Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-826-28.12.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 3-րդ մասում «ժամկետի երկարաձգման հիմքեր» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասում նախատեսված դեպքերում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մասով.

«2.1 Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ում ազատությունը օրենքով սահմանված կարգով սահմանափակված է կամ ով ազատությունից զրկված է կամ ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կարող է դիմել ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից՝  15 օրացուցային օրվա ընթացքում:

Սույն մասում նշված անձանց արգելանքի տակ վերցնելուց հետո անհապաղ իրենց հասկանալի լեզվով, այդ թվում՝ գրավոր, արգելանքի տակ վերցրած մարմնի կողմից  պարզաբանվում է ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմելու վերջիններիս իրավունքը եւ ապահովվում դրա իրացումը՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին նրանց դիմումները լիազոր մարմնին ուղարկելու միջոցով: Այն անձանց, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմելու իրենց իրավունքի մասին ծանուցումը եւ դրա իրացումը ապահովվում է քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից:

Սույն մասում նշված այն անձինք, որոնք արգելանքի տակ չեն վերցվել, ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմելու իրենց իրավունքի մասին տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում՝ Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կազմում գործող Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ոստիկանության եւ լիազոր մարմնի կողմից: Նշված իրավունքի իրացումն ապահովվում է՝ Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կազմում գործող Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի, ինչպես նաեւ Ոստիկանության կողմից տվյալ անձանցից՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումներն ընդունելու եւ լիազոր մարմնին փոխանցելու, իսկ լիազոր մարմնի դեպքում՝ մարմնի գտնվելու վայրում ապաստանի դիմումներն ընդունելու եւ հաշվառելու միջոցով»:

ՀՈԴՎԱԾ 3.  Օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասում «ուղարկվում է ապաստան հայցողին» բառերից հետո լրացնել «, իսկ  սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասում նախատեսված դեպքերում ներկայացված ապաստանի հայցերով կայացված որոշումն՝ անհապաղ, բայց ոչ ուշ քան ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 57-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հայցերով կայացված բացասական որոշումների, որոնք ենթակա են բողոքարկման դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում» բառերը.

2) 3-րդ մասում «կարող է բողոք ներկայացնել դատարան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված ապաստանի հայցերով կայացված բացասական որոշումների՝ որոնցով կարող է բողոք ներկայացվել բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) վերանալու  օրվանից սկսած 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ապաստանի հայցի առնչությամբ լիազոր մարմնի կայացրած որոշման ընդունման մասին տեղեկանալու օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմաբագրությամբ.

 «Հոդված 59. Ապաստան տրամադրելու դիմումը կրկնակի ներկայացնելը

1. Ապաստան տրամադրելու կրկնակի (երկրորդ) դիմումը կարող է ներկայացվել ապաստան տրամադրելու առաջին դիմումի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կամ ապաստան տրամադրելու գործընթացը կարճելու մասին որոշման առկայության դեպքում: Նման դեպքերում ապաստան հայցողն օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, այդ թվում՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից:

2. Լիազոր մարմինը երկրորդ դիմումը ստանալուց հետո հարցազրույց է անցկացնում դիմումատուի հետ:

3. Լիազոր մարմինը երկրորդ դիմումի հիման վրա ապաստանի հայցի ըստ էության քննություն իրականացնում է հետեւյալ պայմաններից որեւէ մեկի առկայության դեպքում.

1) առաջացել են հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի առնչությամբ կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պատճառներով նոր հանգամանքներ,

2) ապաստան հայցողը ներկայացրել է նոր ապացույցներ, որոնք հիմնավոր պատճառներով չեն ներկայացվել առաջին դիմումի քննության ընթացքում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանների բացակայության դեպքում Լիազոր մարմինը կայացնում է դիմումն առանց քննության թողնելու մասին որոշում:

5. Դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման դրա մասին ծանուցվելու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքերում ծանուցվելու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում:»:

ՀՈԴՎԱԾ 6. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1.Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

2. Uույն oրենքի 5-րդ հոդվածով սահմանված իրավանորմերը տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված՝ ապաստան տրամադրելու երկրորդ դիմումներով վարույթների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԾԵՐ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.  Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորվում է միջազգային իրավական պաշտպանության այնպիսի միջոց, ինչպիսին ապաստան հայցելու իրավունքն է:

Առկա վիճակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում օրենքով նախատեսված կարգով անազատության մեջ հայտնված անձանց կողմից փախստականի կարգավիճակ կամ ՀՀ-ում ապաստան ստանալու իրավունքից օգտվելը դիտվում է որպես իրենց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված որոշակի սահմանափակումներից խուսափելու միջոց:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող եւ ՀՀ տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձանց:

Այսպես, ՀՀ տարածք ապօրինի մուտք գործած անձանց կողմից հետագայում փախստականի կարգավիճակ կամ ապաստան հայցելն ընկալվում է որպես իրենց կողմից կատարված հանցագործության «արդարացում»:

Մինչդեռ հիշյալ հարցի կապակցությամբ «Փախստականների կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի 1951թ. կոնվենցիայի 31-րդ հոդվածի համաձայն՝ ապաստան տված երկրում անօրինական կարգով գտնվող փախստականների նկատմամբ պայմանավորվող պետությունները պատժամիջոցներ չեն կիրառում իրենց երկիր ապօրինի մուտքի կամ ներկայության համար, եթե փախստականները ուղղակիորեն եկել են այն տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգվում էր 1-ին հոդվածի իմաստով, մուտք են գործել իրենց տարածք կամ գտնվում են այնտեղ առանց թույլատրության, պայմանով, որ նրանք անձամբ, առանց ձգձգման, ներկայանան իշխանություններին եւ մատնանշեն իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառ: Նույնաբովանդակ դրույթ է ամրագրված նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածում:

Սակայն, փորձը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուց եւ այդ հանցավոր արարքը իրավապահների կողմից բացահայտվելուց տեւական ժամանակ հետո այն կատարած անձինք դիմում են լիազոր պետական մարմնին՝ իրենց ՀՀ-ում փախստականի կարգավիճակ կամ ապաստան շնորհելու հայցով՝ այդպիսով նպատակ ունենալով խուսափել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից:

Մեկ այլ խնդրահարույց իրավիճակ է ստեղծվում օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց կողմից ՀՀ տարածքում ձերբակալվելու եւ կալանավորվելուց հետո չվերադարձվելիության սկզբունքի ուժով փաստացի «հանձնման անձեռնմխելիություն» ձեռք բերելու նպատակով փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի հայցով դիմելիս:

Նման պայմաններում երբեմն իրավապահ մարմիններն անձի հանձնումը թույլատրելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման առկայության պայմաններում փաստացի զրկված են լինում անձի հանձնումն իրականացնելու հնարավորությունից՝ հաշվի առնելով միջազգային եւ ներպետական օրենսդրությամբ նախատեսված արգելքները:

Նման իրավիճակներում անձը գտնվում է կալանքի տակ (որի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 8 ամիսը) եւ հետախուզումը նախաձեռնող պետությանը հանձնվելուց խուսափելու կամ այդ գործընթացը հետաձգելու նպատակով դիմում է վերը նշված իրավական մեխանիզմներին՝ պատճառաբանելով, որ իր վերոգրյալ իրավունքը նախկինում իրեն պարզաբանված չի եղել: Նման իրավիճակներում անձի փաստացի հանձնումը հետաձգվում է՝ մինչեւ իր հայցի վերաբերյալ վերջնական որոշման, այդ թվում՝ դատական ատյանների բողոքարկման արդյունքում ընդունված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Ավելին, Օրենքում չկա որեւէ դրույթ, որն անձին կարգելի նույն հիմքով կրկին դիմում  ներկայացնել լիազոր մարմնին: Մինչդեռ ՀՀ քրեադատավարական օրենքով նախատեսված առավելագույն ժամկետի ավարտից հետո հանձնման նպատակով կալանավորված անձը ենթակա է անհապաղ ազատ արձակման, ինչը կարող է հետագա բարդությունների, այդ թվում՝ հանձնման անհնարինության հանգեցնել՝ վերջինիս ՀՀ-ում փախստականի կարգավիճակ կամ ապաստան շնորհելու հայցը մերժելու դեպքում:

Վերոգրյալի կապակցությամբ պետք է նշել, որ թեեւ ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրված չեն անձի կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստանի հայցով դիմելու ժամկետներ, սակայն տվյալ խնդիրը բազմիցս քննադատության է արժանացել տարբեր մարմինների կողմից եւ ընդգծվել տվյալ ոլորտում իրավունքի չարաշահման հնարավորության բացառման անհրաժեշտությունը:

Այսպես, փախստականների կարգավիճակի շնորհման եւ քննարկման գործընթացի նվազագույն ստանդարտների վերաբերյալ ԵԽ 2005/85/EC 01.12.2005թ. հրահանգի 23-րդ հոդվածի 4-րդ մասի «i» կետը, սահմանելով հայցի ուսումնասիրման ընթացակարգերը, ամրագրել է, որ հայցը պետք է արագացված կարգով քննարկվի, եթե հայցող անձը առանց որեւէ հիմնավոր պատճառների իր հայցն առավել վաղ չի ներկայացրել՝ ունենալով այդպիսի հնարավորություն:

Պետք է նշել, որ նույն հրահանգի 10-րդ հոդվածի 1-ին մասի «a»  եւ 35-րդ հոդվածի 3-րդ մասի «b» կետերով սահմանված է ապաստանի հայցով դիմելու իրավունքը անձին «ժամանակին» պարզաբանելու պետության պարտականությունը:

Ռախիմովն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռում (91-րդ կետ) մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ անձի կողմից այլ պետության տարածք ժամանելիս ապաստանի հայցով անմիջապես չդիմելը էական է նրա պնդումների արժանահավատությունը գնահատելիս:

Անդրադառնալով հիշյալ ոլորտում առկա մյուս խնդրին՝ փախստականի կարգավիճակ հայցելու կամ ապաստան հայցելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ իրականացվող վարչական վարույթների քննարկման ժամկետներին, հատկանշական է, որ Օրենքի 45-րդ հոդվածի համաձայն՝ Ապաստան ստանալու մասին դիմումը լիազոր մարմինը քննարկում է դիմումը լիազոր մարմնում գրանցվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքի: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ երեք ամիս ժամանակով, եթե առկա են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչական վարույթի ժամկետի երկարաձգման հիմքեր:

Նույն Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապաստան հայցողները եւ փախստականներն իրավունք ունեն դատական կարգով բողոքարկելու ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման առնչությամբ հարուցված ապաստանի ընթացակարգի, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված վարչական այլ ընթացակարգերի հետեւանքով լիազոր մարմնի կայացրած ցանկացած բացասական որոշում՝ դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) վերանալուց հետո ապաստան հայցողը 15 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ապաստանի հայցի առնչությամբ լիազոր մարմնի կայացրած որոշման ընդունման մասին տեղեկանալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, կարող է բողոք ներկայացնել դատարան:

Վարչական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածն իր հերթին ամրագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելը եւ բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում:

Նման պայմաններում ստեղծվում է  իրավիճակ, երբ անձի հանձնումը թույլատրելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման առկայության պայմաններում անազատության մեջ գտնվող անձի կալանավորումը շարունակաբար երկարացվում է եւ նա փաստացի չի հանձնվում օտարերկրյա պետությանը՝ դատական ատյաններում իր բողոքի վերաբերյալ քննությանը նրա մասնակցությունն ապահովելու նպատակից ելնելով:

Նույն խնդիրն առկա է նաեւ ստորադաս դատական ատյանի որոշման դեմ վերադաս դատարան բողոք ներկայացնելու եւ այն դատարանի կողմից քննարկելու գործընթացներում:

 Հետեւաբար, անհրաժեշտություն կա հստակեցնել անազատության մեջ գտնվող անձի կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստան հայցելու դիմումների քննարկման եւ դրանց կապակցությամբ ընդունված որոշումների բողոքարկման ընթացակարգերը՝ սահմանելով հստակ եւ կանխատեսելի ժամկետներ:

Ապաստանի հայցերի վիճակագրական տվյալները կցված են:

Գործնականում ծագող հաջորդ խնդիրը պայմանավորված է ապաստան հայցողների կողմից ապաստանի հայց ներկայացնելու իրավունքի չարաշահման եւ կրկնակի հայցերի դեպքում հստակ ընթացակարգի բացակայությամբ: Մասնավորապես, թեեւ կրկնակի բառը նշանակում է երկրորդ անգամ, սակայն այն իրավակիրառ պարկտիկայում ներկայացվում է որպես բազմակի անգամ ապաստանի հայց ներկայացնելու հնարավորություն եւ չարաշահվում է ապաստան հայցողների կողմից: Միաժամանակ, թեեւ օրենքում ամրագրված է, որ Միգրացիոն ծառայությունը ինչ հիմքերի դեպքում է քննության առնում կրկնակի հայցը, սակայն չի նախատեսված, թե այդ հիմքերի բացակայության դեպքում ինչպիսի որոշում է կայացնում լիազոր մարմինը:

2.  Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող կարգավորման նպատակն է օրենքով սահմանված կարգով ազատությունը սահմանափակված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում՝ Օրենքով նախատեսված իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ողջ ընթացակարգը ենթարկել ժամկետային կարգավորման, բացառել նույն հիմքով երկրորդ անգամ լիազոր մարմնին դիմելու պրակտիկան՝ ապահովելով իրավական որոշակիությունը, բացառելու իրավունքի չարաշահման հնարավորությունը եւ ապահովելու քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքը:

Այսպես՝ Նախագծերով առաջարկվում է.

1)  սահմանել լիազոր պետական մարմնի կողմից հիշյալ խումբ անձանց ներկայացրած դիմումները առանց երկարաձգման հնարավորության քննարկելու եւ հնարավորինս անհապաղ ծանուցելու ընթացակարգ,

2) օրենսդրորեն արգելել նույն հիմքով երկրորդ անգամ դիմումի ներկայացումը,

3)  սահմանել կայացված բացասական որոշումը վարչական դատարան բողոքարկելու 10-օրյա ժամկետ,

4) սահմանել վարչական դատարանի կողմից հայցադիմումը քննության առնելու եւ համապատասխան դատական ակտ կայացնելու ու հրապարակելու 1-ամսյա ժամկետ,

5) նախատեսել վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերաքննիչ դատարան բողոքարկելու 10-օրյա ժամկետ,

6) վերաքննիչ դատարանում գործի քննության, դատական ակտի կայացման ու հրապարակման 15-օրյա ժամկետ,

7) վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու 5-օրյա ժամկետ,

8) վճռաբեկ դատարանի կողմից բողոքի քննության եւ համապատասխան դատական ակտի կայացման ու հրապարակման 5-օրյա ժամկետ:

Հատկանշական է, որ նմանատիպ կարգավորում առկա  է նաեւ Վրաստանի օրենսդրությամբ:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ գլխավոր դատախազության եւ Միգրացիոն ծառայության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կհստակեցվի օրենքով սահմանված կարգով ազատությունը սահմանափակված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում՝ Օրենքով նախատեսված իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ընթացակարգը՝ սահմանելով հստակ եւ կանխատեսելի ժամկետներ՝ ապահովելու համար իրավական որոշակիությունը, քրեական պատասխանատվության եւ պատժի անխուսափելիությունը, քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքը եւ բացառելով իրավունքի չարաշահման հնարավորությունը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի կապակցությամբ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՀՀ վարչապետի նամակը

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում