Armenian ARMSCII Armenian
Խ-7507-29.12.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ կետով.

«23) տեղեկություններ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունք ունեցող անձի մասին (անձը նույնականացնող տվյալներ, նշում պաշտոնի եւ լիազորությունների մասին), եթե այդպիսիք ներկայացվել են:».

2) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կուսակցությանը վերաբերող գրանցման մեջ գրառվում են նաեւ տարածքային ստորաբաժանման անվանումը եւ հերթական (հաշվառման) համարը:».

3) 16-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«16. Կուսակցությունների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 10-12-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, եւ գրառվում են մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը), իսկ սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված տեղեկությունների փոխարեն գրառվում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի կամ մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի պաշտոնակատարի կամ մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից լիազորված անձի մասին տեղեկություններ, եթե մշտապես գործող ղեկավար մարմինն անձին լիազորել է հանդես գալու կուսակցության անունից (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, կապի միջոցները՝ էլեկտրոնային փոստի հասցեն եւ հեռախոսահամարն ու ֆաքսը, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն):»:

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Կուսակցության տարածքային ստորաբաժանման հաշվառման կամ հաշվառումից հանելու դեպքում ներկայացվում է համապատասխան դիմում եւ կուսակցության իրավասու մարմնի որոշումը տարածքային ստորաբաժանում ստեղծելու կամ դրա գործունեությունը դադարեցնելու մասին: Կուսակցության տարածքային ստորաբաժանման պետական հաշվառման, փոփոխությունների պետական հաշվառման, պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: