Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետեւյալ դրույքաչափով.
Մինչեւ 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 1500 դրամ |
100 001-ից մինչեւ 150 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 2000 դրամ |
150 001-ից մինչեւ 300 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 3000 դրամ |
300 001-ից մինչեւ 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 5000 դրամ |
500 001-ից մինչեւ 750 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 7500 դրամ |
750 001-ից մինչեւ 1 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 15000 դրամ |
1 500 001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում | 20000 դրամ |
2) 3-րդ եւ 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետեւյալ դրույքաչափով.
Մինչեւ 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 18 000 դրամ |
2 400 001-ից մինչեւ 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 24 000 դրամ |
6 000 001-ից մինչեւ 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 48 000 դրամ |
12 000 001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում | 120000 դրամ» |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2021թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին » ՀՀ օրենքում փոփոխությունների կատարումը առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքում 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով ընդունվել են 2 արտահերթ նիստերի կազմակերպման միջոցով եւ ԱԺ պատգամավորները, ելնելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորումներից, օբյեկտիվորեն զրկված են եղել իրենց առաջարկություններն իրացնելու իրավունքից:
Հաշվի առնելով ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասով հիմնադրամի առջեւ ծառացած մարտահրավերները հրատապ կարիք է առաջացել վերանայել մոտեցումները: Հասկանալի է, որ կորոնավիրուսի եւ պատերազմի սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարումից հետո այս մոտեցումները եւս կարող են փոփոխությունների ենթարկվել` անցնելով մասնագիտական տեսանկյունից ավելի ընդունելի միասնական վճարի գաղափարախոսությանը:
2.Առաջարկվող կարգավորուման բնույթը.
Օրենքի նախագծի առաջադրման պատճառ է հանդիսացել ինչպես քաղաքացիների կողմից հնչեցված դիտարկումները, այնպես էլ հեղինակների կողմից Ազգային Ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բարձրաձայնած խնդիրները` կապված բեռի անհավասարաչափ բաշխվածության հարցի հետ: Բացի այդ փորձ է կատարվել ցածր եւ միջին աշխատավարձ ստացող անձանց, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի համար առաջացող ֆինանասական բեռը մեղմել: Նշվածի համատեքստում կարեւոր է նաեւ նշել կուտակային կենսաթոշակի մասով ուժի մեջ մտած փոփոխությունները:
Ավելին, հեղինակների առաջարկությունը հենված է Ա/Ձ-ի բեռի որոշակի նվազեցման անհրաժեշտությունից, մասնավորապես, եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18000-180000դրամ, ապա առաջարկվող կարգավորմամբ այդ բեռը տարեկան լինելու է 18000-120000դրամ, ընդ որում,
էականորեն ընդլայնվում է տարեկան 18000 դրամ վճարողների շրջանակը: Սա հնարավորություն կտա նորաստեղծ ու դեռեւս քիչ շրջանառություն ունեցող եւ ըստ այդմ միկրոբիզնեսի ռեժիմում գործունեություն ծավալող սուբյեկտներին որոշակի «բարձիկ» ունենալ:
Ֆիզիկական անձանց համար եւս էական բարելավում է նախատեսվում: Մասնավորապես օրինակ 100 001-ից մինչեւ 150 000 դրամ անվանական աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 3000, այլ 2000 դրամ: 200000-300000 դրամ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 5500, այլ 3000 դրամ: Ամսական 500 դրամով կնվազի նաեւ 300001-500000 դրամ ստացողների վճարելիք գումարը:
Բացի այդ վերանում է նաեւ վճարվելիք գումարի անհամաչափությունը, որը այս նախագծով տատանվում է աշխատավարձի 1-2%-ի սահմաններում, այնինչ գործող տարբերակում այն տատանվում է 0.85-3%-ի սահմաններում, ընդ որում 3 կամ մոտ 3 տոկոս է կազմում հենց ցածր աշխատավարձ ստացողների համար:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել ցածր եւ միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների եւ անհատ ձեռնարկատերերի վրա ընկնող ֆինանսական բեռը` դրան զուգահեռ ավելացնելով 1.5 մլն. դրամից բարձր եկամուտներ ստացողների մասնակցության չափը:
ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են`
-նախագծի ընդունման հիմնավորումը,
-օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,
-տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունները:
Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պապոյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` (6) էջ:
Հարգանքով`
Գեւորգ Պապոյան /057/
Արտակ Մանուկյան /026/