Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-829-29.12.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի
ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի.

1. 2-րդ մասի 3-րդ կետից «, եթե դրանցով նախատեսված է նման ստուգման հնարավորություն» բառերը հանել.

2. 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերից «, եթե այդ պայմանագրով նախատեսված է նման ստուգման հնարավորություն» բառերը հանել.

3. 2-րդ մասում լրացնել նոր` 6-րդ կետ.

«իրավաբանական անձը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համաձայն եւ պայմանագրով հանդիսանում է կարգավորվող անձ, միայն հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման մասին օրենսդրության եւ պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար.».

4. 2-րդ մասում լրացնել նոր` 7-րդ կետ.

«իրավաբանական անձը իրավական ակտով եւ հավատարմագրային կառավարման պայմանագրով հանդիսանում է պետական եւ(կամ) համայնքային սեփականության (գույքի) հավատարմագրային կառավարիչ, միայն հավատարմագրային կառավարման հետ կապված` սույն կետով նախատեսված իրավական ակտի եւ պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար:».

5. 3-րդ մասի առաջին նախադասության «1-ին մասով, 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով» թվերը եւ բառերը փոխարինել` «1-ին եւ 2-րդ մասերով» թվերով եւ բառերով, ինչպես նաեւ երկրորդ եւ երրորդ նախադասությունները հանել:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «, բացառությամբ օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվության» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

1. 2-րդ նախադասության «դեպքում եւ» բառերը հանել.

2. լրացնել նոր` երրորդ նախադասություն.

«Անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությանը հաշվեքննողը կարող է ծանոթանալ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ անհրաժեշտությունը

Համաձայն ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի 1-ին մասի, Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի 4-րդ մասի, Հաշվեքննիչ պալատի լիազորությունները, գործունեության կարգը եւ երաշխիքները սահմանվում են «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք):

Ներկա դրությամբ առկա են հաշվեքննության գործընթացը կարգավորող օրենսդրության վերաբերյալ մի շարք ուսումնասիրություններ, որոնք անցկացվել են միջազգային կազմակերպությունների կողմից: Արդյունքները վկայում են, որ Օրենքում կան որոշակի անհամապատասխանություններ INTOSAI ստանդարտների հետ, մասնավորապես Հաշվեքննիչ պալատի անկախության սկզբունքների մասով:

Սույն Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հաշվեքննիչ պալատի լիազորությունների հստակեցմամբ, վերջինիս կողմից իրականացվող հաշվեքննությանն ու ստուգմանը վերաբերող լիազորությունների ընդլայնմամբ, ինչպես նաեւ հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության սկզբունքների ամրապնդմամբ: Մասնավորապես.

1. Ըստ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների` Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում: Այսինքն` Հաշվեքննիչ պալատն իրավասու է հաշվեքննություն իրականացնել նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (այսուհետ` Հանձնաժողով)` գնահատելով վերջինիս ֆինանսատնտեսական գործունենությունը կարգավորող իրավական ակտերով կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված չափանիշների եւ պահանջների պահպանումը:

Բացի այդ, պետք է նշել, որ Համաձայն «Հանրային ծառայությունները կարագավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է Հանձնաժողովը, հետեւաբար հանրային ծառայությունների ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների պահպանումը նույնպես դառնում է հաշվեքննության առարակա:

Մասնավորապես, տվյալ դեպքում հաշվեքննության հիմնական առարկա է հանդիսանում հենց հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը, որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների եւ պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների եւ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` Կարգավորվող անձինք) շահերը, Կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձեւավորմանն ու զարգացմանը եւ խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

Ընդ որում, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հանրային ծառայությունների ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորող օրենսդրության համաձայն, Հանձնաժողովն ունի Կարգավորվող անձանց գործունեության նկատմամբ հսկողություն (ներառյալ` մշտադիտարկում) անելու իրավունք եւ պարտականություն, հետեւաբար Հանձնաժողովում հաշվեքննություն իրականացնելիս հաշվեքննողը պետք է հաշվեքննության առարկա դարձնի նաեւ Հանձնաժողովի կողմից հսկողություն իրականացնելու գործընթացը նույնպես:

Օրինակ, եթե դիտարկենք Հանձնաժողովի 2019 թվականի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության հնարավոր սցենարը, ապա ստացվում է, որ Հանձնաժողովին պետական բյուջեից հատկացված միջոցների (792,5 մլն դրամ) միայն 99 տոկոսը բաժին է ընկնում «Հանրային ծառայությունների ոլորտի կարգավորում» 1064 բյուջետային ծրագրին, հետեւաբար կարելի է պնդել, որ Հանձնաժողովում հաշվեքննություն իրականացնելը էապես պայմանավորված է հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման ուսումնասիրությամբ` հաշվի առնելով այդ ոլորտում Հանձնաժողովի հսկողության գործառույթները: Ընդ որում, Հանձնաժողովի բյուջետային ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների դիտարկումը նույնպես վկայում է, որ հաշվեքննողների հիմնական թիրախները պետք է լինեն Կարգավորվող անձանց գործունեության նկատմամբ Հանձնաժողովի հսկողական գործառույթները, ներառյալ` մշտադիտարկումները:

Ընդ որում, դիտարկելով Հանձնաժողովի 2020 թվականի գործունեության ծրագիրը, պարզ է դառնում, որ Հանձնաժողովն իր հերթին սահմանել է առաջնահերթություններ, որոնք վկայում են, որ կառույցի գործունեության արդյունավետությունը կայանում է կարգավորման անձանց գործունեության նկատմամբ իրականացվող հսկողության լիարժեքությամբ եւ օրինականությամբ: Մասնավորապես, կարեւորելով Կարգավորվող անձանց ներդրումային ծրագրերի համաձայնեցման եւ գնումների մոնիթորինգի գործընթացը, վերջիններիս մասով իրականացվող սակագնային քաղաքականությունը, տրամադրված լիցենզիաների մասով պահանջների կատարան հսկողությունը եւ այլն:

Եվ եթե, այս ամենին հավելենք նաեւ այն փաստը, որ Հանձնաժողովի կողմից հաստատված Կարգավորվող անձինք իրենց ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում ղեկավարվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջներով, եւ որ այդ ամենի պատշաճ կատարման նկատմամբ պետական հսկողությունն իրականացվում է նաեւ Հանձնաժողովի մշտադիտարկումների միջոցով, ապա ակնհայտ է դառնում այն անխուսափելի սցենարը, ըստ որի ցանկացած պարագայում հաշվեքննողը Հանձնաժողովում հաշվեքննություն իրականացնելիս պետք է հաշվեքննության առարկա դարձնի Հանձնաժողովի հսկողության գործառույթը:

Նշվածը առավել տրամաբանական է դառնում, եթե հաշվի առնենք, որ հաշվեքննության օբյեկտի, տվյալ դեպքում` Հանձնաժողովում հաշվեքննողը պարտավոր է կիրառել հաշվեքննության «վերակատարում» ընթացակարգ (հիմք` Օրենքի 33-րդ հոդվածի, 3-րդ մասի 7-րդ կետը), որով հաշվեքննողը վերարտադրում է հաշվեքննության օբյեկտի հսկողության գործընթացները, այսինքն` Կարգավորվող անձանց գործունեության նկատմամբ մշտադիտարկումը:

Այդ առումով, հարկ է հիշատակել Հաշվեքննիչ պալատի կոնկրետ լիազորությունները: Դրանց շարքում պետք է նշել իրավաբանական անձանց մոտ Հաշվեքննիչ պալատի կողմից ստուգում անելու իրավասությունը, որը կարող է կյանքի կոչվել միայն այն դեպքում, երբ հաշվեքննություն է իրականացվում որեւէ պետական մարմնում, տվյալ դեպքում Հանձնաժողովում:

Առհասարակ, իրավաբանական անձանց մոտ Հաշվեքննիչ պալատի կողմից ստուգում իրականացնելու իրավասությունը սահմանված է ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի 1-ին մասով: Ընդ որում, Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել են այն բոլոր դեպքերը, երբ Հաշվեքննիչ պալատը որեւէ պետական մարմնում հաշվեքննություն իրականացնելիս շրջանակներում կարող է ստուգում իրականացնել իրավաբանական անձանց մոտ, այդ թվում` մասնավոր ընկերությունների մոտ:

Սակայն, ըստ այդ իրավակարգավորման (Օրենքի 5-րդ հոդված), ստուգում կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ Կարգավորվող անձի կանոնադրական կապիտալի 50-ից ավելի տոկոսը պետական կամ համայնքային մասնակցությամբ է, այսինքն` բոլոր այն այդ դեպքերում, երբ Կարգավորվող անձի կանոնադրական կապիտալի 50-ից ավելի տոկոսը մասնավոր սեփականություն է, ապա Հանձնաժողովում հաշվեքննություն իրականացնելիս Հաշվեքննիչ պալատն այդ ընկերություններում որեւէ ստուգում անելու իրավասություն չունի:

Միաժամանակ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Կարգավորվող անձանց շրջանակն իր մեջ ընդգրկում է ավելի շատ մասնավոր ընկերություններ, քան պետական կամ համայնքային, հետեւաբար, կարելի է արձանագրել, որ Օրենքով Հաշվեքննիչ պալատը Հանձնաժողովում «հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման» գործընթացի նկատմամբ  լիարժեք հաշվեքննություն իրականացնելու բավարար լիազորություն չունի:

Ելնելով վերագրյալից` արձանագրվում է, որ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Օրենքում, որը Հաշվեքննիչ պալատին հնարավորություն կտա Հանձնաժողովում հաշվեքննություն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում ստուգում իրականացնել Կարգավորվող բոլոր անձանց մոտ, ներառյալ` մասնավոր ընկերությունների մոտ:

2. Միաժամանակ, արձանագրվում է, որ Օրենքի 5-րդ հոդվածով արդեն սահմանված դեպքերում իրավաբանական անձանց մոտ նախատեսվող ստուգումների գործընթացը նույնպես ունի որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, Օրենքով նախատեսված դեպքերում (օրինակ` մասնավոր ընկերությունը ստացել է բյուջետային վարկ, կամ դրամաշնորհ կամ պետական երաշխիք եւ այլն) ստուգում կարող է լինել, եթե պետության կամ համայնքի եւ մասնավոր ընկերության միջեւ կնքված պայմանագրով նախատեսված է նման ստուգման լիազորություն: Բացի այդ, այդուհանդերձ հնարավոր ստուգման դեպքում Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչը ստուգման ընթացքում չի կարող ֆիզիկապես գտնվել ստուգվող ընկերության մոտ, այսինքն` ստուգումը պետք է կազմակերպի միմիայն Հաշվեքննիչ պալատի աշխատավայրում:

Այս առումով, հարկ է նշել, որ նախկինում տրված բյուջետային վարկերի, դրամաշնորհների կամ երաշխիքների եւ օրենքով նախատեսված մյուս դեպքերում որեւէ պայմանագրում իրականում նախատեսված չէ ստուգման հնարավորություն: Փաստորեն, իրականում այս իրավունքը կրում է խիստ սահմանափակ բնույթ: Այն ձեւական է եւ կարող է վերաբերել միայն հետագայում կնքվելիք պայմանագրերին (եթե այդ նոր պայմանագրերում նախատեսվեն նման լիազորություններ):

Իսկ ինչ վերաբերում է ստուգման օբյեկտում ֆիզիկապես հայտնվելու արգելքին, ապա ակնհայտ է, որ այս դեպքում Օրենքով նախատեսված ոչ բոլոր ընթացակարգերն են կիրառվելու հաշվեքննողի (ստուգողի) կողմից: Օրինակ` անհրաժեշտության դեպքում ստուգողը չի կարողանալու «զննել» (Օրենքով սահմանված հաշվեքննության ընթացակարգ) այն ակտիվը, որը ձեռք է բերվել բյուջետային վարկի միջոցներով կամ օրինակ` ստուգողը չի կարողանալու դիտարկում իրականացնել, այն է` ստուգման օբյեկտում ականատես լինել ստուգման օբյեկտի պատասխանատու անձանց կողմից ստուգման առարկային վերաբերող գործընթացի կամ ընթացակարգի կատարմանը.

Այսպիսով, ելնելով նշված սահմանափակումներից, արձանագրվում է նաեւ այն փաստը, որ Հաշվեքննիչ պալատը անհրաժեշտության դեպքում որեւէ պետական մարմնում հաշվեքննություն իրականացնելիս Օրենքով սահմանված կարգով մասնավոր ընկերությունների մոտ լիարժեք եւ բավարար ստուգում չի կարող իրականացնել:

Հետեւաբար, Նախագիծը անդրադառնում է նաեւ ոչ միայն Կարգավորվող անձանց մոտ հնարավոր ստուգումների անցկացման նոր լիազորություն ավելացնելուն, այլեւ` Օրենքով արդեն սահմանված առանձին դեպքերում մասնավոր ընկերությունների մոտ ստուգումներ կազմակերպելու գործում եղած սահմանափակումները վերացնելուն:

3. Միաժամանակ, Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Հաշվեքննիչ պալատին առցանց հասանելի են հաշվեքննության օբյեկտներին (ստուգման օբյեկտներին) պատկանող հաշվեքննության առարկային (ստուգման առարկային) առնչվող էլեկտրոնային շտեմարանները, բացառությամբ օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվության: Հիմնականում այդ իրավակարգավորումը գործնականում չի իրացվում, որովհետեւ այդ էլեկտրոնային շտեմարաններն իրենց մեջ պարունակում են անձնական տվյալներ, իսկ օրենսդրությամբ Հաշվեքննիչ պալատին տրված չէ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ համապատախան տեղեկատվության հասանելիություն: Մինչդեռ, այդ տեղեկատվությունը խիստ անհրաժեշտ է հաշվեքննության համար եւ դրա բացակայությունը բացասաբար է անդրադառնում հաշվեքննության նպատակների վրա

Համեմատության համար պետք է նշել, որ Պետական վերահսկողական ծառայությանը (այսուհետ` ՊՎԾ) համաձայն «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետի, անձնական տվյալները հասանելի են ՊՎԾ-ին:

Ի դեպ, հարկ է նշել, որ հաշվեքննության ընթացքում գործող իրավակարգավորումների համաձայն, պետական գաղտնիք համարվող տեղեկատվությունը հասանելի է հաշվեքննողնների համար եւ գործնականում որեւէ խոչընդոտ չի լինում:

Այսպիսով, արձանագրվում է, որ անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությունը հաշվեքննության ընթացքում հասանելի չէ հաշվեքննողներին: Հետեւաբար, անհրաժեշտ է սույն Նախագծով լրացում կատարել Օրենքում եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ անձնական տվյալների նկատմամբ հաշվեքննության նպատակով տալ լիարժեք հասանալիություն հաշվեքննողներին:

4. Միաժամանակ, հարկ է նշել, որ Օրենքի համաձայն Հաշվեքննիչ պալատը հավատարմագրային կառավարման հանձնած պետական եւ համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ չունի լիարժեք հաշվեքննություն իրականացնելու իրավասություն: Մինչդեռ, ըստ գործող Սահմանադրության 198-րդ հոդվածի 1-ին մասի, Հաշվեքննիչ պալատը լիազորված է հաշվեքննել պետական եւ համայնքային սեփականության օգտագործումը:

Նշված հաշվեքննության ոչ լիարժեք լիազորությունը պայմանավորված է Օրենքում առկա սահմանափակումներով: Մասնավորապես, թեեւ Օրենքով Հաշվեքննիչ պալատը կարող է հաշվեքննել որեւէ պետական մարմնի ֆինանսատատնտեսական գործունեությունը, սակայն սահմանափակված է համապատասխան մարմնի այնպիսի հսկողական գործառույթների հաշվեքննությամբ, ինչպիսիք են կոնցեսիայի դեպքում պետական եւ համայնքային սեփականության կառավարման հիմանդրի /պետություն կամ համայնք/ լիազոր մարմնի հսկողական կամ վերահսկողական գործառույթները:

Այս առումով, Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն իրականացնելիս լիազոր մարմնում հաշվեքննություն իրականացնելիս չի կարող ստուգել հավատարմագրային կառավարչի ֆինանսատնտեսական գործունեությունը` կապված հավատարմագրային կառավարման պայմանների եւ պահանջների հետ:

Այսպիսով, անհրաժեշտ է Օրենքում սահմանել պետական եւ համայնքային սեփականությունը հավատարմագրային կառավարման գործընթացի լիարժեք հաշվեքննության լիազորություն, ներառյալ հավատարմագրային կառավարչի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման հնարավորությամբ, անկախ վերջինիս կազմակերպաիրավական կարգավիճակից:

I. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը եւ միջազգային փորձը

Արտաքին պետական հաշվեքննության ոլորտում  իրականացվող քաղաքականության սահմանման իմաստով Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ կնքված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» 24-րդ հոդվածի համաձայն, այն կայանում է Հաշվեքննիչ պալատի` որպես Հայաստանի Հանրապետության` աուդիտ իրականացնող բարձրագույն հաստատության դերի հետագա ամրապնդումը` մասնավորապես դրա ֆինանսական, կազմակերպական եւ գործառնական անկախության տեսանկյունից` արտաքին աուդիտի (INTOSAI) միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան:

Այս առումով, հարկ է նշել, որ Աուդիտի բարձրագույն մարմնի անկախության հիմնադրույթները սահմանված են INTOSAI կողմից հաստատված ISSAI-P 1 Լիմայի hհռչակագրով եւ ISSAI-P 10 Մեխիկոյի հռչակագրով:

Բացի այդ, Օրենքի եւ նշված ստանդարտների համապատասխանության վերաբերյալ մի շարք միջազգային կազմակերպություններ ներկայացրել են իրենց գնահատականը, ըստ որի Օրենքում կան մի շարք դրույթներ, որոնք չեն բխում INTOSAI ստանդարտներից: Մասնավորապես.

1. Հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության լիարժեք հաշվեքննության շրջանակներում Կարգավորվող անձանց ֆինանսատնտեսական գործունեության ստուգման լիազորության սահմանման մասով.

Լիմայի հռչակագիր, բաժին 18, մաս 3. - Աուդիտի բարձրագույն մարմինների կողմից պետք է աուդիտի ենթարկվեն բոլոր պետական ֆինանսական գործառնութունները` անկախ նրանից, թե ինչ կերպով են դրանք արտացոլված պետական բյուջեում: Պետական բյուջեում չներառված ֆինանսների կառավարումը չպետք է դուրս մնա Աուդիտի բարձրագույն մարմնի կողմից կատարվող աուդիտի շրջանակներից:

Մեխիկոյի հռչակագիր, սկզբունք 3. - Աուդիտի բարձրագույն ինստիտուտները պետք է լիազորված լինեն աուդիտի ենթարկել պետական ռեսուրսների կամ միջոցների օգտագործումը անկախ ստացողի կամ շահառուի կազմակերպաիրավական ձեւից:

ԵՄ «ՍԻԳՄԱ» ծրագրի ՀՀ հանրային կառավարման սկզբունքների վերաբերյալ ելակետային զեկույց - «Հաշվեքննիչ պալատը պետք է մանդատ ունենա իրավաբանական անձանց ստուգելու, որպեսզի տեսնի, թե ինչպես են պայմանագրով ներգրաված ընկերություններն օգտագործել հանրային ռեսուրսները եւ արդյոք ակնկալվող արդյունքներին հասել են: Աուդիտի առարկա կարող է լինել նաեւ ոչ ֆինանսական կամ ոչ տնտեսական գործունեությունը: Օրենքը սահմանափակում է կոնցեսիաների կամ հանրային-մասնավոր համագործակցությունների նկատմամբ աուդիտ անելու Հաշվեքննիչ պալատի մանդատը»:

2.    Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական անձանց մոտ ստուգում իրականանցելիս հաշվեքննությունը /ստուգումը/ սահմանափակող դրույթների վերացման մասով /միայն Հաշվեքննիչ պալատի աշխատավայրում եւ միայն, եթե պայմանագրով նախատեսված է ստուգման հնարավորություն/.

Լիմայի հռչակագիր, բաժին 10, մաս 2 - Ցանկացած աուդիտի տեսակի համար Աուդիտի բարձրագույն մարմինը պետք է որոշի` արդյոք նպատակահարմար է աուդիտն իրականացնել աուդիտի ենթարկվող կառույցում, թե` Աուդիտի բարձրագույն մարմնում:

ԵՄ «ՍԻԳՄԱ» ծրագրի ՀՀ հանրային կառավարման սկզբունքների վերաբերյալ ելակետային զեկույց - Հաշվեքննիչ պալատը իրավասություն չունի հաշվեքննություն իրականացնելու պետական կամ համայնքային բյուջետային միջոցներից չֆինանսավորվող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ հիմնարկներում, ինչպես նաեւ հանրային գործառույթ իրականացնող` վարկեր, դրամաշնորհներ կամ սուբսիդիաներ ստացող իրավաբանական անձանց մոտ, այդ թվում` այցելելու դրանց տարածքներ (5-րդ հոդված, 1-2 մասեր):

3. Հաշվեքննության առարկային վերաբերող անձնական տվյալներ պարունակող տեղեկատվության հասանելիությունն ապահովելու մասով.

Լիմայի հռչակագիր, բաժին 10, կետ 1. - Աուդիտի բարձրագույն մարմիններին պետք է հասանելի լինեն ֆինանսական կառավարման հետ կապված բոլոր գրանցումները եւ փաստաթղթերը, եւ պետք է Աուդիտի բարձրագույն մարմինները լիազորված լինեն բանավոր կամ գրավոր կերպով պահանջել նրանց կողմից անհրաժեշտ համարվող ցանկացած տեղեկատվություն:

Լիմայի հռչակագիր բաժին 10 կետ 3. - Օրենքը կամ Աուդիտի բարձրագույն մարմինը (առանձին դեպքերում) պետք է սահմանի Աուդիտի բարձրագույն մարմնին տեղեկատվության տրամադրման կամ փաստաթղթերի եւ հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետներ:

Մեխիկոյի հռչակագրի 4-րդ սկզբունք. - Օրենսդրությամբ սահմանված պարտականությունների պատշաճ կատարման համար, Աուդիտի բարձրագույն մարմինները պետք է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերին եւ տեղեկատվությանը ժամանակին, անխափան, ուղիղ եւ անվճար հասանելիության բավարար լիազորություններ ունենան:

ԵՄ «ՍԻԳՄԱ» ծրագրի ՀՀ հանրային կառավարման սկզբունքների վերաբերյալ ելակետային զեկույց - Հաշվեքննիչ պալատին բանկային կամ օրենքով սահմանված այլ տեսակի գաղտնիք (անձնական տվյալներ) պարունակող էլեկտրոնային շտեմարանների առցանց հասանելիության իրավասությունը օրենքով հստակ սահմանված չէ (32-րդ հոդված, 1-ին մաս):

ԱՄՆ աուդիտի բարձրագույն մարմնի գերազանցության կենտրոնի «Հաշվեքննիչ պալատի  անկախության, կարողությունների  եւ որակի ապահովման ամրապնդման համար անհրաժեշտ գործողություններ» գնահատման զեկույց  - Փոփոխություններ կատարել ՀՊ մասին եւ մյուս օրենքներում, որպեսզի Հաշվեքննիչ պալատի համար սահմանվի հաշվեքննության գործարքների եւ ծրագրերի համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիություն:

4.   Պետական եւ համայնքային սեփականությունը հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացի լիարժեք հաշվեքննության շրջանակներում կառավարչի ֆինանսատնտեսական գործունեությունը ստուգելու լիազորություն սահմանելու մասով.

ԵՄ «ՍԻԳՄԱ» ծրագրի ՀՀ հանրային կառավարման սկզբունքների վերաբերյալ ելակետային զեկույց - «Հաշվեքննիչ պալատը պետք է մանդատ ունենա իրավաբանական անձանց ստուգելու, որպեսզի տեսնի, թե ինչպես են պայմանագրով ներգրաված ընկերություններն օգտագործել հանրային ռեսուրսները եւ արդյոք ակնկալվող արդյունքներին հասել են: Աուդիտի առարկա կարող է լինել նաեւ ոչ ֆինանսական կամ ոչ տնտեսական գործունեությունը: Օրենքը սահմանափակում է կոնցեսիաների կամ հանրային-մասնավոր համագործակցությունների նկատմամբ աուդիտ անելու Հաշվեքննիչ պալատի մանդատը»:

Այսպիսով, Նախագծով ներկայացված փոփոխություններն ու լրացումները բխում են INTOSAI ստանդարտների պահանջներից, եւ բացի այդ Նախագծով լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվում հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում ընդլայնել Հաշվեքննիչ պալատի լիազորությունները եւ վերացնել եղած սահմանափակումները, ինչն անշուշտ դրական կարող է անդրադառնալ հանրային ռեսուրսների կառավարման գործում թափանցիկության, հաշվետվողականության եւ հրապարակայնության բարձրացման վրա:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ենթադրում է հետեւյալ քաղաքական նպատակները.

- մակրոտնտեսական կայուն միջավայրին համապատասխանող բյուջետային ռեսուրսների (մուտքերի) համապարփակ եւ իրատեսական գնահատում,

- քաղաքականությունների իրականացման նպատակով կատարվող ծախսերի` վարից վեր մոտեցմամբ գնահատում,

- հասանելի բյուջետային ռեսուրսների եւ պահանջվող ծախսերի ներդաշնակության ապահովում համապատասխան մեխանիզմների օգնությամբ:

Ելնելով վերոգրյալից, պարզ է դառնում, որ Հանձնաժողովում լիարժեք հաշվեքննություն իրականացնելը, հաշվեքննության ընթացքում հաշվեքննության առարկային վերաբերող անձնական տվյալները հաշվեքննողնների համար լիարժեք հասանելիությունն ապահովելը, հավատարմագրային կառավարման գործընթացի լիարժեք հաշվեքննության իրականացումը, հաշվեքննության գործիքակազմի որոշակի անհարկի սահմանափակումների վերացումը բխում են երկրի պետական քաղաքականության շահերից:

II. Առաջարկվող լուծումները

Նախագծի ընդունմամբ առաջարկվում է հաշվեքննության գործընթացը կարգավորող օրենսդրության բարելավում` նկատի ունենալով INTOSAI ստանդարտներով Հաշվեքննիչ պալատի անկախության համար սահմանված չափորոշիչները: Այն, անշուշտ, կբարձրացնի հաշվեքննության գործընթացի արդյունավետությունը, ինչն իր հերթին կբարձրացնի հանրային ռեսուրսների կառավարման եւ օգտագործման թափանցիկությունը, հրպարակայնությունն ու հաշվետվողականությունը: Մասնավորապես, առաջարկվում է հետեւյալ լուծումները.

- Հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննությունը դարձնել լիարժեք եւ ամբողջական:

- Պետական եւ համայնքային սեփականությունը հավատարմագրային կառավարման գործընթացը դարձնել հաշվեքննելի:

- Հաշվեքննության գործընթացում տալ հաշվեքննողներին հաշվեքննության առարկային վերաբերյալ անձնական տվյալների հասանելիություն:

- Հանել հաշվեքննության ընթացքում առանձին իրավաբանական անձանց մոտ ստուգումներ անելու գործընթացում առկա սահմանափակումները (ստուգումն իրականացնել միայն Հաշվեքննիչ պալատի աշխատավայրում, ստուգումն իրականանցել, եթե պայմանագրում նախատեսված է նման հնարավորություն):

III. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի կարգավորման առարկան արտաքին պետական հաշվեքննության գործընթացի բարելավումն է, որի արդյունքում կբարձրանա հանրային ֆինասների եւ սեփականության ոլորտում թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության մակարդակը:

IV. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից:

V. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Արտաքին պետական հաշվեքննության ոլորտի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը բարելավում` այն համապատասխանեցնելով INTOSAI ստանդարտներին:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի' պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, ?Ազգային ժողովի կանոնակարգ` սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող` ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ`    ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱՐԱՊԵՏ     ՄԽՉՅԱՆ
ԿԱՐԵՆ   ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՄԱԶԱՍՊ   ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԵՂԻՇԵ   ՍՈՂՈՄՈՆՅԱՆ