Armenian ARMSCII Armenian
Կ-108-04.09.2007-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության «Ակցիզային հարկի մասին» 2000 թվականի հուլիսի 7-ի N ՀՕ-79 օրենքում (այսուհետ` օրենք) կատարել հետեւյալ փոփոխություններն ու լրացումները.

Հոդված 1. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը «տոկոս» բառից հետո լրացնել «ներառյալ» բառով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) մաքսային օրենսդրությամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բնաիրային եւ արժեքային չափերը չգերազանցող չափով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը պարտադիր պայման է մաքսային մարմինների կողմից նշված ապրանքները «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով բաց թողնելու համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7. Արգելվում է ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ակցիզային դրոշմանիշերն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:

8. Ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ներմուծվող ապրանքների դրոշմավորումը կատարվում է նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

9. Ակցիզային դրոշմանիշերը կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին:

10. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար,

2) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը եւ ներմուծումը:

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի հաշվետվություն` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին:

11. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ոգելից խմիչքի համար` արտադրանքի համար 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասում «ամսվան հաջորդող ամսվա մինչեւ 15-ը» բառերը փոխարինել «օրվան հաջորդող 10-օրյա ժամանակահատվածում» բառերով:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «լրացված բեռնամաքսային հայտարարագրի» բառերը փոխարինել ««արտահանում` ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմով լրացված մաքսային հայտարարագրի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում «ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «իրենց իրավասության շրջանակներին համապատասխան ընդունում են վերադաս հարկային մարմինը կամ վերադաս մաքսային մարմինը» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: