Հոդված 1. 1) «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթները» բառերը փոխարինել «ոչ գույքային բնույթ ունեցող բոլոր կատարողական վարույթները, բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների» բառերով.
2) Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը լրացնել նոր պարբերություն.
«Կարճվում են գույքային բռնագանձումներով, եւ ոչ գույքային բնույթ ունեցող բոլոր կատարողական վարույթները, բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների:».
Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի
1) 2-րդ կետում «դրամական կամ այլ» բառերը փոխարինել «գույքային» բառով:
2) 4-րդ կետում «պարտապանի դեմ պարտատերերի» բառերից հետո լրացնել «գույքային» բառով.
3) 5-րդ կետում «հայցի ապահովման, բռնագանձման եւ այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «գույքային բռնագանձման եւ ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների եւ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ հիմնավորումները.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կարճվում են գույքային բռնագանձումներով եւ հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթները:
Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից`
1) պարտապանի պարտավորությունների կատարման ժամկետները համարվում են սկսված.
2) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի.
3) դադարում է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների եւ տուգանքների հաշվեգրումը.
4) կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, եւ պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում` սույն օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով.
5) կարճվում է պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման եւ այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի.
6) վերանում են պարտապանի գույքի վրա դրված արգելանքներն ու սահմանափակումները:
Մեջբերված իրավանորմերից հետեւում է, որ կատարողական վարույթով պարտապանի սնանկությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ազդում է վերջինիս` որպես պարտապան ներգրավվածությամբ կատարողական բոլոր վարույթների ընթացքի վրա, մասնավորապես` կատարողական վարույթով պարտապանի սնանկ ճանաչվելու դեպքում կարճվում են պարտապանի մասնակցությամբ կատարողական բոլոր վարույթները, որտեղ վերջինս հանդես է գալիս որպես պարտապան` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Այսպիսով, անձի սնանկության գործընթացն ու բուն սնանկությունն ազդեցություն են ունենում վերջինիս` որպես պարտապան ներգրավվածությամբ կատարողական բոլոր վարույթների վրա եւ հանգեցնում դրանց կարճմանը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ընդ որում` ՀՀ օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենքով նախատեսված այդպիսի բացառությունների շարքում ընդգրկված չեն այն կատարողական վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին առաջադրվելու են ոչ գույքային բնույթի պահանջներ, այսինքն` Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ինչպես նաեւ 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հիման վրա կարճման են ենթակա պարտապանի մասնակցությամբ այն կատարողական վարույթները նաեւ, որոնցով պարտապանին կատարման են առաջադրվում ոչ գույքային բնույթի պարտականություններ, օրինակ`
- Այլ անձին հասցված վիրավորանքի համար ներողություն խնդրելու ոչ գույքային բնույթի
պարտականություն (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 1087.1 հոդված, 7-րդ մաս, 1-ին կետ),
- Այլ անձի վերաբերյալ կատարված, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու ոչ
գույքային բնույթի պարտականություն (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 1087.1 հոդված, 8-րդ մաս, 1-ին կետ),
- Այլ անձի սեփականության իրավունքի խախտման վերացմանն ուղղված գործողություններ կատարելու կամ
այդպիսի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու ոչ գույքային բնույթի պարտականություն (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 277 հոդված), եւ այլն:
Այսպիսով, Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ինչպես նաեւ 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կարգավորումները հանգեցնում են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ նաեւ ոչ գույքային բնույթ ունեցող կատարողական վարույթների կարճմանը` այն դեպքում, երբ այդպիսի կատարողական վարույթներով պարտատերերը ՀՀ օրենսդրությամբ ապահովված չեն կարճվող կատարողական վարույթներով կատարման ենթակա իրենց պահանջներն այլ եղանակով ներկայացնելու եւ դրանց կատարում ստանալու հնարավորությամբ, մասնավորապես` ոչ գույքային բնույթ ունեցող կատարողական վարույթը պարտապանի սնանկության հիմքով կարճվելու դեպքում նույն վարույթով պարտատերը չի կարող իր ոչ գույքային բնույթ ունեցող պահանջը ներկայացնել եւ կատարում ակնկալել սնանկության վարույթի շրջանակներում, քանի որ սնանկության վարույթի շրջանակներում ներկայացվել, քննվել ու կատարվել կարող են միայն գույքային բնույթ ունեցող պահանջները: Սնանկ ճանաչված պարտապանի հանդեպ ոչ գույքային բնույթ ունեցող պահանջներով օժտված պարտատերերի համար համապատասխան եւ կրկին չարդարացված խոչընդոտներ են նախատեսված Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 4-րդ կետերով նույնպես, որոնք եւ նախատեսվում է վերացնել ներկայացվող նախագծի 2-րդ հոդվածով:
Այսպիսով, Օրենքի ներկայումս գործող իրավակարգավորումները կատարողական վարույթով պարտապանի սնանկության դեպքում ոչ գույքային բնույթ ունեցող պարտավորությամբ որպես պարտատեր հանդես եկող անձին զրկում են արդեն իսկ ճանաչված ու կատարման փուլում գտնվող իր պահանջի կատարում ստանալու հնարավորությունից, ինչը խնդրահարույց է հատկապես անձի արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտման տեսանկյունից:
Մասնավորապես, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշման` «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը պաշտպանում է քաղաքացիական իրավունքների եւ պարտականությունների հետ կապված հայց հարուցելու յուրաքանչյուրի իրավունքը: Այդպիսով, այն ներառում է «դատարան դիմելու իրավունք»-ը, որի ասպեկտներից մեկը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը: Մինչդեռ, այդ իրավունքը կլիներ անիրական, եթե Պայմանավորվող Պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումները մնան չկատարված` ի վնաս մի կողմի: Անընդունելի կլիներ, եթե 6-րդ հոդվածի 1-ին մասը մանրամասն նկարագրեր կողմերին տրված դատավարական երաշխիքները (արդարացի, հրապարակային դատավարություն եւ գործերի քննության անընդհատության սկզբունք)` առանց դատական որոշումների կատարման երաշխիքների: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մեկնաբանումը միայն դատարանի մատչելիության եւ դատավարությունների անցկացման իրավունքի շրջանակներում, հավանաբար, կառաջացներ մի իրավիճակ, որն անհամատեղելի կլիներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը Պայմանավորվող Պետությունները Կոնվենցիան վավերացնելիս պարտավորվել են հարգել: Ցանկացած դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով պետք է դիտվի որպես «դատավարության» բաղկացուցիչ մաս (Տե'ս նաեւ Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 04.09.2002 թվականի որոշումը` կետ 34, ինչպես նաեւ Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):
Ավելին, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման` անձի արդար դատաքննության իրավունքը կվերածվի տեսական, երեւակայական, անիրական իրավունքի, եթե Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը թույլ տա, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը մնան անկատար: Ցանկացած իրավական պետություն պարտավոր է երաշխավորել ոչ թե տեսական, երեւակայական կամ անիրական իրավունքներ եւ ազատություններ, այլ գործնականում հնարավոր եւ արդյունավետ իրավունքներ եւ ազատություններ: Այսինքն` իրավական պետության եւ իրավունքի գերակայության սկզբունքները ենթադրում են դատավարության եւ դատական ակտի կատարման փուլերի անքակտելիությունը, հետեւաբար հայցի ապահովման դատավարական ինստիտուտի եւ դատական ակտերի հարկադիր կատարմանը վերաբերող ցանկացած իրավական նորմ պետք է մեկնաբանվի եւ կիրառվի ՀՀ Սահմանադրությամբ եւ Կոնվենցիայով երաշխավորված` անձի վերը նշված հիմնական իրավունքների լույսի ներքո (Տե'ս թիվ ՎԴ/2127/05/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը` կարելի է արձանագրել, որ Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ինչպես նաեւ 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ներկայիս իրավակարգավորումները ոչ գույքային բնույթ ունեցող պահանջով օժտված անձի արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտման տեսանկյունից խնդրահարույց են, եւ ներկայացված նախագիծն ուղղված է մի կողմից` այդպիսի անձանց արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումները բացառելուն` պահանջի իրավունքի իրականացումն ապահովելու եղանակով, մյուս կողմից` այն ուղղված է ոչ գույքային բնույթ ունեցող կատարողական վարույթների անխափան ու անընդհատ ընթացքի ապահովմանը` բացառելով կատարողական վարույթների անհարկի կարճումները:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ հիմնավորումները.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե դատարանը գործ է հարուցել պարտապանին սնանկ ճանաչելու մասին կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտապան բանկին անվճարունակ է ճանաչել:
Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` Հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Մեջբերված հոդվածներից հետեւում է, որ կատարողական վարույթով պարտապանի սնանկության գործընթացը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ազդում է վերջինիս` որպես պարտապան ներգրավվածությամբ կատարողական բոլոր վարույթների ընթացքի վրա, մասնավորապես`
- Կատարողական վարույթով պարտապանի սնանկության վերաբերյալ դատարանում գործ հարուցվելու դեպքում կասեցվում են պարտապանի մասնակցությամբ կատարողական բոլոր վարույթները, որտեղ վերջինս հանդես է գալիս որպես պարտապան.
- Կատարողական վարույթով պարտապանի սնանկ ճանաչվելու դեպքում կարճվում են պարտապանի մասնակցությամբ կատարողական բոլոր վարույթները, որտեղ վերջինս հանդես է գալիս որպես պարտապան` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Այսպիսով, անձի սնանկության գործընթացն ու բուն սնանկությունն ազդեցություն են ունենում վերջինիս` որպես պարտապանի ներգրավվածությամբ կատարողական բոլոր վարույթների վրա` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ընդ որում` կատարողական վարույթների կասեցման առումով բացառությունների նախատեսման հնարավորություն Օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված չէ, եւ այդպիսի բացառությունների հնարավորությունը նախատեսվում է կատարողական վարույթները կարճելու դեպքում միայն: Միեւնույն ժամանակ, ՀՀ օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենքով նախատեսված այդպիսի բացառությունների շարքում ընդգրկված չեն այն կատարողական վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին առաջադրվելու են ոչ գույքային բնույթի պահանջներ, այսինքն` Օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա կասեցման, իսկ 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիման վրա` կարճման են ենթակա պարտապանի մասնակցությամբ այն կատարողական վարույթները նաեւ, որոնցով պարտապանին կատարման են առաջադրվում ոչ գույքային բնույթի պարտականություններ, օրինակ`
- Այլ անձին հասցված վիրավորանքի համար ներողություն խնդրելու ոչ գույքային բնույթի պարտականություն (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 1087.1 հոդված, 7-րդ մաս, 1-ին կետ),
- Այլ անձի վերաբերյալ կատարված, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու ոչ գույքային բնույթի պարտականություն (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 1087.1 հոդված, 8-րդ մաս, 1-ին կետ),
- Այլ անձի սեփականության իրավունքի խախտման վերացմանն ուղղված գործողություններ կատարելու կամ այդպիսի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու ոչ գույքային բնույթի պարտականություն (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 277 հոդված), եւ այլն:
Այսպիսով, Օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաեւ 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի կարգավորումները հանգեցնում են սնանկ ճանաչվող կամ արդեն ճանաչված պարտապանի մասնակցությամբ նաեւ ոչ գույքային բնույթ ունեցող կատարողական վարույթների համապատասխանաբար կասեցմանը եւ կարճմանը` այն դեպքում, երբ այդպիսի կատարողական վարույթներով պարտատերերը ՀՀ օրենսդրությամբ ապահովված չեն կասեցվող կամ կարճվող կատարողական վարույթներով կատարվող իրենց պահանջներն այլ եղանակով ներկայացնելու եւ դրանց կատարում ստանալու հնարավորությամբ, մասնավորապես` ոչ գույքային բնույթ ունեցող կատարողական վարույթը պարտապանի սնանկության հիմքով կարճվելու դեպքում նույն վարույթով պարտատերը չի կարող իր ոչ գույքային բնույթ ունեցող պահանջը ներկայացնել եւ կատարում ակնկալել սնանկության վարույթի շրջանակներում, քանի որ սնանկության վարույթի շրջանակներում ներկայացվել, քննվել ու կատարվել կարող են միայն գույքային բնույթ ունեցող պահանջները:
Այսպիսով, Օրենքի ներկայումս գործող իրավակարգավորումները կատարողական վարույթով պարտապանի սնանկության դեպքում ոչ գույքային բնույթ ունեցող պարտավորությամբ որպես պարտատեր հանդես եկող անձին զրկում են արդեն իսկ ճանաչված ու կատարման փուլում գտնվող իր պահանջի կատարում ստանալու հնարավորությունից, ինչը խնդրահարույց է հատկապես անձի արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտման տեսանկյունից: Մասնավորապես, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշման` «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը պաշտպանում է քաղաքացիական իրավունքների եւ պարտականությունների հետ կապված հայց հարուցելու յուրաքանչյուրի իրավունքը: Այդպիսով, այն ներառում է «դատարան դիմելու իրավունք»-ը, որի ասպեկտներից մեկը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը: Մինչդեռ, այդ իրավունքը կլիներ անիրական, եթե Պայմանավորվող Պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումները մնան չկատարված` ի վնաս մի կողմի: Անընդունելի կլիներ, եթե 6-րդ հոդվածի 1-ին մասը մանրամասն նկարագրեր կողմերին տրված դատավարական երաշխիքները (արդարացի, հրապարակային դատավարություն եւ գործերի քննության անընդհատության սկզբունք)` առանց դատական որոշումների կատարման երաշխիքների: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մեկնաբանումը միայն դատարանի մատչելիության եւ դատավարությունների անցկացման իրավունքի շրջանակներում, հավանաբար, կառաջացներ մի իրավիճակ, որն անհամատեղելի կլիներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը Պայմանավորվող Պետությունները Կոնվենցիան վավերացնելիս պարտավորվել են հարգել: Ցանկացած դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով պետք է դիտվի որպես «դատավարության» բաղկացուցիչ մաս (Տե'ս նաեւ Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 04.09.2002 թվականի որոշումը` կետ 34, ինչպես նաեւ Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):
Ավելին, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման` անձի արդար դատաքննության իրավունքը կվերածվի տեսական, երեւակայական, անիրական իրավունքի, եթե Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը թույլ տա, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը մնան անկատար: Ցանկացած իրավական պետություն պարտավոր է երաշխավորել ոչ թե տեսական, երեւակայական կամ անիրական իրավունքներ եւ ազատություններ, այլ գործնականում հնարավոր եւ արդյունավետ իրավունքներ եւ ազատություններ: Այսինքն` իրավական պետության եւ իրավունքի գերակայության սկզբունքները ենթադրում են դատավարության եւ դատական ակտի կատարման փուլերի անքակտելիությունը, հետեւաբար հայցի ապահովման դատավարական ինստիտուտի եւ դատական ակտերի հարկադիր կատարմանը վերաբերող ցանկացած իրավական նորմ պետք է մեկնաբանվի եւ կիրառվի ՀՀ Սահմանադրությամբ եւ Կոնվենցիայով երաշխավորված` անձի վերը նշված հիմնական իրավունքների լույսի ներքո (Տե'ս թիվ ՎԴ/2127/05/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը` կարելի է արձանագրել, որ Օրենքի 37-րդ հոդվածների 4-րդ կետի, ինչպես նաեւ 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ներկայիս իրավակարգավորումները ոչ գույքային բնույթ ունեցող պահանջով օժտված անձի արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտման տեսանկյունից խնդրահարույց են, եւ ներկայացված նախագիծն ուղղված է մի կողմից` այդպիսի անձանց արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումները բացառելուն` պահանջի իրավունքի իրականացումն ապահովելու եղանակով, մյուս կողմից` այն ուղղված է ոչ գույքային բնույթ ունեցող կատարողական վարույթների անխափան ու անընդհատ ընթացքի ապահովմանը` բացառելով կատարողական վարույթների անհարկի կասեցումներն ու կարճումները:
Համեմատության համար դիտարկելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` ըստ էության նույն հարաբերությունները կարգավորող համապատասխան իրավանորմերը` կարող ենք փաստել նաեւ, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ներկայիս որոշ իրավակարգավորումներ արդեն իսկ ելնում են ներկայացվող նախագծով առաջարկվող լրացումների տրամաբանությունից եւ համահունչ են առաջարկվող լրացումների հետ: Մասնավորապես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կասեցնում է պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից կասեցվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական եւ այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները:
Այսպիսով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերը մեջբերված դրույթները կասեցման ենթակա են համարում պարտապանի մասնակցությամբ բացառապես գույքի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները, մինչդեռ Օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ կետը հարկադիր կատարողների համար սահմանում է բոլոր տեսակի կատարողական վարույթները կասեցնելու պարտականություն` անկախ դրանց գույքային բնույթից, ինչը եւ նախատեսվում է շտկել նախագծի 1-ին հոդվածով, իսկ 2-րդ հոդվածն ուղղված է ըստ էության համանման խնդրի լուծմանը` ոչ գույքային բնույթ ունեցող կատարողական վարույթների բնականոն ու անխափան ընթացքի ապահովմանը պարտապանին սնանկ ճանաչելու դեպքում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը:
Ազգային ժողովի աշխատակարգի վերաբերյալ 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.
1. Օրենքի նախագծերը
2. Օրենքի նախագծերի ընդունման հիմնավորումը
3. Գործող օրենքների փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները:
Նախագծերի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արթուր Դավթյանը:
Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` 16 թերթ:
Հարգանքով` Արթուր Դավթյան