Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6321-21.06.2005-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (1985 թվականի դեկտեմբերի 6, այսուհետ` օրենսգիրք) լրացնել 169.15 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 169.15. Առանց աշխատանքի թույլտվության օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի ընդունելը

Առանց աշխատանքի թույլտվության աշխատանքի ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

Առանց աշխատանքի թույլտվության աշխատանքի ընդունելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին պարբերությունում «169.14»թվից հետո լրացնել «169.15» թիվը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

«Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Օրենքի փոփոխությունը բխում է բնակչության զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունված եւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Զբաղվածության աջակցության եւ գործազրկության դեպքերից պաշտպանության» թիվ 168 Կոնվենցիայի եւ նույնանուն թիվ 176 Հանձնարարականի եւ «Հաշմանդամների մասնագիտական վերականգնման եւ զբաղվածության» թիվ 159 Կոնվենցիայի եւ նույնանուն թիվ 168 Հանձնարարականի պահանջներից:

Փոփոխությունը պայմանավորված է նաեւ գործող օրենքով կարգավորվող հարաբերությունների եւ աշխատանքի, զբաղվածության ու գործազուրկների սոցիալական պաշտպանության ոլորտում առկա հարաբերությունների անհամապատասխանությամբ: Օրենքի նախագծի հիմքում դրվել են աշխատանքի խրախուսման, զբաղվածության ապահովման եւ գործազրկության դեպքում սոցիալական գործընկերության սկզբունքներով արդարացի սոցիալական քաղաքականության իրականացումը:

Նախագծում մասնավորապես առաջարկվում է.

- ելնելով քաղաքացու իրավունքների համընդհանուր նորմերից, գործազուրկի կարգավիճակ տալը չկապել աշխատանքային ստաժ ունենալու հանգամանքի հետ, այլ նկատի ունենալով հանրապետությունում գործազրկության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի ներդրումը, գործազրկության նպաստ ստանալու իրավունքը կապել ապահովագրական ստաժ ունենալու հանգամանքի հետ:

- զբաղվածության ակտիվ քաղաքականություն իրականացնելու նպատակով մեծացնել աշխատաշուկայում անմրցունակ առանձին կատեգորիայի քաղաքացիների շրջանակը, նրանում բացի հաշմանդամներից ընդգրկել նաեւ ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ իրականացնող հիմնարկներից վերադարձած, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացված անձինք, առանց ծնողական խնամքի մնացած եւ նրանց հավասարեցված երեխաները, դպրոցն ավարտած եւ ուսումը չշարունակած, մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդները, ինչպես նաեւ առնվազն երեք տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք: Բարձրացնել նրանց սոցիալական պաշտպանվածության աստիճանը եւ ընդլայնել աշխատանքի տեղավորման հնարավորությունները,

- բարձրացնել ՀՀ աշխատաշուկա մտնող տարեկան մի քանի տասնյակ հազարից ավելի դպրոցի շրջանավարտների մրցունակությունը, աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտական պատրաստման դասընթացներ կազմակերպելու միջոցով,

- խրախուսել երկարատեւ աշխատանքային ստաժ ունենալու հանգամանքը եւ աշխատաշուկայի թարմացման նպատակով սահմանել երկարատեւ աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիների սահմանված ժամկետից շուտ կենսաթոշակի անցնելու դեպքերը,

- գործազրկության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգը ներդնելու եւ գործազրկության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա քաղաքացիների մասին տեղեկատվական բազայի ստեղծմաննպատակով օրենքի նախագծում տեղ են գտել անհատական (անձնավորված) հաշվառումը գործազրկության դեպքից պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգում գլուխը:

- Օրենքի նախագծով առաջին անգամ սահմանվել է թաքնված զբաղվածությունը, նրա դրսեւորման ձեւերը, անօրինակ զբաղվածության տեսակները, տրվել է այդ երեւույթի բացահայտման եւ կանխարգելման եղանակները: Մեծ նշանակություն տալով թաքնված զբաղվածության դեմ պայքարին, օրենքի նախագծում նախանշվել են վարչական տույժեր եւ տուգանքներ, ինչպես նաեւ երկու անգամ վարչական տույժ ունենալու դեպքում, առաջարկվել է այն որակել ոպես հանցավորություն:

- Օրենքի նախագիծն անդրադարձել է նաեւ արտագնա աշխատանքների կազմակերպման ոլորտում առկա հիմնախնդիրներին, դրանց կարգավորումը դիտելով որպես զբաղվածության պետական կարգավորման հիմնական եղանակներից մեկը: Օրենքի նախագծում տրվել է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ձեռնարկվող այն միջոցառումները (միգրացիայի տեսանկյունից անբարենպաստ երկրների մասին տեղեկատվության հրապարակումը, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, նրա հանձնարարությամբ, արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով միջկառավարական համաձայնագրերի ստորագրումը եւ այլն), որոնք նպաստավոր պայմաններ կստեղծեն այս ոլորտի հարաբերությունների կարգավորման հարցում:
Ներկայացվող օրենքի նախագծով վերացվում են որոշ տեխնիկական անճշտություններ եւ կատարվում են մի շարք խմբագրական ուղղումներ: Այն համապատասխանեցված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը նպատակ ունի սահմանելու վարչական տույժեր գործատուի կողմից «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված պահանջները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ:

Պատասխանատվության միջոցների կիրառման համակարգի ներդրումը կբարձրացնի պաշտոնատար անձանց պատասխանատվության մակարդակը իրենց կողմից զբաղվածության իրավահարաբերությունների կանոնակարգման նպատակով ընդունվող որոշումների համար կխթանի գործատուների կողմից օրենսդրությամբ սահմանված պայմանների եւ կանոնների պահպանմանը` կնպաստի զբաղվածության իրավահարաբերությունների ոլորտում օրինականության ամրապնդմանը: Օրենքում կատարվող լրացումը կարող է սահմանափակել անբարեխիղճ կազմակերպությունների կողմից անօրինական /առանց աշխատանքի թույլտվության/ աշխատուժի օգտագործումը /թաքնված զբաղվածներ/ գործատուների կողմից օրենսդրության պահանջների կատարումից խուսափելու կամ իրավական նորմերը ոչ պատշաճ կատարելու դեպքերը: Աշխատանքի ընդունման գործընթացի կարգավորման հետ առնչվող վերոհիշյալ միջոցառումների իրականացումը նպատակ ունի բարձրացնելու աշխատանքի շուկայի մասնակիցների ֆինանսական կայունությունն ու վստահելիությունը, կատարվող աշխատանքների եւ ծառայությունների օրինականությունը: