամ բացահայտումը:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով`

«5. Oպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտված` տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվության, այդ թվում` նյութերի, նշումների, հեռախոսային ձայնագրությունների եւ այլ ապացույցների տրամադրումը չի հանդիսանում դրանց հրապարակում:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ մասով`

«4.1. Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների բացահայտման կամ կանխման գործում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները համագործակցում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ: Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների բացահայտման կամ կանխման դեպքերում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի առաջարկությամբ ներգրավվում են նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատողները:»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքով սահմանված խնդիրներն» բառերը փոխարինել «իրենց խնդիրները, այդ թվում` տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների`  հակամրցակցային համաձայնությունների, մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կամ անբարեխիղճ մրցակցության գործողության կամ տնտեսական գործունեության համակարգման կանխումը կամ բացահայտումը,» բառերով:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով`

«5) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի միջնորդության հիման վրա աջակցել վերջինիս տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում` իրականացնելով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ եւ 13-րդ կետերով սահմանված օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ դրանց արդյունքները տրամադրելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:»:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով`

«7. Oպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման նպատակով իրավունք ունեն իրականացնելու սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ եւ 13-րդ կետերով սահմանված միջոցառումները:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: