Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-825-28.12.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 17-րդ Գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

ԳԼՈՒԽ 13
ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ

Հոդված 128. Ձերբակալման տեսակները եւ ժամկետի հաշվարկը

1. Ձերբակալումը կարող է կիրառվել՝

1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում.

2) ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար.

3) խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ:

2. Անձը համարվում է ձերբակալված նրան ազատությունից փաստացի զրկելու պահից: Ձերբակալման` սույն օրենսգրքով սահմանված ժամկետը հաշվարկվում է նույն պահից:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում: Ձերբակալվածներին պահելու կարգը եւ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 129. Ձերբակալումը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում

1. Անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթե՝

1) նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.

2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի.

3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ՝ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.

4) առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր, եւ միաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր կամ նրա ինքնությունը պարզված չէ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալվածին հետաքննության մարմին կամ վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող մարմին բերելուց անմիջապես հետո ձերբակալում իրականացրած անձը կազմում է անձի ձերբակալման արձանագրություն:

3. Արձանագրության մեջ նշվում են`

1) ձերբակալվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը, հաշվառման կամ փաստացի բնակության հասցեն.

2) անձին ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները, պատճառները եւ հիմքերը.

3) ձերբակալում իրականացրած պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը.

4) անձին ազատությունից փաստացի զրկելու պահին կամ իրավասու մարմին բերելուց հետո կատարված անձնական խուզարկությամբ անձից վերցված առարկաների կամ փաստաթղթերի անվանումը եւ նկարագրությունը` առկայության դեպքում.

5) ձերբակալվածի մարմնի կամ հագուստի վրա տեսանելի վնասվածքները` առկայության դեպքում, ինչպես նաեւ առերեւույթ նրա ֆիզիկական եւ հոգեկան վիճակը.

6) ձերբակալվածի հայտարարությունները.

7) ձերբակալվածին իրավասու մարմին բերելու եւ արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը եւ րոպեն:

4. Արձանագրությունը ստորագրում են ձերբակալում իրականացրած անձը եւ ձերբակալվածը: Ձերբակալվածի կողմից ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ ամրագրվում է ինչպես այդ փաստը, այնպես էլ հրաժարվելու պատճառները: Արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվում է ձերբակալվածին:

5. Սույն հոդվածով սահմանված կարգով ձերբակալվածին ազատությունից փաստացի զրկելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում պետք է հանձնվի նրան ձերբակալելու կամ ազատ արձակելու վերաբերյալ որոշում, ինչպես նաեւ մեղադրյալի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների եւ պարտականությունների ցանկը: Ձերբակալման որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն եւ վայրը, ձերբակալվածի տվյալները, նրան վերագրվող արարքի փաստական հանգամանքները, ձերբակալման հիմքը:

6. Ձերբակալման որոշմանը, որպես դրա բաղկացուցիչ մաս, կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման եւ ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:

7. Սույն հոդվածով սահմանված կարգով ձերբակալման որոշում կայացրած իրավասու անձը պարտավոր է ձեռնարկել ձերբակալվածի խնամքի տակ գտնվող անչափահաս կամ անաշխատունակ անձանց խնամքի կամ գույքի պահպանության համար անհրաժեշտ միջոցներ:

8. Սույն հոդվածով սահմանված կարգով իրականացված ձերբակալումը չի կարող տեւել 72 ժամից ավելի: Սակայն ձերբակալվածին պետք է մեղադրանք ներկայացվի եւ նրա նկատմամբ համապատասխան խափանման միջոց կիրառելու հարցը լուծելու համար մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում:

9. Եթե ձերբակալվածի նկատմամբ ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի ընտրվում կալանք, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաեւ ձերբակալման իրավաչափությունը:

10. Սույն հոդվածի իմաստով ձերբակալում իրականացնող անձ է համարվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օրենքով համապատասխան իրավասություն ունեցող այլ մարմնի՝ տվյալ լիազորությամբ օժտված ծառայողը:

Հոդված 130. Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալված անձի իրավունքները, պարտականությունները, դրանց իրականացման պայմաններն ու երաշխիքները

1. Սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ձերբակալված անձը ձերբակալման որոշումը ստանալու պահից, իսկ եթե սույն օրենսգրքով սահմանված ժամկետում այն չի հանձնվել, ապա իրեն ազատությունից փաստացի զրկելուց հետո 6 ժամը լրանալու պահից ձեռք է բերում սույն օրենսգրքով մեղադրյալի համար նախատեսված բոլոր վերաբերելի իրավունքները եւ պարտականությունները:

2. Մինչեւ մեղադրյալի վերաբերելի իրավունքները ձեռք բերելը ձերբակալված անձն ունի հետեւյալ իրավունքները`

1) իմանալ իրեն ազատությունից զրկելու պատճառը.

2) պահպանել լռություն.

3) իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին.

4) հաղորդակցվել եւ տեսակցել փաստաբանի հետ.

5) իր պահանջով ենթարկվել բժշկական զննման:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված իրավունքները ծագում են հետաքննության մարմնի կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի վարչական շենք մուտք գործելու պահից:

4. Մինչեւ մեղադրյալի վերաբերելի պարտականությունները ձեռք բերելը ձերբակալված անձն ունի հետեւյալ պարտականությունները`

1) ենթարկվել ձերբակալումն իրականացնող անձի, հետաքննության մարմնի եւ վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին.

2) ենթարկվել անձնական խուզարկության.

3) ենթարկվել բժշկական զննման եւ մատնադրոշմման, ինչպես նաեւ լուսանկարվել եւ փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքների իրականացումն ապահովելու նպատակով`

1) ձերբակալումն իրականացնող անձը պարտավոր է ձերբակալելուց անմիջապես հետո ձերբակալվածին բանավոր պարզաբանել նրան ազատությունից զրկելու պատճառը, ինչպես նաեւ նրա իրավունքները եւ պարտականությունները:

2) հետաքննության մարմինը կամ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձերբակալվածին հետաքննության մարմնի կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի վարչական շենք բերելուց հետո անհապաղ նրան տրամադրել նրա ստորագրությամբ իր իրավունքների եւ պարտականությունների ցանկը, ապահովել ձերբակալվածի գտնվելու վայրի մասին նրա ընտրած անձին տեղեկացնելը եւ փաստաբան հրավիրելը, ձերբակալվածի պահանջի դեպքում ապահովել նրա բժշկական զննումը, չխոչընդոտել փաստաբանի տեսակցությունը ձերբակալվածի հետ:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված նվազագույն իրավունքի իրականացումը վարույթն իրականացնող մարմնի վերադասի համաձայնությամբ կարող է հետաձգվել առավելագույնը 12 ժամով, եթե առկա են հիմնավոր պատճառներ, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման:

7. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված իրավունքի իրականացման հետաձգման մասին անհապաղ գրավոր հայտնվում է ձերբակալվածին, ինչպես նաեւ կազմվում է առանձին որոշում` դրանում շարադրելով այդ իրավունքի իրականացումը հետաձգելու պատճառները:

Հոդված 131. Ձերբակալումը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար

1. Ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնել մեղադրյալին ձերբակալելու մասին: Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, մեղադրյալի տվյալները, ձերբակալման հիմքը եւ պատճառները, ինչպես նաեւ հետաքննության այն մարմինը, որին հանձնարարվում է ձերբակալման իրականացումը:

2. Հետաքննիչը մեղադրյալին ձերբակալելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնում ձերբակալման որոշման պատճենը: Ազատությունից փաստացի զրկվելուց անմիջապես հետո մեղադրյալը բերվում է քննիչի մոտ: Մեղադրյալին քննիչի մոտ բերելու փաստը ամրագրվում է անձի ձերբակալման արձանագրության մեջ: Արձանագրության մեջ նշվում են` մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, նրան ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները եւ հիմքերը, ձերբակալում իրականացրած հետաքննիչի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ձերբակալված մեղադրյալի հայտարարությունները, ձերբակալված մեղադրյալին քննիչի մոտ բերելու եւ արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը եւ րոպեն:

3. Ձերբակալման որոշմանը, որպես դրա բաղկացուցիչ մաս, կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման եւ ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տեւել 24 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 12 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

5. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալված մեղադրյալը ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաեւ ձերբակալման իրավաչափությունը:

Հոդված 132. Խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը

1. Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, քննիչն իրավասու է որոշում կայացնել նրան ձերբակալելու մասին` միաժամանակ մեղադրյալի կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելով դատարան: Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, մեղադրյալի տվյալները, ձերբակալման հիմքը եւ պատճառները, ինչպես նաեւ հետաքննության այն մարմինը, որին հանձնարարվում է ձերբակալման իրականացումը:

2. Մեղադրյալին սույն հոդվածով նախատեսված հիմքով կարելի է ձերբակալել միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքի դրույթները թույլ են տալիս նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

3. Հետաքննիչը մեղադրյալին ձերբակալելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնում ձերբակալման որոշման պատճենը: Ազատությունից փաստացի զրկվելուց անմիջապես հետո մեղադրյալը բերվում է քննիչի մոտ: Մեղադրյալին քննիչի մոտ բերելու փաստն ամրագրվում է անձի ձերբակալման արձանագրության մեջ: Արձանագրության մեջ նշվում են` մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, նրան ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները եւ հիմքերը, ձերբակալում իրականացրած հետաքննիչի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ձերբակալված մեղադրյալի հայտարարությունները, ձերբակալված մեղադրյալին քննիչի մոտ բերելու եւ արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը եւ րոպեն:

4. Ձերբակալման որոշմանը, որպես դրա բաղկացուցիչ մաս, կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման եւ ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տեւել 24 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 12 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալված մեղադրյալը ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաեւ ձերբակալման իրավաչափությունը:

Հոդված 133. Ձերբակալված օտարերկրյա քաղաքացու եւ քաղաքացիություն չունեցող անձի լրացուցիչ իրավունքները

1. Սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ձերբակալման դեպքում նրան անազատության մեջ պահելու հիմքերի եւ վայրի մասին վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է անազատության մեջ պահվող անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի, ապա նրա մշտական բնակության պետությանը: Այդ մասին սեղմ ժամկետում գրավոր տեղեկացվում է ձերբակալվածը:

2. Եթե ձերբակալված անձի քաղաքացիության կամ մշտական բնակության պետության իրավասու ներկայացուցիչը ցանկությւոն է հայտնել հաղորդակցվել կամ տեսակցել ձերբակալվածին, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել դրա իրականացումը:

3. Սույն հոդվածում նշված անձինք համապատասխան երաշխիքներից օգտվում են նաեւ նրանց ազատությունից փաստացի զրկելու այլ դեպքերում:

Հոդված 133.1. Ձերբակալվածին ազատելը

1. Իրավասու անձը ձերբակալվածին ազատ է արձակում, եթե՝

1) չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ կասկածը,

2) վերացել է անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը.

3) անձն ազատությունից զրկվել է ձերբակալման կարգի էական խախտմամբ.

4) լրացել է ձերբակալման՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը:

2. Ձերբակալվածին ազատ արձակելու մասին քննիչի կամ դատախազի որոշման պատճենն անհապաղ հանձնվում է ազատված անձին: Որոշման մեջ նշվում են անձին ազատելու հիմքը եւ ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն):

3. Այն դեպքում, երբ դատարանը մերժում է ձերբակալված մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, մեղադրյալն անհապաղ ազատ է արձակվում դատարանի կարգադրությամբ: Դատարանի որոշման պատճենն անհապաղ հանձնվում է մեղադրյալին, որում նշվում են անձին ազատելու հիմքը եւ ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն):

4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում, եթե քննիչի կամ դատախազի որոշմամբ անձն ազատ չի արձակվել, ձերբակալվածին ազատ է արձակում ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը: Այդ դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը անձին հանձնում է ձերբակալվածին ազատելու մասին տեղեկանք, որի մեջ նշվում են անձին ազատելու հիմքը եւ ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն): Տեղեկանքի պատճենն ուղարկվում է քննիչին եւ հսկող դատախազին:

5. Սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով ձերբակալված անձն ազատ արձակվելուց հետո չի կարող կրկին ձերբակալվել նույն կասկածով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում վերջին ժամանակահատվածում ձեւավորվել է այնպիսի պրակտիկա, որ դատարանները գրեթե բոլոր գործերով ձերբակալման արձանագրությունները ճանաչում են ոչ օրինական եւ ազատ են արձակում կասկածյալներին, պատճառաբանելով որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բացակայում են իրավական հիմքերը:

Նման երեւույթը կարող է հանգեցնել հանցավորության աճին եւ բացասական հետեւանքներ թողնել Հայաստանի Հանրապետության բնակչության եւ պետության համար: Վերը նշված խնդիրը կարգավորված է ՀՀ քրեական դատավարության նոր նախագծով, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտություն կա այդ նախագծի համապատասխան գլուխը ուժի մեջ մտնի ավելի շուտ, քան նախատեսված էր: Առաջարկվող նախագծով ընդարձակվում են ձերբակալության հիմքերը եւ հստակեցվում ձերբակալության կարգը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ