Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 102-րդ հոդվածում.
1) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել նոր 12-րդ մաս.
«12. Եթե գործը պարզեցված վարույթի կարգով քննելու ընթացքում դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմումների ներկայացման համար սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում դատարանը դատական ակտով անդրադառնում է ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված չափին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:»:
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածում լրացնել նոր 7-րդ մաս.
«7. Վճարման կարգադրություն արձակելու դեպքում պարտապանը կրում է դիմողի կողմից վճարված պետական տուրքի հատուցման պարտականությունը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 301-րդ հոդվածում լրացնել նոր 2-րդ մաս.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշման մեջ դատարանը նշում է կատարում եզրափակիչ դատական ակտով լրացուցիչ պետական տուրք գանձելու հնարավորության վերաբերյալ:»:
Հոդված 4. Օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասում «ապացույցները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 5-րդ կետ.
«5) եզրահանգումներ պետական տուրքի վճարման կամ դիմողի կողմից վճարված պետական տուրքի հատուցման վերաբերյալ:»:
Հոդված 6. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի նկատմամբ:
3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումները պարզեցված վարույթի կարգով քննելու ընթացքում պարզեցված վարույթը դադարեցնելու դեպքում կիրառվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող նորմերը: