Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8311-29.12.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում 1-ին մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակային ապահովության կապակցությամբ առկա խնդիրների լուծումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայում դատավորների կենսաթոշակային ապահովությունը կարգավորվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով:

Մասնավորապես, օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է դատավորի կենսաթոշակի իրավունքը, իսկ Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է առանձնահատկություն այն դատավորների համար, ովքեր «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա (01.07.2014թ.) դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում. այս դեպքում կենսաթոշակը հաշվարկվում է աշխատավարձից:

Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը, այդ պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված՝

1) նույն հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը՝ «մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով» դրույթի մասով,

2) նույն հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթները,

3) նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը (վերաբերում է մասնագիտական ստաժում մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները հաշվառելուն),

4) նույն հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված իրավակարգավորումը (վերաբերում է այդ մասում նշված աշխատավարձը հաշվարկելու կարգը Կառավարության կողմից սահմանելուն), ինչպես նաեւ նույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը (վերաբերում է հիմնական կենսաթոշակի չափը եւ մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը Կառավարության կողմից սահմանելուն)՝ դատավորներին վերաբերող մասով:

Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ը:

Ընդ որում, Սահմանադրական դատարանը, որոշման հիմքում դրել է Դատավորների անկախության եւ դրան համապատասխան իրավական կարգավիճակի առանձնահատկությունները կարեւորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր:

Մասնավորապես (մեջբերում 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշումից), «...Միավորված ազգերի կազմակերպության՝ հանցագործությունների կանխմանը եւ իրավախախտների հետ վարվելակերպի հիմնախնդիրներին նվիրված յոթերորդ կոնգրեսի կողմից 1985 թվականին ընդունված՝ Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներում արձանագրված է, որ «հաճախակի են անհամապատասխանություններն այդ սկզբունքների մասին պատկերացման եւ փաստական դրության միջեւ», եւ որ անհրաժեշտ է հաշվի առնել, «որ յուրաքանչյուր երկրում արդարադատությունը կազմակերպելիս եւ իրականացնելիս պետք է ղեկավարվել այդ սկզբունքներով եւ ջանքեր ձեռնարկել դրանք լիովին կենսագործելու նպատակով՝ .…հաշվի առնելով, որ դատավորների պարտականություններն իրագործելու վերաբերյալ նորմերը պետք է նպատակաուղղված լինեն դատավորներին այդ սկզբունքներին համապատասխան գործելու հնարավորություն տալուն»: Միաժամանակ սահմանվում է, որ «դատավորների անկախությանը համապատասխան վարձատրությունը, ծառայության պայմանները, թոշակը եւ թոշակի գնալու տարիքը պետք է պատշաճ ձեւով երաշխավորվեն օրենքով» (11-րդ կետ):

Նույնաբովանդակ սկզբունքներ են ամրագրված նաեւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության եւ դերի մասին 1994 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ (94) 12 հանձնարարականում, Եվրոպայի խորհրդի շրջանակներում 1998 թվականին ընդունված՝ «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայում (6.4-րդ կետ), որոնց համաձայն՝ օրենքով նախատեսված տարիքին հասնելուց հետո թոշակի անցած դատավորները պետք է ստանան այնպիսի կենսաթոշակ, որի չափը հնարավորինս մոտ է որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին: Միաժամանակ, «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի եւ դրան կից բացատրական զեկույցի 6.2-րդ կետի համաձայն՝ դատավորների վարձատրությունը միմյանց համեմատ կարող է տարբերվել՝ կախված պաշտոնավարման ժամկետից, դատավորների կողմից իրականացվող պարտականությունների բնույթից եւ նրանց առջեւ դրված խնդիրների կարեւորությունից, որոնք պետք է գնահատվեն թափանցիկ պայմաններում (Ստրասբուրգ, 1998 թ.):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Դատավորների անկախության, արդյունավետության եւ պատասխանատվության վերաբերյալ 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ Rec (2010)12 հանձնարարականի 54-րդ կետը սահմանում է, որ դատավորի կենսաթոշակը պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրա ստացած աշխատավարձի հետ:

Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին հաստատված՝ «Դատավորների հիմնարար սկզբունքների վերաբերյալ» խարտիայի 7-րդ կետն ամրագրում է, որ կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով: Նույն խորհրդի եւ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկյան հանձնաժողով) համատեղ զեկույցի համաձայն՝ «չնայած այն հանգամանքին, որ դատարանների ֆինանսավորումը խորհրդարանի հաստատմանը ներկայացվող պետական բյուջեի մաս է, այն չպետք է ենթարկվի քաղաքական փոխհաջորդված քննարկումների: Չնայած այն հանգամանքին, որ ֆինանսավորման մակարդակը, որը երկիրը կարող է տրամադրել իր դատարաններին, քաղաքական որոշման արդյունք է, այդուհանդերձ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իշխանությունների բաժանման սկզբունքի վրա հիմնված համակարգի գործարկմանը՝ ապահովելու, որ ո՛չ գործադիր, եւ ո՛չ էլ օրենսդիր իշխանությունը որեւէ ճնշում չգործադրի դատական իշխանության վրա բյուջեի հաստատման ժամանակ», միեւնույն ժամանակ, դատարաններին այդ միջոցների հատկացման վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն դատական համակարգի անկախության նկատմամբ խստագույն հարգանքով (ԵԴԽԽ, թիվ 1 կարծիք, 62-րդ կետ, թիվ 2 կարծիք, 5-րդ կետ, Վենետիկյան հանձնաժողով, CDL-AD (2010) 004, 46-րդ կետ, Վենետիկյան հանձնաժողով, CDL-AD (2010) 004):

Վենետիկի հանձնաժողովի 82-րդ լիագումար նիստի շրջանակներում ընդունված՝ «Դատավորների (դատական իշխանության) անկախության վերաբերյալ» զեկույցում (2010 թվականի մարտի 12-13) վերահաստատվում է դատական իշխանության անկախության օբյեկտիվ չափանիշներով պայմանավորված իրավական երաշխիքներ սահմանելու կարեւորությունը, միաժամանակ արձանագրվում է. «Դատական իշխանության անկախությունն ունի ինչպես օբյեկտիվ բաղադրիչ՝ որպես Արդարադատության պարտադիր հատկանիշ, այնպես էլ սուբյեկտիվ բաղադրիչ՝ որպես անհատի՝ իր իրավունքները եւ ազատություններն անկախ դատավորի կողմից սահմանվելու իրավունք: Առանց անկախ դատավորների չի կարող լինել իրավունքների եւ ազատությունների ճիշտ եւ օրինական իրականացում: Հետեւաբար, դատական իշխանության անկախությունն ինքնանպատակ չէ: Այն դատավորների անձնական առավելությունը չէ, այլ պայմանավորված է դատավորների՝ որպես մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորի դերի իրագործման անհրաժեշտությամբ» (բաժին 1, 6-րդ կետ):»:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է դատավարոների կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները կարգավորել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:

2. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով առաջարկվում է Դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, եթե նրա լիազորությունները դադարեցվել են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով, սահմանել երաշխավորված կենսաթոշակի չափ՝ դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) հարկված չափի (զուտ եկամտի) 75 տոկոսի չափով:

Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորի պաշտոն զբաղեցնող անձը հանդիսանում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված սոցիալական վճար կատարող, առաջարկվում է վերը նշված երաշխավորված չափում հաշվի առնել նաեւ դատավորի պաշտոն զբաղեցրած անձին կուտակային համակարգից նշանակված կենսաթոշակը:

Ըստ այդմ, առաջարկվում է Դատավորի կենսաթոշակի չափը սահմանել դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված չափի (զուտ եկամտի) 75 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով:

Իսկ եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ, ապա դատավորի կենսաթոշակի չափը սահմանվում դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված չափի (զուտ եկամտի) 75 տոկոսի չափով՝ այս անձանց համար եւս ապահովելով երաշխավորված կենսաթոշակի չափը:

Միաժամանակ, հաշվի առնելով վերը նշվածը առաջարկվում է սահմանել նաեւ Դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկելու՝ կախված դատավորի պաշտոն զբաղեցրած անձին կուտակային կենսաթոշակ նշանակելու, դադարեցնելու,  կուտակային կենսաթոշակի չափը ավելանալու կամ նվազելու դեպքում դատավորի կենսաթոշակը ավելացնելու կամ նվազեցնելում դեպքերը:

Ըստ այդմ, օրինակ, եթե դատավորի կենսաթոշակը նշանակվել է մինչեւ կուտակային կենսաթոշակը նշանակելը, ապա դատավորի պաշտոն զբաղեցնող անձին կուտակային կենսաթոշակ նշանակելուց հետո Դատավորի կենսաթոշակի չափը կվերահաշվարկվի՝ նվազեցվելով նշանակված կուտակային կենսաթոշակի չափով:

Իսկ եթե դադարեցվի դատավորի պաշտոն զբաղեցրած անձին ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակը, ապա դատավորի կենսաթոշակի չափը կավելացվի՝ ապահովելով երաշխավորված կենսաթոշակի չափը:

Ընդ որում, կախված կուտակային կենսաթոշակից՝ կենսաթոշակի չափը վերահաշվարկելու  համար անհրաժեշտ տեղեկատվությունը կստացվի ինքնաշխատ եղանակով՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված մասնակիցների ռեեստրը վարողից:

Սահմանվում են նաեւ Դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու, կենսաթոշակը նշանակելու եւ վճարելու, կենսաթոշակ վճարելը դադարեցվելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու պայմաններն ու կարգը:

Սահմանվում է նաեւ, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ ներկայացվող նախագիծն ուժի մեջ մտնելը նշանակված դատավորի կենսաթոշակները վերահաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:

Միաժամանակ, ուժը կորցրած է ճանաչվում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի՝ դատավորների կենսաթոշակներին վերաբերող դրույթները (պահպանվում է միայն այս օրենքի՝ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում ընտանիքն տրվող սոցիալական երաշխիքները):
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում դատավորների կենսաթոշակային ապահովությունը՝ համաձայն Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների եւ Դատավորների անկախության եւ դրան համապատասխան իրավական կարգավիճակի առանձնահատկությունները կարեւորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում:

Անհրաժեշտ լրացուցիչ միջոցների չափը հաշվարկվում է:

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո՛ պարոն Միրզոյան.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը:

Ազգային ժողովի աշխատակարգի վերաբերյալ 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. Օրենքի նախագծերը

2. Օրենքի նախագծերի ընդունման հիմնավորումը

3. Գործող օրենքների փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները:

Նախագծերի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արթուր Դավթյանը:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝             Արթուր Դավթյան
                                Վլադիմիր Վարդանյան
                               Աննա Կարապետյան